ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆՆ ԻՐԵՆ ՀԱՐՄԱՐԱՎԵ՞Տ Է ԶԳՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մարտի 1-ն էր. հայոց նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկի հիշատակման օրը: 11 տարի անց մարտի 1-ի իրադարձությունները Հայաստանում նշվեցին պետական մակարդակով, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվեց երթ: Սակայն հետաքրքիր է փաստը, որ այսօր` թավշյա հեղափոխությունից հետո իշխանության կազմում նաեւ պաշտոնյաներ են, որոնք ժամանակին որոշակի իրենց դերակատարությունն են ունեցել մարտիմեկյան իրադարձություններին եւ այդ իրադարձությունները միջազգային հանրության մոտ նախկին իշխանություններին ձեռնտու սցենարով ներկայացնելուն:

Այս առումով ամենացցուն օրինակը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն է, որը 2008թ. իրադարձությունների ժամանակ զբաղեցնում էր ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը: Այդ ժամանակ` մարտի 1-ի դեպքերից հետո, ԵԽԽՎ-ն Հայաստանի հանդեպ չորս բանաձեւ ընդունեց: Եվ այդ ողջ ընթացքում Մնացականյանն ու ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը կռիվ էին տալիս ԵԽԽՎ-ում ապացուցելու համար, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, կան սովորական հանցագործներ՝ զանգվածային անկարգության կազմակերպիչներ: Եւ հիշում եք` մարտի 1-ի գործի շրջանակներում քաղբանտարկյալի կարգավիճակում էր նաեւ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի դեմ եւս Մնացականյանը քայլեր է արել:
Հաշվի առնելով այս հանգամանքը` «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳ նախարարություն` խնդրելով պատասխանել հետեւյալ երեք հարցերին.
«1 Հայտնի է, որ 2008-2011 թթ. ԵԽԽՎ-֊ում ՀՀ իշխանությունները պայքարում էին միասնական ընդդիմության դեմ` մասնավորապես քաղբանտարկյալներին ներկայացնելով որպես հանցագործ։ Առանձնահատուկ առաքելություն էր դրվսծ ԵԽ-֊ում մեր ներկայացուցչության վրա։ Հաշվի առնելով այդ հանգամանքը` որքա՞ն հարմարավետ է իրեն զգում ներկայիս ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը քաղաքական իր այսօրվա կարգավիճակում` հաշվի առնելով իր երկարամյա աշխատանքը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ, ապա ԵԽ-ում գործունեությունը՝ արդարացնելու նախկին իշխանությունների քայլերը:
2. Չի մտածում, արդյոք, Զ. Մնացականյանը, որ արժի իր գործունեության այդ հատվածների մասին պատմել հայ հասարակությանը, եւ հատկապես իրավապահ մարմիններին, որոնք այսօր կարիք ունեն պարզելու Մարտի 1-ի սպանդի բոլոր մանրամասները, այդ թվում Հայաստանի մասին ստահոդ տեղեկությունների տարածումը միջազգային հարթության վրա:
3. Խնդրում ենք ուղարկել 2008-2011թթ. ԵԽ-ում ՀՀ դեսպան Զ. Մնացականյանի ելույթները, եթե դրանք պահպանվել են»:
Եւ ահա` ԱԳՆ-ից մեր հարցմանը ներկայացվել է հետեւյալ պատասխանը, ավելի ճիշտ` ԱԳՆ-ն խուսափել է հարցերին ուղիղ պատասխան տալուց.
«Ի պատասխան ԱԳՆ ուղղված Ձեր` 19.02.2019թ. գրության՝ տեղեկացնում ենք, որ Ձեր նամակի առաջին եւ երկրորդ կետերով՝ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի, տեղեկատվության հարցում չի ներկայացվում:
Կապված Ձեր հարցման երրորդ կետի հետ` հայտնում ենք, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպումներն անց են կացվում դռնփակ, եւ դրանց բովանդակությունը հրապարակման ենթակա չէ, ինչը սահմանված է ինչպես ԵԽ կանոնադրությամբ (հոդված 21), այնպես էլ նախարարների կոմիտեի ընթացակարգային կանոններով (9.1.(c) հոդված)։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախարարների կոմիտեի հանդիպումների արձանագրություն ընդհանրապես չի կազմվում, եւ արձանագրվում են միայն նախարարների մակարդակով ամենամյա նիստերը, որտեղ տեղ գտած ՀՀ ԱԳ նախարարի ելույթները հրապարակվում են նաեւ ԱԳՆ պաշտոնական կայքում»,- ասված է ԱԳՆ-ից մեր հարցման պատասխանում։
Ընդամենն արձանագրենք. Զ. Մնացականյանն ամեն կերպ խուսափում է 2008թ. հայտնի օրերին իր գործունեության վերաբերյալ մեկնաբանություններ տալուց: Այդ մասին է վկայում մեր հարցմանը նախարարության ուղարկած պատասխանը, որտեղ պարզապես շրջանցել են կարեւոր հարցը` որքանո՞վ է հարմարավետ իրեն զգում ներկայիս ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր պաշտոնավարելիս` հաշվի առնելով նախկինում արած քայլերը: Մինչդեռ արժեր, որ նա, այնուամենայնիվ, այս հարցում անկեղծ գտնվեր: Գոնե մեկ անգամ:
Չնայած Մնացականյանի պահվածքի պատճառները դժվար չէ ենթադրել: Ի վերջո, ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելու հարցում նա պարտական է ոչ թե վարչապետ Փաշինյանին, այլ նախագահ Արմեն Սարգսյանին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մեկ պարզ պատճառով. Զոհրաբ Մնացականյանը 1993-1997թթ. եղել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության երկրորդ, ապա առաջին քարտուղարը: Այդ ժամանակ Բրիտանիայում ՀՀ դեսպանը Արմեն Սարգսյանն էր: Մնացականյանը 1997թ. եղել է ՀՀ վարչապետի օգնականը՝ Արմեն Սարգսյան վարչապետի օգնականը: Այսինքն` ստացվում է, որ նրա քաղաքական ուղին հարթել է հենց Արմեն Սարգսյանը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ԵՆ ԱՆԵԼՈՒ
Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները, ըստ էության, հիմք դարձան, որ մի շարք կուսակցություններ վերանայեն իրենց կանոնադրությունները, կուսակցությունների գաղափարախոսությունները, ի վերջո, վարչության կազմը։ Այս փոփոխություններին հատկապես գնում են արտախորհրդարանական ուժերը` փորձելով պատրաստվել նոր մարտահրավերների։ Օրերս «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Սուսաննա Մուրադյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կուսակցությունը համագումարի է մասնակցում։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մոտ ժամանակներս համագումարի է պատրաստվում նայեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը։ Համագումարի հիմնական օրակարգը լինելու է վարչության կազմի փոփոխությունը։ Մեր տեղեկություններով` կազմում անփոփոխ կմնան վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը եւ փոխնախագահ Անժելա Խաչատրյանը։ Չնայած, եթե անկեղծ, այս կուսակցության անդամների թիվն այնքան քիչ է, որ առանձնապես լուրջ փոփոխություններ սպասելն անիմաստ է:

 

 

ԿԱԹՎԱԾ Է ՍՏԱՑԵԼ
2018 թվականի hունիսի 13-ին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՊՆ-ում բացահայտվել են լուրջ չարաշահումներ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` ՀՀ ՊՆ-ում 2014-2017թթ.-ի ընթացքում գնումների եւ բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այս գործով հարցաքննվել էր նաեւ նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Այս բացահայտումից անցել է 8 ամիս , սակայն իրավապահ համակարգը լռում է: «Ժողովուրդ» օրաթերթին երեկ այս գործով որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես տարբեր ուղղություններով փորձաքննություններ են նշանակվել, սակայն փորձագետը կաթված է ստացել: Ու հիմա ստիպված են եղել գործում նոր փորձագետ ներգրավել: Մինչ նա էլ ծանոթանա գործի ընթացքին, տեւական ժամանակ կպահանջվի:

 

 

ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿՎԵՑԻՆ
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի երկու կին դատապարտյալ` Արմինե Մանուկյանը եւ Քրիստինե Ներսիսյանը, քրեակատարողական հիմնարկի կողմից տույժի են ենթարկվել: «Ժողովուրդ» օրաթերթին Մանուկյանը հայտնել էր, որ համաներման մասին օրենքը նաեւ իր վրա է տարածվում, սակայն մեկ այլ տեղ իր գործողությունների մասով դատաքննություն է ընթանում, ուստի իրեն ազատություն դեռ չեն շնորհել: Դատապարտյալին ասել են, որ նա չի կարող հայտնվել ազատության մեջ. դատավճիռների համակցությունների հարցն են առաջ քաշել: Արմինե Մանուկյանը հայտնել էր, որ իրեն Քրիստինե Ներսիսյանը, Անժելա Սահակյանը դատապարտյալների ներկայությամբ կացարանից հանել են եւ «ռազբորկայի» են կանչել: Եվ ահա` երեկ մեզ հայտնի դարձավ, որ այս արարքի համար նրանց ՔԿՀ ղեկավարությունը տույժի է ենթարկել:

 

 

ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ
«Երեկ նախագահ Տեր-Պետրոսյանը ենթարկվել է ատամնաշարի հետ կապված վիրահատական միջամտության: Այդ պատճառով Առաջին նախագահը չի կարող մասնակցել այսօր՝ Մարտի 1-ի ոճրագործության 11-րդ տարելիցին նախատեսված երթին»: Այդ մասին iLur.am-ի հարցմանն ի պատասխան` փոխանցեց Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը:

 

 

ԴՐԱԿԱՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Էնդրյու Շոֆերը, Ստեֆան Վիսկոնտին ամփոփել են փետրվարին տարածաշրջան կատարած այցը, որի շրջանակում առանձին հանդիպումներ են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, երկու երկրների արտգործնախարարների հետ: Համանախագահների տարածած հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպումների շրջանակում քննարկվել են մոտ ապագայում Փաշինյան-Ալիեւ հանդիպման նախապատրաստական աշխատանքները, այդ թվում` հանդիպման շրջանակում հավանական քննարկվելիք թեմաները: «Տարածաշրջանային այցի ժամանակ երկրների ղեկավարները համանախագահներին զեկուցել են հունվարին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում իրենց զրույցի մասին: Ղեկավարներն ու համանախագահները քննարկել են իրավիճակն ու հաջորդիվ քայլերի վերաբերյալ իրենց սպասումները: Համանախագահները դրական են գնահատել շփման գծում միջադեպերի շարունակական նվազումը: Ղեկավարներն ընդունել են համանախագահների` մոտ ապագայում նրանց հովանու ներքո հանդիպելու առաջարկը»,-նշված է հաղորդագրության մեջ:

 

 

ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ
ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկյան նախկին համանախագահ, ներկայումս ռուսաստանյան իրավաբանական ընկերության աշխատակից դեսպան Ջեյմս Ուորլիքի կարծիքով` ստեղծված նոր իրավիճակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր հնարավորություններ են բացվում: «Կարծես թե նախագահ Ալիեւն ընդունում է, որ նոր հնարավորություններ են բացվել: Հավատացած եմ, այս պայմաններում համանախագահներն աշխատում են երկու պետությունների ղեկավարների միջեւ պաշտոնական գագաթնաժողով կազմակերպելու ուղղությամբ»: Հիշեցնենք` ավելի վաղ Մինսկի Խմբում ԱՄՆ-ի նախկին այլ ներկայացուցիչ, պաշտոնաթող դեսպան Ռիչարդ Հոգլանդն ասել էր, որ Ռուսաստանում կան շրջանակներ, որոնք հետաքրքրված չեն ղարաբաղյան խնդրի լիարժեք կարգավորման մեջ, քանի որ դրա արդյունքում Կրեմլը կզրկվի Երեւանի եւ Բաքվի վրա ազդեցություն գործադրելու կարեւոր լծակից: Դեսպան Ջեյմս Ուորլիքի խոսքով` ժամանակի ընթացքում ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե սառչում է, այլ դառնում է ավելի վտանգավոր: Ուստի, անհրաժեշտ է այն կարգավորել եւ, իր իսկ խոսքերով, օր առաջ ազատվել երկրների ապագան մշուշում թողնող ամպերից:

 

 

ՆՈՐ ՀԱՄԱԶԳԵՍՏ
ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի քննարկմանն են ներկայացվել սպայական եւ ենթասպայական կազմի նոր տեսակի ամենօրյա եւ գրասենյակային համազգեստի նմուշները: Հարցը կքննարկվի ՊՆ ղեկավար կազմի հետ: ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ` համատեղ եւ վերջնական որոշումից հետո անձնակազմը փուլերով կապահովվի նոր համազգեստով:




Լրահոս