«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ առաջիկայում կարգապահական պատասխանատվության կենթարկվի հերթական դատավորը: Մասնավորապես ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության կենթարկի Մարտի 1-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրած դատավոր Արտուշ Գաբրիելյանին:
Ինչպես հայտնի է` 2018թ. դեկտեմբերի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարել էր Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի միջնորդությունը` առանց դատական նիստին մասնակից դարձնելու պաշտպանական կողմին: Փաստաբանը դիմել էր դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու եւ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու խնդրանքով: «Ավելին` այդ կեղծ ապացույցը ստեղծելու եւ քրեական գործի մեջ դնելու դեպքի առթիվ հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին Հատուկ քննչական ծառայություն»:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի հետ:
-Պարո՛ն Գաբրիելյան, Ձեզ հատուկ քննչական ծառայություն հրավիրե՞լ են հարցաքննության:
– Ո՛չ:
-Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը Ձեր դեմ ՀՔԾ հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին:
-Առայժմ չէ, չեն կանչել:
-Տեղեկություններ կան, որ Դուք ամեն ինչ արել եք մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի պաշտպանին դատարան կանչելու եւ իր պաշտպանյալի խափանման միջոցի հարցը քննելու, բայց նա այդպես էլ կապի դուրս չի եկել: Չնայած այս իրավիճակին դատական համակարգում այն կարծիքին են, որ Դուք խախտում եք թույլ տվել: Դուք Ձեր մեղքի բաժինը տեսնո՞ւմ եք կատարվածում:
-Ամեն ինչը, ոնց որ կարգն է, ես այդպես էլ արել եմ: Ձեզ ասեմ մեկ բան` իմ կայացրած որոշումը դեռեւս օրինական ուժի մեջ չի մտել եւ Վճռաբեկ դատարանում է, եթե Վճռաբեկ դատարանը որոշում կայացնի, նոր պարզ կլինի` ես խախտում կատարել եմ, թե չեմ կատարել:
-Պաշտպանական կողմը հայտնել է, որ Արտուշ Գաբրիելյանի դատարանի կազմի կողմից կազմվել է կեղծ փաստաթուղթ, թե իբր ինչ-որ հեռախոսահամարից ինձ զանգահարել են, ես չեմ պատասխանել տվյալ հեռախոսազանգին: Այդ կեղծ ապացույցը ստեղծելու եւ քրեական գործի մեջ դնելու դեպքի առթիվ հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին ի՞նչ կասեք:
-Եթե հաղորդում է ներկայացրել, թող քննություն կատարեն եւ այդ հարցերի պատասխանը ստանան:
-Այսինքն` Դուք վախենալու բան չունե՞ք:
-Ես երբ եմ վախեցել, որ հիմա էլ վախենամ:
-Իսկ որ Դուք առանց պաշտպանի Վահագն Հարությունյանի խափանման միջոցի հարց եք քննել, կարո՞ղ է` Ձեզ հրահանգել էին կամ զանգել, ասել էին, որ առանց պաշտպանի քննեք ու կալանքի որոշում կայացնեք:
-Ինձ որեւէ մեկը, ներքին կլինի, թե արտաքին կլինի, ինձ որեւէ մեկը իմ գործերով որեւէ բան չի կարող ասել, եւ ես թույլ էլ չեմ տա, որ որեւէ մեկը ասի որեւէ բան, ես ինչ անում եմ, անում եմ օրենքի սահմաններում:
-Փաստաբանը դիմել է նաեւ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողով, որ Ձեզ կարգապահական պատասխանատվության ենթարկեն, ենթարկե՞լ են արդեն, թե՞ ոչ:
-Տեղեկություն չունեմ, ամբողջ օրը նիստերի մեջ եմ, որոշում կստանամ, բայց դեռ չեմ ստացել, դատական օրենսգրքի մեջ փոփոխություն է եղել եւ պարտադիր չի կանչել դատավորին, եթե մենք մեր բացատրությունը ուղարկում ենք, իրենք կարող են մեզ էլ չկանչել եւ որոշում կայացնել:
-Այսինքն` Դուք Ձեր քայլի բացատրությունը հանձնաժողովին տվե՞լ եք:
-Այո՛, ուղարկել եմ:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԱՅՍՊԻՍԻ ԲԱՆԵՐ
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի շուրջ 8 աշխատակից հայտնվել են ամբաստանյալի աթոռին` կեղծիքներ կատարելու մեղադրանքով:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Էրեբունի» սպասարկման գրասենյակի պետ Յուրիկ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել, որ նույն գրասենյակի գլխավոր մասնագետ Արթուր Ենգիբարյանին համոզելու եղանակով դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունները: Վերջինս էլ կազմել է կեղծ առուվաճառքի պայմանագիր:
Արթուր Ենգիբարյանին մեղադրանք է առաջադրվել Յուրիկ Հայրապետյանի դրդմամբ իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար` առաջացնելով ծանր հետեւանքներ:
Այսքանով ամեն ինչ չի ավարտվում. նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել նաեւ տնտեսական մասի գործավար Էլեն Շահնազարյանին, որ նա 2015թ. ապրիլի 8-ից մինչեւ 2016թ. մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում Յուրիկ Հայրապետյանի դրդմամբ, խոչընդոտները վերացնելով, օժանդակել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Շենգավիթ» սպասարկման գրասենյակի գլխավոր մասնագետ Արթուր Ենգիբարյանի գործողություններին:
Էլեն Շահնազարյանից բացի` մեղադրյալի աթոռին է հայտնվել «Արաբկիր» սպասարկման գրասենյակի գլխավոր մասնագետ Լիլիթ Ղազարյանը, որ նա 2013թ. հուլիսի 1-ից մինչեւ 2016թ. ապրիլի 22-ն ընկած հատվածում, ընդառաջ գնալով «Արաբկիր» սպասարկման գրասենյակի առաջատար մասնագետի պաշտոնը զբաղեցնող Աստղիկ Հովհաննիսյանի խնդրանքին, վերջինիս դրդմամբ եւ Յուրիկ Հայրապետյանի ընկեր Մեսրոպ Դարբինյանի օժանդակությամբ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները` առաջացնելով ծանր հետեւանքներ:
Աստղիկ Հովհաննիսյանին եւս մեղադրանք է առաջադրվել պաշտոնատար անձ հանդիսացող Լիլիթ Ղազարյանին դրդել չարաշահել պաշտոնեական լիազորությունները, որն առաջացրել է ծանր հետեւանքներ:
Ջավահիր Ամիրբեկյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա լինելով «Կենտրոն» սպասարկման գրասենյակի գլխավոր մասնագետ, Յուրիկ Հայրապետյանի դրդմամբ աշխատակազմի տնտեսական մասի գործավար Էլեն Շահնազարյանի օժանդակությամբ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները` առաջացնելով ծանր հետեւանքներ:
Մեսրոպ Դարբինյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով Յուրիկ Հայրապետյանի ընկերը, ընդառաջ գնալով իր ընկեր Յուրիկ Հայրապետյանի խնդրանքին` վերջինիս դրդմամբ, խոչընդոտները վերացնելով, օժանդակել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Արաբկիր» սպասարկման գրասենյակի գլխավոր մասնագետ Լիլիթ Ղազարյանի գործողություններին:
Ուշագրավն այն է, որ կադաստրի աշխատակիցներից այս գործարքներին է խառնվել նաեւ պետի վարորդը: Նարեկ Թեւանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, երկար տարիներ լինելով Յուրիկ Հայրապետյանի վարորդը, ընդառաջ գնալով իր գործատուի` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակների համակարգման վարչության նախկին պետ Յուրիկ Հայրապետյանի խնդրանքին, վերջինիս դրդմամբ, խոչընդոտները վերացնելով` օժանդակել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Շենգավիթ» սպասարկման գրասենյակի գլխավոր մասնագետ Արթուր Ենգիբարյանի գործողություններին: Վերոնշյալ անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին: Ի դեպ, այս գործը քննելու է ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին` Դավիթ Բալայանը:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
30%-ՈՎ ԿԿՐՃԱՏՎԻ
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ առաջիկայում կառավարությունը խորհրդարանի դատին կներկայացնի տարածքային կառավարման մասին օրինագիծ, որի համաձայն` մարզպետարաններում աշխատակազմի կրճատումներ կլինեն: Պապիկյանը նշել է, որ յուրաքանչյուր մարզպետարանում աշխատակազմը մինչեւ 30 տոկոսի չափով կկրճատվի: «Օրինակ` Արագածոտնի մարզում կարող է լինել 28 տոկոսով կրճատում, այսինքն` 121 աշխատակցից կրճատումների արդյունքում կարող է մնալ 87-ը»,-ասել նախարարը: Դիտարկմանը, թե հիմա էլ քննադատություններ կան, որ ներկա պաշտոնյաներն էլ իրենց ծանոթներին են նշանակում, Պապիկյանն արձագանքել է, որ ինքը իր որեւէ ծանոթի չի նշանակել որեւէ պաշտոնի, եւ եթե այդ խոսակցություններն ունեն ապացույցներ, թող ցույց տան: Ինչ վերաբերում է մարզպետների տեղակալների թվին` Պապիկյանն ասել է, որ նախկինում բոլոր մարզպետարաններում մարզպետն ունեցել է 3 տեղակալ, իսկ վերջին շրջանի փոփոխություններից հետո չեն վերանշանակվել նոր փոխմարզպետներ:
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը նշելու համար ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով եւ հաստատել դրա անհատական կազմը: Հանձնաժողովը ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանը: Հանձնաժողովի կազմում են նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը:
ՎԱՐՈՒՅԹ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում վարույթ է հարուցվել քաղաքապետարանի կողմից պարգեւավճարների մասին տեղեկատվությունը գաղտնագրելու հարցով: Ըստ անձնական տվյալների պաշտպանության գործակալության` որոշում դեռ չի կայացվել: Այն նախապատրաստման փուլում է եւ շուտով կհրապարակվի: Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը դիմել էր Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն քաղաքապետարանի կողմից պարգեւավճարների մասին տեղեկատվությունը գաղտնագրելու հարցով վարույթ հարուցելու խնդրանքով: