ԲՀԿ-ում անհանգիստ վիճակ է. ինչ է կատարվում Վահե Էնֆիաջյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում «արշալույսները խաղաղ» չեն: Բանն այն է, որ ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը Ազգային Ժողովի փոխնախագահ ընտրվելուց հետո շատ կտրուկ փոխվել է խմբակցության անդամների նկատմամբ: Մեր տեղեկությունների համաձայն` այժմ Վ. Էնֆիաջյանի հետ շփումն անգամ իր խմբակցության պատգամավորների հետ շատ է դժվարացել, քանի որ նա շատ քմահաճորեն է ընդունում այն մարդկանց, որոնք ցանկանում են իր հետ ինչ-որ հարցերի շուրջ քննարկում ունենալ:

Պատգամավորները խմբակցությունում ակնհայտորեն ցույց են տվել, որ Վ. Էնֆիաջյանը վերջին ժամանակահատվածում իրեն շատ վատ է դրսեւորում: Խմբակցությունում գրեթե բոլոր պատգամավորների վերջին շրջանում քննարկման թեման Էնֆիաջյանի վարքն է: Պարզվում է, որ Էնֆիաջյանը խմբակցություն է «ներկայանում» այն ժամանակ, երբ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է այնտեղ լինում: Վերջինիս դիմավորում ու ճանապարհում է, այդքանով խմբակցության անդամների հետ իր շփումն համարում է ավարտված:

Նշվում է նաեւ, որ Վահե Էնֆիաջյանն իր ամենամտերիմ ընկերների հետ, ում հետ երկար ճանապարհ է անցել, շատ դժկամորեն է շփվում, անգամ իրեն անունով դիմելու համար ցույց է տվել, որ «վիրավորվում» է, ու պետք է իրեն դիմեն միայն ազգանունով: Ըստ տեղեկությունների` Վահե Էնֆիաջյանը խմբակցությունում ցույց է տվել, թե իր աշխատանքը շատ ծանրաբեռնված է, ու ինքը ժամանակ չունի լրատվամիջոցների հետ շփվելու, ուստի պետք է նաեւ իրեն զերծ պահեն այդ գործառույթից:
Արդեն երկար ժամանակ էր` «Ժողովուրդ» օրաթերթին չէր հաջողվում այս հարցերի շուրջ զրուցել Վահե Էնֆիաջյանի հետ, իսկ երեկ էլ խորհրդարանում վերջինս շատ ագրեսիվ արձագանքեց, երբ փորձեցինք զրուցել նրա հետ: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ճանապարհելուց հետո Էնֆիաջյանը հայտարարեց, որ շատ զբաղված է ու մեր հարցերին չի կարող պատասխանել: Այնուհետեւ ասաց, թե շատ կարճ կպատասախանի մեր հարցերին:

-Պարո՛ն Էնֆիաջյան, մեր տեղեկությունների համաձայն` Դուք ԱԺ փոխնախագահ ընտրվելուց հետո շատ եք փոխվել, որեւէ կերպ չեք շփվում Ձեր խմբակցության պատգամավորների հետ, չեք ցանկանում իրենց հետ որեւէ առնչություն ունենալ, Ձեզ հետ հանդիպելու համար էլ պետք է հերթագրվել: Ինչո՞ւ:

-Ավելի անհեթեթ բան ես երբեւիցէ չեմ լսել. բոլոր իմ գործընկերների հետ շփման մեջ եմ: Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ չկամներին, չուզողներին ու այս թեզը փորձող տարածողներին էլ ի լուր նաեւ ասեմ, որ չգիտեմ, թե որտեղից են այս անհեթեթությունները որոշել, փորձել կպցնել ինձ, որովհետեւ դա իրականության հետ որեւէ աղերս չունի: Իմ ընկերների, իմ գործընկերների հետ մենք կապի մեջ ենք, ընդ որում` նաեւ կապի մեջ ենք հանգստյան օրերին եւս: Հանդիպումներ լինում են ոչ միայն աշխատանքային, այլ նաեւ ոչ աշխատանքային ֆորմատով:

-Կարգավիճակի փոփոխությամբ պայմանավորված` Դուք ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների հետ Ձեր հանդիպումները «զրոյացրել» եք:

-Մենք միշտ էլ կապի մեջ ենք, մենք հեռախոսով էլ կապի մեջ ենք, մենք աշխատանքային քննարկման մեջ ենք: Որպես փաստ էլ ասեմ, որ երբեք` ոչ մի անգամ, ոչ մի օրինակ չկա, որ ես իմ գործընկերների հետ ընդունելության ֆորմատով շփվեմ, նման դեպք չի արձանագրվել թե՛ որպես խմբակցության քարտուղար լինելու ժամանակ, թե՛ որպես Ազգային Ժողովի փոխնախագահ լինելու ժամանակահատվածում, եւ չի կարող լինել: Ո՛չ նախկինում, ո՛չ ներկայում, ո՛չ էլ ապագայում նման բան լինել չի կարող:

-Նշվում է նաեւ, որ Դուք արգելել եք Ձեր մետերիմներին Ձեզ անունով դիմել, քանի որ վիրավորվում եք, այդ հարցում տարաձայնություններ ունեք խմբակցությունում:

-Մեծ սուտ է` իմ անձի հետ կապված: Խմբակցությունը, ԱԺ փոխնախագահը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որը ամբողջ խմբակցության անունից եմ ներկայացրել, երբ դա ամենակարեւորագույն հարցն է: Ես կրկնում եմ, որ դրանք ոչ իրական տեղեկություններ են. ո՛չ նախկինում, ո՛չ ներկայում եւ ո՛չ էլ ապագայում իմ չուզողները թող իմանամ, որ նման բան չի կարող լինել: Ես շատ լավ գիտեմ իմ կարգավիճակը, իմ աշխատանքը, ես շատ լավ գիտեմ իմ գործառույթները: Ես չեմ ուզում նորից կրկնեմ այն, ինչ ասել եմ, բայց իրական են այն տեղեկությունները, ինչ ասեցի:

Հ.Գ. ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն իր գործելաոճն ու խոսելաոճն իսկապես փոխել է վերջին ժամանակահատվածում, քանի որ եթե նախկինում Էնֆիաջյանը շատ բարյացկամ պատասխանում էր լրագրողների հարցերին, «նազ ու տուզ» չէր անում հարցազրույցներ տալու համար, ապա երեկ մեզ հետ եւս խոսեց շատ ագրեսիվ, շատ կոպիտ տոնով: Ու հարցազրույց տալիս էլ հայտարարեց, թե շատ կարճ է խոսելու, ժամանակ չունի: Հուսանք` Վահե Էնֆիաջյանը կվերանայի իր գործելաոճը, քանի որ նման աշխատանքային ոճով շատ երկար «չի ձգի»:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս