Ինչպես է կառավարությունն արհամարհում նամակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` կառավարությունն ու պետական մի շարք գերատեսչություններ, վերջին ժամանակահատվածում իրենց աշխատանքը համարելով շատ կարեւոր, որոշել են անարձագանք թողնել պատգամավորների, ժողովրդի ու, ընդհանրապես, իրենց այլ պետական կառույցներից ուղարկված նամակները:

Անհասկանալի է, թե ինչու են կառավարությունում կամ նախարարություններում համարում, որ իրենց լեգիտիմությունը կարող է իրավունք տալ արհամարհական վերաբերմունք դրսեւորել:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը եւս նամակներ է ուղարկել կառավարությանը, սակայն ամիսներ շարունակ դրանցից պատասխան չի ստացել: «Երբ ներկայացվում էր կառավարության զեկույցը, որը ներկայացում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ես նրան այդ մասին ասացի ու կարծում էի, որ դա զգոնության ազդակ կարող է լինել, կոչ կլինի, որ ուղարկված նամակներին պետք է պատասխանել:

Բայց դա տեղի չունեցավ, ու ես այժմ էլ սպասում եմ նամակների պատասխաններին, որոնց տեղեկատվությունը, այսպես ասեմ, նույնիսկ հնանում է, ու խնդիր է դառնում: Ես նամակներ գրել եմ փետրվարին ու մինչեւ հիմա սպասում եմ պատասխանին»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Ըստ Անի Սամսոնյանի` ինքը դեռեւս չի ցանկանում «սեւ ցուցակում» ներառել իրեն չպատասխանած գերատեսչություններին` կարծելով, որ իր նամակներին դեռեւս կպատասխանեն: «Եթե չպատասխանեն, դա խնդիր է, ու դա նաեւ ի չիք է դարձնում բոլոր այն հայտարարությունները, թե մենք կառավարության աշխատանքը դարձնում ենք ավելի արդյունավետ: Չի կարող լինել որեւէ աշխատանք, չի կարող լինել որեւէ գործ, որը ավելի կարեւոր կլինի, քան պատգամավորի նամակին պատասխանելը, որովհետեւ մենք խորհրդարանական երկիր ենք, խորհրդարանականները գործադիրի վերահսկողներն են, եւ իրենք պարտավոր են առաջինը մեր նամակներին պատասխանել:

Այսինքն` այս անփութություն ասեմ, արհամարանք ասեմ, անտարբերություն ասեմ, սա մեծապես խոչընդոտում է նաեւ մեր պատգամավորական աշխատանքին»,-եզրափակես Սամսոնյանը:

Ըստ մեր տեղեկությունների` նույն ճակատագրին են արժանանում նաեւ ՀՀ քաղաքացիների կողմից ուղարկվող նամակները: Վերջիններս էլ նամակի պատասխանին երկար սպասելուց հետո ստիպված են լինում փողոց դուրս գալ` բողոքի ակցիա անելով. երեկ վարդաբլուրցիները ԱԺ-ի դիմաց բողոքում էին իրենց նամակներին չարձագանքելու համար:

Նյութը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս