«Դաշնակցությունն» ընդդեմ Փաշինյանի. ինչ քայլերի է դիմում ՀՅԴ-ն խորհրդարան չանցնելու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ հեղափոխական դաշնակցությունը, որ ԱԺ արտահերթ ընտրություններում ձախողվելուց հետո մի պահ լռում էր, վերջին շրջանում նկատելիորն ակտիվացել է: ՀՅԴ-ն ապրիլի 26-29-ը Գերագույն ժողով անցկացրեց: Երեկ էլ Արցախի Հանրապետությունում մեկնարկեց «Դաշնակցության» կազմակերպած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը, իրենց խոսքերով՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու օրակարգով։

Հատկանշական էր երեկվա ֆորումի մասնակիցների ցանկը. ՀՅԴ կազմակերպած միջոցառմանը մասնակցում էր խորհրդարանական ընդդիմությունը՝ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն: Ընդ որում` ԼՀԿ-ի հետ վերջերս ՀՅԴ-ն բավական մտերմացել է. վերջին շրջանում ակտիվ համագործակցության պրոցես է սկսել:

Ուշագրավ է նաեւ այն, որ միջոցառմանը ակտիվորեն մասնակցել է «քոչարյանական թեւը», դեռ ավելին՝ նրանք ելույթներ են ունեցել: Այս շարքում պատահական չէր Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի մասնակցությունը ՀԴՅ կազմակերպած ֆորումին: Այնտեղ էին ՀՀԿ-ականները, նաեւ ԱԺ ընտրություններում ՀՀԿ ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանը: Մասնակցում էր նաեւ Աղվան Վարդանյանը, որին ՀՅԴ-ն հեռացրել էր իր շարքերից` հակառակ կուսակցության որոշմանը` կողմ քվեարկելու Նիկոլ Փաշինյանին, եւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Այնտեղ էին գործիչներ, որոնք, մեղմ ասած, արմատապես դեմ են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը` չզլանալով իշխանությունների հասցեին իրենց քննադատություններում, հրապարակային արտահայտություններում պարզապես խեղաթյուրել փաստերն ու տարատեսակ մանիպուլյացիաների դիմել:

Երեկվա ֆորումի ժամանակ պատահական չէին ՀՅԴ գործիչ, կուսակցության դեռեւս դե ֆակտո ղեկավար Հրանտ Մարգարյանի խոսքերը. «Վերջերս երկրի թիվ մեկ եւ թիվ երկու դեմքերի կողմից ասվել է, որ եթե շատ եք ուզում պատերազմ, ապա ամեն ընտանիք պետք է պատրաստ լինի զոհ տալ: 5000 ընտանիք զոհ է տվել: Իսկ եթե չտայինք, կյանքից ավելի թանկ բան էինք կորցնելու` հայրենիքը, մեր սերունդների իրավունքն էինք կորցնելու: Ուրեմն չպետք է այդպես վախեցնել մեր ժողովրդին, թե զոհ եք տալու: Դա ապազգային ու ապապետական երեւույթ է: Մինչ այդ պատերազմ մեկնողները գիտակցել են, որ զոհվելու են, բայց առավել թանկ բան են պաշտպանելու: Ուստի պետություն ղեկավարողները պետք է հասկանան, որ հայրենիքն ամեն ինչից կարեւոր է` ժողովրդավարությունից է՛լ, սեփական կյանքից ու հարստությունից է՛լ է կարեւոր»,-ասել է Մարգարյանը:

ՀՅԴ հրապարակային ակտիվությունը, իհարկե, միանգամայն սպասելի է: Ներկայացված չլինելով խորհրդարանում` այս կուսակցությունը փորձում է իշխանությունների դեմ պայքարում միջոցների ու մեթոդների հարցում խտրականություն չդնել: Իհարկե, առայժմ նրանք գործում են օրինական դաշտում, սակայն, բացառված չեն եւ վայրիվերումները:

Այս ընթացքում շատ խոսվեց, որ ՀՅԴ-ն ակնարկներով իշխանություններին մեղադրում է սահմանադրական կարգը տապալելու համար, եւ Արմեն Ռուստամյանը չէր բացառել այդ ուղղությամբ գործընթաց սկսելու հավանականությունը:

Բացի այդ, պարզվում է, ՀՅԴ-ն ակտիվ է կուլիսներում, իշխանության կազմում դեռեւս պաշտոնավարող իրենց կադրերի միջոցով փորձում են սաբոտաժի ենթարկել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանության կազմում «Դաշնակցությունից» մնացած կադրերը փորձում են ներսում իրավիճակ փոխել: Ակտիվ են հատկապես այն կառույցները, որոնք տարիներ շարունակ եղել են «Դաշնակցության» տիրապետության տակ: Օրինակ, Բնապահպանության, Էկոնոմիկայի, Գյուղատնտեսության, Քաղաքաշինության, Կրթության եւ գիտության, Սոցապ նախարարություններում ՀՅԴ-ի ժամանակներից աշխատանքի տեղավորված որոշ աշխատակիցներ ակտիվորեն աշխատում են նույն իշխանության դեմ: Ըստ մեզ հասած լուրերի` կուսակցությունը այս գործում համախոհներ է հավաքում:

Պատահական չէ, որ «աներեւույթ ձեռքով» պարբերաբար շրջանառության մեջ են դրվում տարբեր թեմաներ՝ կապված Արցախյան խնդրում, իբր, հայկական կողմի ոչ հստակ դիրքորոշումների հետ, իշխանությունների պարտվողական քաղաքականության հետ, պատերազմին, իբր, պատրաստ չլինելու հետ, տնտեսական իրավիճակի վատթարացման հետ, ԼԳԲՏ համայնքի ակտիվության հետ, եւ այսպես շարունակ:

Ըստ մեզ հասած շշուկների` ՀՅԴ-ն իշխանությունների դեմ փորձել է ապավինել Հայ Առաքելական Եկեղեցու օգնությանը, սակայն, մեր տեղեկություններով, եկեղեցին դեռ տուրք չի տվել քաղաքական խարդավանքներին: Սա էլ պատահական արված քայլ չէ, քանի որ գաղտնիք չէ, որ պետություն-եկեղեցի հարաբերությունները թավշյա հեղափոխությունից հետո բավականին լարված են: Դրա մասին վկայեց նաեւ աշխատանքային խմբի առաջին ժողովը, որտեղ վարչապետ Փաշինյանը հայտարարեց եկեղեցին հարկային դաշտ բերելու պետության մտադրության մասին:

Ինչեւէ, ՀՅԴ-ն, ներկայացված չլինելով խորհրդարանում, հիմա փորձում է դիմել պայքարի, մեղմ ասած, անընդունելի մեթոդների` չխորշելով այս խաղում ներքաշել ե՛ւ Արցախը, ե՛ւ Եկեղեցին, ցանկացածի, միայն թե իշխանություններին դեմ ինչ-որ քայլ անի:

Արման Գալոյան




Լրահոս