ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտի գյուղապետարանի աշխատանքները տեւական ժամանակ է` պարալիզացված են: Բանն այն է` Եղեգնուտ համայնքի ավագանու անդամները նախորդ տարվա օգոստոսից չեն մասնակցում ավագանու նիստերին: Այսինքն` անցած տարվա օգոստոսից մինչեւ հիմա ավագանու նիստեր չեն կայացել:
Նշենք, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ավագանու թվով 7 անդամները ընտրվել են 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ավագանու անդամների ընտրության արդյունքում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը եղեգնուտի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման նախագիծը առաջիկայում կներկայացնի կառավարությանը: Մեզ հայտնի դարձավ, որ ավագանու անդամների արտահերթ ընտրություն կանցկացվի այս տարվա սեպտեմբերի 29-ին:
Հիշեցնենք` Եղեգնուտի գյուղապետ ՀՀԿ-ական Ռազմիկ Մարգարյանը նախորդ տարվա օգոստոսին լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում էր ներկայացրել մարզպետարան: Իսկ մինչ այդ համայնքի ավագանին, որի 7 անդամներից մեկն էլ, ի դեպ, իր հարազատ եղբայրն է, չէր հաստատել հրաժարականի դիմումը: Նա համայնքապետի պաշտոնը զբաղեցնում էր 27 տարի: Նրա հրաժարականը պահանջում էին համայնքի բնակիչները` դժգհելով աշխատանքից:
Այժմ Եղեգնուտի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարը Ռազմիկ Մկրտչյանն է:
Սյունէ Համբարձումյան