Ահազանգ. Սևանա լճի մաքրման աշխատանքները` օրհասական խնդիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ափամերձ հատվածներում անտառային տարածքները ծառարմատներից, կոճղերից մաքրելու նպատակով յուրաքանչյուր տարի կառավարությունը գումար է հատկացնում: Այս տարի այդ նպատակով նախատեսվել է ծախսել 117 մլն 62 հազար դրամ:

Նշենք, որ եթե անտառը մնա ջրի տակ, ապա լիճ կլցվի մեծ քանակությամբ ազոտ եւ ֆոսֆոր, iսկ դա կարող է կործանարար լինել ոչ միայն ջրի, այլեւ ձկնատեսակների համար: Երեկ ՀՀ ազգային ժողովում Սեւանա լճի ափամերձ տարածքների մաքրման խնդրի մասին ահազանգեց նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նրա խոսքերով` Հայաստանում գտնվող միակ քաղցրահամ ջրի մեծ պաշարն ունի հեղափոխական վերաբերմունքի կարիք, սակայն դեռեւս տեսանելի չեն այն քայլերը, որն ակնկալում է հասարակությունը նոր Հայաստանում: «Ջուրն ամենաթանկ բնական ռեսուրսն է, որը մենք, ըստ էության, չենք գնահատում եւ մեր ջրային պաշարների հետ վարվում ենք, ինչպես նախորդ տարի օգոստոսին ասաց Հայաստանի վարչապետը, ինչպես խաղալիք կամ ջրի տարա: Սեւանի մաքրության աշխատանքը պետք է սկսենք հենց ափամերձ տարածքներից»,- կոչ արեց պատգամավորը: Նա իր ելույթի ժամանակ հիշեց, որ Սեւանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներին հետեւողական է եղել դեռ լրագրության տարիներից:

«Ամենամյա վերահսկողական, լրագրողական հետաքննության նյութերով փորձել եմ խնդիրը վերջնական կարգավորման տանել կամ հասնել, բայց չի ստացվել, քանի որ պատասխանատուները պարզապես չեն ցանկացել կամ չունեին մաքուր Սեւան ունենալու տեսլական: Եւ պատասխանատուներից մեկը հետախուզման մեջ է: Շարունակելով իմ հետեւողական աշխատանքը` անցած ամիս ԱԺ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ բնապահպանության նախարարից հետաքրքրվեցի` Սեւանի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները երբվանից եւ որ հատվածներում են իրականացվում:

Նախարարը հավաստիացրեց, որ որոշ հատվածներում սկսվել են այդ աշխատաքները եւ որոշ հատվածներում էլ բնակիչների ներգրավվածությամբ պիտի խնդիրը կարգավորվի: Այսինքն` բնակիչները պետք է վերցնեն ծառերը արմատախիլ անեն, տանեն օգտագործեն, որպեսզի կոճղերը որեւէ դեպքում չմնան լճի ափամերձ տարածքներում եւ դառնան վտանգավոր նյութերի արտանետման աղբյուր: Անցած շաբաթ ես շրջել եմ Սեւանա լճի ափամերձ տարածքներով, սակայն, ցավոք, չհանդիպեցի մաքրման աշխատանքների, եւ ոչ էլ նկատելի էին մարքված տարածքներ: Ու քանի որ նախորդ տարի ընդհանրապես մաքրման աշխատանք չի իրականացվել այս տարի հսկայական ծավալով մաքրման աշխատանք պետք է արվի, եւ մի քիչ դժվարանում եմ պատկերացնել, թե 117 մլն դրամը ինչպես է բավականացնելու այդ հսկայածավալ աշխատանքերին: Բայց Սեւանա լճի մաքրությունը, հատկապես զբոսաշրջային սեզոնին ընդառաջ, պետք է լինի մեր ամենօրյա հսկողության առարկան»,- հայտարարեց Թագուհի Թովմասյանը:

Պարզվում է՝ բնապահպանության նախարարն անտեղյակ է, քանի որ նախարարության գնումների բաժնի պետ Ռոման Չոբանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ Սեւանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները դեռ սկսված չեն: Մաքրման աշխատանքների մասով նույնիսկ դեռեւս մրցույթ չկա հայտարարված: Նա հույս հայտնեց, որ մաքրման աշխատանքների համար նախատեսված մրցույթը հավանաբար կհայտարարվի այս ամսվա վերջին:

«Հիմա նախագծանախահաշվային փաստաթղթերը, քարտեզագրման նյութերն ենք կազմում` տեղանքները որոշելու համար, ուղղակի եղանակները մի փոքր անբարենպաստ էին: Հիմա նոր տեխնոլոգիաներով, թռչող անօդաչու սարքավորումներով ենք նկարահանումներ անում, տվյալներն ավելի հստակ լինեն ավելի ճշգրիտ ինֆորմացիա ունենալու համար»,- բացատրեց Չոբանյանը: Նախարարության ներկայացուցիչը հույս հայտնեց, որ գործնական աշխատանքները (խոսքը մաքրման մասին է- Ս.Հ.) կմեկնարկեն հուլիս ամսին, եթե մրցույթի ընթացքում այլ խոչընդոտներ չլինեն, եւ այն հարթ անցնի:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարի Սեւանա լճի ափամերձ տարածքներն այդպես էլ չեն մաքրվել (այս մասին հայտարարեց նաեւ պատգամավորը): Ըստ Չոբանյանի` նախորդ տարի մրցույթ է հայտարարվել, հաղթող մասնակցի հետ կնքվել է պայամանգիր, ապա չեղարկվել է, որովհետեւ պատասխանատու ստորաբաժանման կողմից զեկուցագիր է ստացվել այն մասին, որ տարածքներ կան, որոնք նախորդ տարիների մաքրման հետ համընկնում են, եւ ստուգման կարիք ունի: «Դրա համար էլ մենք ռիսկի չենք գնացել, պայմանագիրը լուծել ենք, որպեսզի այդ հարցը կարգավորենք, ստուգենք` կա արդյոք նման խնդիր, թե ոչ: Նախորդ տարի չմաքրվեց. նախատեսված էր գումար, բայց չի ծախսվել»,- նկատեց Ռոման Չոբանյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարի չի շահագործվել անգամ դեռեւս 2010 թվականին 600 հազար եվրո արժողությամբ գնված «Ուոթերմասթեր կլասիկ III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը, որը պետք է Սեւանա լիճը մաքրեր ջրի տակ մնացած ծառերից, թփերից ու արմատներից:

«Այն վարձակալությամբ տրամադրվում է կապալառուին, որը շահագործում է, բայց վարձակալության գումարի դիմաց տարածք է մաքրում: Անցած տարի մեքենան չի շահագործվել, որովհետեւ կապալառու չենք ունեցել: Տարածք մաքրելու դիմաց է տրվում կապալառուին, դա կազմում է տարեկան 5 հեկտարի չափ, մոտ 6.5-7 մլն դրամի սահմաններում է»,- փոխանցեց Չոբանյանը:

Հուսանք` այսուհետ նախարարը դեռ չսկսված գործը չի ներկայացնի որպես ընթացքի մեջ գտնվող:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս