Մեզ հասած տեղեկությունների համաձայն` օրերս ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը որոշման նախագիծ է ուղարկել դատավորներին, թե ստացվելիք հավելավճարներից 4 տոկոսը պատրաստում են պահել` փոխանցելով դեպարտամենտի հաշվին, հետագայում դատական համակարգի լավագույններին խրախուսելու նպատակով: Սակայն այս գրությունը դատավորներին դուր չի եկել, եւ վերջիններս բողոքել են, որ կառավարությունը գումարը իրենց է փոխանցում, ինչու պետք է դրանից պահումներ արվեն:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջին դժգոհության ալիքը սկսել է ՀՀ վճռաբեկ դատարանից, որից հետո շղթան ծավալվել է: Բոլոր դատավորներն էլ աղմուկ են բարձրացրել: Գագիկ Հարությունյանը, տեսնելով, որ բունտ է հասունանում, որոշել է հետ կանգնել այդ մտքից` ասելով, թե ինքը տեղյակ չի եղել, եւ դեպարտամենտի աշխատակիցներից մեկն է նման որոշման նախագիծ ներկայացրել, եւ ինքը նրան կպատժի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել դատական դեպարտամենտից, որտեղից հորդորեցին նայել դատական դեպարտամենտի ապրիլի 22-ի հաղորդագրությունը, որտեղ նշվում է, որ կայացել է ԲԴԽ-ի նիստ, որի օրակարգային հարցերի թվում ԲԴԽ-ն անդրադարձել է պետական բյուջեով նախատեսված պարգեւատրումների, դրամական խրախուսանքների եւ հատուկ վճարների հատկացման խնդրին: «Խորհուրդը գտավ, որ նշված վճարների հաշվարկման հիմքում անհրաժեշտ է դնել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով եւ ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշմամբ Բարձրագույն դատական խորհրդի եւ դատարանների համար առանձին տողով նախատեսված պարգեւատրումների, դրամական խրախուսանքների եւ հատուկ վճարների ֆոնդերի եւ յուրաքանչյուր աշխատակցի փաստացի աշխատավարձի հարաբերակցությունը»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ըստ էության, այս նիստից հետո էլ դատավորների շրջանում հասունացել է դժգոհությունների ալիքը: