Երեկ Reuters գործակալությունը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը: «Մարտի 1»-ի գործի շրջանակներում ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Քոչարյանը գործակալությանն ասել է, որ այս շրջանում ընդդիմադիր խմբակցությունները համախմբվում են եւ առաջիկայում կարող են մարտահրավեր նետել նոր ղեկավարությանը: Ընդ որում, նա հայտարարել է, որ մտադիր է միանալ նոր իշխանությունների դեմ պայքարին:
Քոչարյանը նաեւ ասել է, որ Հայաստանում ի հայտ են գալիս նոր ընդդիմադիր կուսակցություններ: «Այս գործընթացը, անկասկած, կհանգեցնի նոր հզոր քաղաքական ուժի ստեղծմանը, որն ունակ կլինի շատ արագ մարտահրավեր նետել նոր իշխանություններին»,- ասել է նա:
Առհասարակ, վերջին շրջանում ՀՀ երկրորդ նախագահի շուրջ իրադարձություններն ակտիվացել են, եւ դրան անդրադարձել էինք նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի նախորդ համարում: Եվ խոսքը, օրինակ, Արցախում մեկնարկած ՀՅԴ-ի կազմակերպած ֆորումի մասին է, որին մասնակցել էին նաեւ երկրորդ նախագահի մերձավոր շրջանակի ներկայացուցիչները: Եվ, բացի այդ, նրա վերաբերյալ միջնորդություն էին ներկայացրել նաեւ Արցախի ներկա եւ նախկին նախագահները, որին երեկ էլ շատ խիստ արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ըստ էության վերջիններիս մեղադրելով, որ նույնը չեն արել, օրինակ, Մանվել Գրիգորյանի հանդեպ, որն Արցախի հերոս է:
Երեկ` տարեկան ասուլիսի ժամանակ, լրագրողները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում Քոչարյանի այս հայտարարությանը եւ ընդդիմադիր ճակատ ստեղծելու վերաբերյալ նրա հայտարարություններին: Այդ առնչությամբ վարչապետը նշեց. «Նախկին իշխանության ոչ մի ներկայացուցիչ ՀՀ–ում այլեւս երբեք իշխանություն չի լինելու։ ՀՀԿ-ն համարում եմ, որ փակված է, կասեցված ժողովրդի կողմից: ՀՅԴ-ն ավանդական կուսակցություն է, ես հարգանքով եմ վերաբերվում «Դաշնակցությանը»», – նշեց նա եւ հայտարարել, որ ում հետ ուզում է, կարող է միավորվել:
Իսկ ի՞նչ կուսակցությունների եւ միավորումների մասին է խոսքը: Ըստ էության, այստեղ անակնկալներ չենք կարող սպասել, քանի որ խոսքը այն կուսակցությունների ու գործիչների մասին է, որոնք մշտապես էլ համագործակցել են Ռոբերտ Քոչարյանի հետ` թե՛ նրա իշխանության տարիներին, թե՛ կալանավորումից հետո` նրան համարելով քաղբանտարկյալ: Եվ Ռոբերտ Քոչարյանը մինչեւ կալանավորվելն արդեն իսկ հանդիպումներ ունեցել էր այդ անձանց հետ, իսկ կալանավորումից հետո այդ առաքելությամբ զբաղվում են նրա ներկայացուցիչները, եւ այդ գործընթացը չի դադարում:
Եվ Ռոբերտ Քոչարյանը ոչ մեկ անգամ է հայտարարել, որ կարող է դառնալ ընդդիմադիր կենտրոններից եւ բեւեռներից մեկը: Քոչարյանի եւ նրա ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումների շրջանակը, սակայն, այնքան էլ լայն չեն` հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, նախկին պաշտոնյաներ, մարդ-կուսակցություններ, այսինքն` նախկինում նրան սատարած մարդիկ: Խոսքը հանրությանը հայտնի անունների մասին է, այդ թվում` «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի, «Համաձայնություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի, այժմ նաեւ «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանից պարզել, թե արդյոք պատկերացնում է համախմբվածություն հենց Ռոբերտ Քոչարյանի շուրջ եւ ընդդեմ նոր իշխանությունների: Վերջինս մեզ հետ զրույցում ընդգծեց, որ գտնվում է Արցախում եւ չի հասցրել ծանոթանալ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, սակայն հայտարարեց, որ ընդդեմ միավորման որեւէ մեկի չի կարող լինել, եւ ընդդիմությունները միավորվելու են ոչ թե ընդդեմ իշխանություններրի, այլ հանուն Հայաստանի եւ Արցախի, եւ այդպիսի միավորում Իսագուլյանը չբացառեց:
Դիտարկմանը` հնարավոր համարում եք այդպիսի միավորում հենց երկրորդ նախագահի շուրջ, Իսագուլյանը նշեց. «Հանուն հայության միավորման` ցանկացած ուժի շուրջ դա հնարավոր է, մենք հիմա էլ աշխատում ենք հանուն դրա: Այս պահի դրությամբ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է անազատության մեջ, իսկ ինքը իր նախագահության տարիներին աշխատել է հանուն Հայաստանի, Արցախի, եւ ես աշխատել եմ իր հետ միասին», – նշեց նա:
Սակայն ցանկը հայտնի կուսակցություններով չի սահմանափակվում, եւ Ռոբերտ Քոչարյանի շուրջ կարող են միավորվել նաեւ վերջերս ստեղծված կուսակցություններ, որոնք կրկին ընդդիմադիր դիրքերից են հանդես գալիս:
Նաիրա Հովհաննիսյան