Ինքնասպան եղած ԱԺ աշխատակիցն ապրում էր միայնակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` մայիսի 7-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երեւանում: Արաբկիր վարչական շրջանի Հ. Էմին փողոցի շենքերից մեկի բնակիչը չէր արձագանքել դռան զանգին եւ հեռախոսազանգերին: Հրշեջ-փրկարարները, բացելով տան դուռը, խոհանոցի պատշգամբի դռան վերեւի հատվածում ամրացված երկաթյա ձողից սավանով կախված վիճակում հայտնաբերել էին տանտիրուհու` 46-ամյա Նատալա Ավագյանի դին: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով` Նատալյա Ավագյանը աշխատում էր ՀՀ Ազգային ժողովում` որպես նամակների բաժնի ավագ մասնագետ: «Ժողովուրդ» օրաթերթին կատարվածից մանրամասներ են հայտնի դարձել: Ինքնասպան եղած Նատալյա Ավագյանը ապրում էր մենակ, նրա ծնողները վաղուց մահացել էին: Մտերիմները, հարեւանները քննիչներին հայտնել են, որ Նատալյան առողջական լուրջ խնդիրներ ուներ, եւ արդեն տեւական ժամանակ էր, ինչ ստացիոնար բուժում էր ստանում:

Վերջին շրջանում նրա մոտ առողջական խնդիրների բարդացում է նկատվել, եւ նա գտնվում էր հիվանդանոցում: Հարեւանները քննիչներին հայտնել են, որ նա այդքան էլ չէր շփվում հարեւանների հետ, իսկ հիվանդանոցից երկու օր առաջ էր դուրս գրվել եւ տեղափոխվել տուն:

Ինչեւէ, իրավապահների մոտ այս պահին առաջին քննությունը տարվում է այն վարկածի շուրջ, որ միգուցե նրա առողջական վիճակն է պատճառը եղել, որ նա դիմել է այդ քայլին: Ի դեպ, իրավապահները ունեն նաեւ բժիշկների այն գնահատականը, որ նրա մոտ հոգեպես անհավասարակշիռ վիճակ է եղել: Գործով քննություն է տարվում, եւ քննության արդյունքում պարզ կլինի կատարվածի իրական պատճառը:

Քնար Մանուկյան




Լրահոս