Ինչպես հայտնի է, հեղափոխությունից հետո ՀՀ իշխանությունները պատերազմ են հայտարարել կոռուպցիային` միաժամանակ վեր հանելով նախկինների չարաշահումները: Միայն թե զարմանալի է փաստը, որ համառ լռություն է` ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին տեղի ունեցած դեպքերի հետ կապված:
Հեղափոխությունից հետո` 2018 թվականի հուլիսի 28-ին, նորանշանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնել էր, որ ՊԵԿ-ում հարուցված քրեական գործում հնարավոր է` ներգրավվի նաեւ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը: ՊԵԿ քննչական վարչությունը, ուսումնասիրելով Դիլիջանում 2011-2016 թթ. կառուցված ուսումնական կենտրոնի շինարարական փաստաթղթերը, պարզել է, որ տեղի են ունեցել չարաշահումներ ու հափշտակություն: Կառուցապատման տարիներին Ֆինանսների նախարարությունը ղեկավարում էր հանրության շրջանում սուպերնախարար բնորոշմամբ հայտնի Գագիկ Խաչատրյանը: «Դա պետք է քննությունը պարզի: Քանի որ նրա օրոք է եղել, այո, հանարավոր է, որ նա եւս ընդգրկվի այդ պրոցեսներում: Բայց դա ես չպետք է ասեմ, քննիչը պետք է որոշի»:
Ըստ ՊԵԿ-ի` շինարարության նկատմամբ փաստացի չի իրականացվել ո՛չ հեղինակային, ո՛չ էլ որակի տեխնիկական հսկողություն: Ավելին` աշխատանքների փաստացի ավարտից հետո կնքվել է վերակառուցման 6 նոր պայմանագիր` ընդհանուր 2,3 միլիարդ դրամ արժողությամբ, եւ ընդամենը օրեր անց կազմվել է շինարարության ավարտը հավաստող արձանագրություն: Ըստ ՊԵԿ-ի` գործնականում անհնար է մեկ կամ մի քանի օրվա ընթացքում սկսել եւ ավարտին հասցնել նման տեսակի եւ ծավալների շինարարական աշխատանքներ: Այս հայտարարություններից ամիսներ անց` 2019 թվականի փետրվարի 16-ին, մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն: Ըստ տեղեկությունների` ԱԱԾ-ն Գագիկ Խաչատրյանից պահանջել է վերադարձնել գումարները, որոնց ծագումը կասկածահարույց է: Իսկ թե ինչ գործի շրջանակում է նախկին պաշտոնյան հրավիրվել ԱԱԾ, նախաքննական մարմինը մինչ օրս որեւէ բան չի հայտնել:
Ի դեպ, 2018 թվականի ապրիլին` Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, Գագիկ Խաչատրյանն ընտանիքով մեկնել էր ԱՄՆ: Ու երբ Խաչատրյանը վերադարձել էր, ԱԱԾ-ն անմիջապես զբաղվել էր նրանով: Սակայն ուշագրավն այն է, որ մինչ օրս իրավապահ մարմինները այդպես էլ որեւէ բան չհայտնեցին, թե կոնկրետ ինչ քրեական գործի շրջանակներում են նրան կանչել նախաքննական մարմին, արդյոք նրան մեղադրանք է առաջադրվել, թե ոչ, եւ նման այլ մանրամասներ: Արդյոք Գագիկ Խաչատրյանի շատ փող ունենա՞լն էր պատճառը, որ նրա մասով իրավապահ համակարգը մինչ օրս լուռ է եւ այդպես էլ չկարողացավ նախկին պաշտոնատար անձանց նման նրան պատասխանատվության կանչել, թե՞ այլ խնդիր կա, կամ միգուցե ապացույց չունեն, որ Գագիկ Խաչատրյանը չարաշահումներ է թույլ տվել: Սակայն սա վերջը չէ. ԱԱԾ-ից հետո ոստիկանությունը եւս գործողություններ իրականացրեց Գագիկ Խաչատրյանի մասով, մասնավորապես` մարտ ամսին ոստիկանությունը բերման է ենթարկել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին եւ նրա թիկնազորին: Սակայն ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ Գագիկ Խաչատրյանը բերման ենթարկվածների թվում չի եղել. ոստիկանություն է տարվել նրա թիկնազորը` շարասյունով երթեւեկելու համար, «ասֆալտին փռելու» օպերացիայի շրջանակներում, իսկ Գագիկ Խաչատրյանը եղել է առջեւի մեքենայում:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հետաքրքրվեց, թե, ի վերջո, բերման ենթարկելուց հետո ինչ որոշում կայացվեց: Ի պատասխան` ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ մշտապես նման գործողություններ իրականացնում են: Ինչեւէ, փաստ է մեկ բան, որ իրավապահները նախկին ՊԵԿ նախագահին պատասխանատվության կանչելու հարցում անցել են «ջրի հատակը»:
Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն` երբ իրավապահները զբաղվել են Գագիկ Խաչատրյանով, նրա գործունեության հետ կապված փաստեր են ներկայացրել, վերջինս իրավապահներին հայտնել է, թե ՀՀ պետական բյուջե պատրաստ է վերադարձնել ցանկացած գումար, միայն թե քրեական պատասխանատվության չենթարկվի: Այսինքն` նա, այնուամենայնիվ, ընդունել է, որ վնաս է տվել պետությանը եւ պատրաստ է վերականգնել այն:
Քնար Մանուկյան