«Նատալի ֆարմ» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Այսօր տեղեկացանք, որ Մալայանի անվան ակնաբուժական բժշկական կենտրոնում 8 բուժառու կանգնել են տեսողության բարդ խնդրի Նատալի ֆարմ ընկերությունից ձեռքբերված դեղամիջոցի կիրառման արդյունքում։
Այս մասին գրել էլ Հրապարակ օն_լայն պարբերականը, որը նշել էր, որ հետազոտման արդյունքում դեղի մեջ հայտնաբերվել է ինֆեկցիա, ինչն էլ հանդիսացել է հիվանդների մոտ տեսողության վատացման պատճառ։
Մենք տեղեկացանք, որ խոսքը Շվեյցարական Ռոշ ընկերության Avastin դեղամիջոցի մասին է, որը կիրառվել է ներակնային ներարկման եղանակով։
Նախ պետք է փաստենք, որ տվյալ դեղամիջոցը ըստ ՀՀ-ում գրանցված կիրառման ցուցումների՝ նախատեսված չէ ներակնային ներարկման համար և, եթե բժիշկը ստանձնում է դրա ներարկումը, ապա ինքն է ամբողջությամբ կրում բոլոր բարդությունների և կողմնակի ազդեցությունների պատասխանատվությունը։
Երկրորդ, պետք է նշել, որ դեղի մեկ սրվակի պարունակությունը կարող է կիրառվել մի քանի հիվանդի համար, սակայն, դեղը պետք է կիրառել անմիջապես սրվակը բացելուց հետո և դեն նետել։ Եթե պրոցեդուրան չի արվել նույն պահին, այլ դեղը կիրառվել է մի քանի օրվա ընթացքում, ապա, այո, բաց սրվակի մեջ կարող էր ինֆեկցիա փոխանցվել։
Նշված հետազոտությունը, հավանաբար, արվել է հենց տվյալ բաց սրվակից, սակայն, փակ սրվակն ուսումնասիրելու պարագայում եթե կրկին հաստատվի վարակի առկայությունը, ինչը քիչ հավանական է՝ հաշվի առնելով դեղն արտադրող ընկերության բարձր վարկանիշն ու փորձը, ապա անհրաժեշտ կլինի խնդիրը ներկայացնել ոչ թե Նատալի ֆարմ ընկերությանը, այլ անմիջապես դեղն արտադրողին՝ Շվեյցարական Ռոշ ընկերությանը։
Ցանկացած դեպքում Նատալի ֆարմ ընկերությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում, քանի որ այն հանդիսանում է զուտ ներկրող ընկերություն։
Ցավում ենք հիվանդներին հասցված առողջական վնասի համար և մաղթում ենք շուտափույթ ապաքինում»։