Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 9-ին ընդունել է Եռատոնի առթիվ Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:
Արցախի խորհրդարանի ղեկավարը տոնի կապակցությամբ շնորհավորել է Արարատ Միրզոյանին և նրա գլխավորությամբ՝ ՀՀ ԱԺ գործընկերներին և ընգծել այս օրերին ՀՀ խորհրդարանական պատվիրակության այցի կարևորությունը: Խոսելով օրվա խորհրդի մասին՝ Արցախի խորհրդարանի նախագահը նշել է, որ Շուշիի հաղթանակը նոր արժեք է տվել Հայրենական պատերազմում տարած հաղթանակին: Այդ համատեքստում Աշոտ Ղուլյանը շեշտել է արժեքները սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է համայն հայությանը եռատոնի կապակցությամբ՝ ընդգծելով Հայրենական պատերազմում հաղթանակ տարած հայրենակիցների ավանդը և Շուշիի ազատագրման ու Արցախի բանակի կազմավորման նշանակությունը հայկական նորագույն պատմության մեջ:
Հանդիպմանը երկու խորհրդարանների ղեկավարները քննարկել են Երևանում առաջիկայում կայանալիք ՀՀ ԱԺ–ԱՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի օրակարգային և ընթացակարգային հարցեր: