ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱՅԻ ՊԱՀԱՆՋԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հաճախ է իր հրապարակային ելույթներում առանց կոնկրետացնելու, առանց անուններ հնչեցնելու անդրադառնում նոր Հայաստանի տրամաբանության մեջ չտեղավորվող պաշտոնյաներին: Այս առումով հատկանշական էր Փաշինյանի հայտարարությունը Իրան այցի շրջանակներում Սպահանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: Խոսելով ազգային ինքնությունն ամուր պահելու եւ օտարամոլությանը տուրք չտալու մասին` նա ասել է. «Թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ»: Թե ում նկատի ունի Փաշինյանը, չի կոնկրետացրել: Պարզ չէ` նա խոսել է նախկին դեպքերի մասին, թե նաեւ հիմա կան նման պաշտոնյաներ: Բայց որ Հայաստանի համար սա տարիներ ի վեր եղել է ամենաառանցքային խնդիրը, փաստ է. քաղաքական գործիչների (ավելի ճիշտ` գործիքների) մի մասն իրականում ղեկավարվել են ոչ այնքան հայրենիքի, որքան այս կամ այն պետության շահերով: Ու հիմա հայտարարություններից զատ նաեւ այս առումով գործնական քայլեր ձեռնարկելու, այդպիսի անձանց լյուստրացիայի ենթարկելու ժամանակն է մանավանդ նոր Հայաստանում, որի ղեկավարն ունի բացարձակ լեգիտիմություն ու վայելում է հասարակության զգալի մասի աջակցությունը: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին՝ հետաքրքրվելով, թե ում նկատի ունի վարչապետը, ինչ կասկածներ կան, ովքեր են օտարերկրյա գործակալ քաղաքական գործիչները: «Վարչապետը ասաց այնքան, որքան նպատակահարմար գտավ»,- նշեց նա:

 

 

Երեկ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ, որը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, տեւել է հազիվ 10 րոպե: Ենթադրվում է` այսօր մեկնարկող նստաշրջանը եւս ամենակարճն է լինելու, եւ այսօրվա բուն նիստը կարող է տեւել ընդամենը մի քանի ժամ, որին կհաջորդեն ելույթները, իսկ վաղն էլ կառավարության հետ պատգամավորների հարցուպատասխանը: Այնինչ նախկինում ԱԺ նիստերը կարող էին անընդմեջ 3-4 օր տեւել: Ստեղծված իրավիճակի պատճառը, թերեւս, պատահական չէ. ԱԺ խորհրդի հաստատած օրակարգը բավական աղքատիկ է, իսկ պատգամավորների կողմից ներկայացված հինգ նախագծերից երեքն էլ մերժվել են: Սա նշանակում է, որ խորհրդարանում այդ նախագծերը նույնիսկ չեն էլ քննարկվի: Այսինքն` մնում է երկու օրենսդրական նախաձեռնություն, մեկ զեկույց եւ մեկ հաղորդում, ինչը շատ ժամանակ չի խլի:

 

 

 

Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար դիմել է 30 թեկնածու: Սա, թերեւս, զարմանալի է, որ այսպիսի պաշտոնի համար այսքան շատ թվով մարդիկ են թեկնածություն ներկայացրել: 30 թեկնածուների մեջ հետաքրքիր անուններ կան` օրինակ, լեզվաբան Լավրենտի Միրզոյան, Երեւանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյան, երգահան Մարինա Թագակչյան եւ այլն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ, առհասարակ, այս մրցույթը չկայանա իրավական ինչ-ինչ խնդիրների պատճառով: Իսկ եթե, այնուամենայնիվ, մրցույթը կայանա, ապա «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` հիմնական պայքարն ընթանալու է երկու թեկնածուների` Գարեգին Խումարյանի ու Ստեփան Զաքարյանի միջեւ: Ընդ որում, ըստ մեր տեղեկությունների, Հանրային ռադիոյի տնօրեն դառնալու ամենամեծ շանսերն ունի հենց Խումարյանը, որը երիտասարդ է տարիքով, միեւնույն ժամանակ ռադիոյում հնաբնակներից է:

 

 

 

Հայաստանում պարենային զամբյուղի արժեքը ամսական կտրվածքով 34 հազար 527 դրամ է, մինչդեռ 2017 թվականի ընթացքում պարենային զամբյուղի արժեքը կազմել է 32 հազար 439 դրամ: Պարենային զամբյուղը սննդի նվազագույն քանակն է, որն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին` օրական 2412.1 կկալ: Պաշտոնական վիճակագրությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018 թվականին Հայաստանի բնակչության կողմից սպառված սննդամթերքի միջին էներգետիկան 1 շնչի հաշվով կազմել է 2232 կկալ, այսինքն` շատ ավելի պակաս, քան նախատեսված է չափանիշներով: Եթե հաշվի առնենք փաստը, որ մեր երկրում ընտանիքների մեծ մասում մեկ անձը ստանում է մոտ 150 հազար դրամ աշխատավարձ, ու եթե այդ ընտանիքը բաղկացած է 4 կամ 5 հոգուց, ապա յուրաքանչյուրին բաժին կհասնի նվազագույն զամբյուղի գումարից քիչ գումար: Ընդգծենք, որ նվազագույն սպառողական զամբյուղում ներառված է միայն սննդի համար նախատեսված գումարը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
Բրյուսել աշխատանքային այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում` անդրադառնալով նաեւ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին: Շեշտելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման անհրաժեշտությունը` վարչապետ Փաշինյանն արձանագրել է. «Եթե մենք ձգտում ենք հակամարտության խաղաղ, արդար եւ երկարատեւ լուծում գտնել, ապա Լեռնային Ղարաբաղի ժողովրդին պետք է հնարավորություն տրվի ինքնուրույն որոշել իր ապագան: Ես Լեռնային Ղարաբաղի ժողովրդին չեմ կարող ներկայացնել: Որպես վարչապետ` ես միայն ունեմ Հայաստանի քաղաքացիների մանդատը, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության, ովքեր ունեն սեփական սահմանադրություն եւ ձեւավորում են իրենց սեփական կառավարությունը: Ինձ համար ակնհայտ է, որ խաղաղ գործընթացը կարող է իրական առաջընթաց արձանագրել միայն այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կնստի բանակցային սեղանի շուրջ, միայն եթե լսվի եւ հաշվի առնվի Ղարաբաղի ժողովրդի ձայնը»: Միաժամանակ, նա հիշեցրել է 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը, որով միջազգային հանրությունը, նաեւ Բաքուն ԼՂՀ-ն ճանաչել է որպես հակամարտող կողմ:
Այս փաստաթղթի հիշատակումը, թերեւս, պատահական չէ. Հայաստանը, Ադրբեջանը եւ Ղարաբաղը միջազգային հանրության կողմից «ղարաբաղյան հակամարտության կողմի» կարգավիճակ են ստացել ԵԱՀԿ 1994թ. դեկտեմբերի 6-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում եւ ավելի հստակ՝ ԵԱՀԿ ղեկավար խորհրդի նախագահի 1995թ. մարտի 31-ի Պրահյան պարզաբանման մեջ: Եւ այս երկու փաստաթղթերը հայկական կողմի գլխավոր կռվանն են, որ իրավունք են տալիս պնդելու ԼՂ-ն բանակցային սեղան վերադարձնելը: Ընդ որում, այս փաստաթղթերը որեւէ մեկն անվավեր չի ճանաչել, որեւէ մեկը սրանից չի հրաժարվել:
Ու այս համատեքստում, երբ Նիկոլ Փաշինյանը միջազգային ամբիոններից հստակ հայտարարում է բացառապես ՀՀ անունից բանակցելու լիազորությունների մասին` շեշտելով` Արցախի հայ բնակչությունն ունի իր սեփական սահմանադրությունն ու սեփական կառավարությունը, ըստ էության, ստիպում է նույն այդ միջազգային հանրությանը ճանաչել այդ երկիրը որպես առանձին միավոր: Ի վերջո, Արցախի անկախությունը սոսկ փաստաթուղթ չէ, անկախությունն առաջին հերթին հենց պետական ինստիտուտների առկայությունն է:




Լրահոս