ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԿՆԱՐԿՆԵՐՆ ՈՒ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները բավականին բուռն են ստացվում` ակնարկներով եւ հստակ հասցեատերերով: Նա իր յուրաքանչյուր խոսքում փորձում է եւս մեկ անգամ վերահաստատել խաղի նոր կանոնների մասին եւ «խելքի բերել» այն չպահողներին:

Օրինակ` այդպիսի մի հայտարարություն վարչապետն արել էր կառավարության փետրվարի 21-ի նիստում, երբ խիստ էր արտահայտվել կոռուպցիայի դեմ պայքարի մասին եւ կրկնել, որ այդպիսի դեպքերն այժմ երբեք չեն ներվելու: «Ոչ մի վայրկյան չպետք է զգոնությունը թուլանա կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի վերաբերյալ, ոչ մի վայրկյան: Այսօր էլ Հայաստանի Հանրապետությունում կաշառք վերցնում են, եւ այն, որ մենք ժամանակ առ ժամանակ ունենում ենք կոնկրետ փաստով ձերբակալություններ, դրա ամենաուղիղ ապացույցն է: Բայց եթե կա այդ երեւույթը, նշանակում է, որ մենք ոչ թե պետք է ամիսը 1-2 այդպիսի հարցով ձերբակալություն ունենանք, այլ 10, 20 եւ ավելի: Ինձ չի հետաքրքրում ընդհանրապես՝ այդ մարդը գործող պաշտոնյա է, նախկին պաշտոնյա է, որ կուսակցության ներկայացուցիչ է, իմ ընտանիքի անդամ է, հարեւանի ընտանիքի անդամ է: Հայաստանի Հանրապետության ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի եւ ուղարկվի բանտ»,- նշել էր նա:
Եվ այս հայտարարությունից կարելի էր եզրակացնել, որ իշխանության ներսում, այնուամենայնիվ, իրավիճակը մտահոգիչ է. կան պաշտոնյաներ, որոնք, չնայած բազմաթիվ նախազգուշացումներին, այնուամենայնիվ, չեն կարող չտրվել փողի գայթակղությանը: Եվ եթե նա նշում է, որ այսօր էլ են ՀՀ-ում կաշառք վերցնում, նշանակում է` կան նման փաստեր, նրան նման տեղեկություններ են ասվել, եւ այս հայտարարությունն ունի իր հասցեատերը:
Եվ, ահա, վերջերս Իրան կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին հետաքրքիր հայտարարություն արեց` որոշակի մեսսիջներ պարունակող: Մասնավորապես, խոսքը Սպահանի հայ համայնքի հետ հանդիպման մասին է, որտեղ Փաշինյանն այսպիսի հայտարարություն է արել. «Մենք պետք է ամուր պահպանենք մեր ինքնությունը, անսասան միասնությունը եւ տուրք չտանք օտարամոլությանը, թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ»:
Վարչապետը կրկին մեսսիջներ է հղել, սակայն, բնականաբար, անուններ չի նշել: Փաշինյանն ապա շարունակել է. «Մենք` որպես ժողովուրդ, այլեւս թույլ չենք տալու դավադրություններ մեր պետականության նկատմամբ, թույլ չենք տալու որեւէ մեկին մեզ օգտագործել որպես մանրադրամ իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ»: Նրա այսպիսի հայտարարությունները կարող են երկու պատճառ ունենալ. կա՛մ նա խոսում է նախկին դեպքերի մասին եւ զգուշացնում, որ այլեւս չպետք է նման դեպքեր լինեն, կա՛մ էլ նա խոսում է այնպիսի պաշտոնյաների մասին, որոնք կան նաեւ ներկայիս իշխանությունում, եւ Փաշինյանը կոնկրետ զգուշացնում էր նաեւ նրանց:
Եվ հիմա փորձագիտական եւ քաղաքագիտական շրջանակները սկսել են իրենց ձեւով մեկնաբանել վարչապետի հայտարարությունները եւ հարցեր բարձրաձայնել: Եվ բոլորը նկատում են, որ վարչապետը հաճախ կոդավորված է խոսում, ինչը սխալ է, եւ նման դեպքերում ճիշտն անուններ տալն է: Իրականում Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել է մի խնդրի մասին, որը Հայաստանի համար առանցքայիններից մեկն է, եթե ոչ ամենակարեւորը։ Բանն այն է, որ Հայաստանում օտարերկրյա ազդեցությունների մասին խոսվել է միշտ, նրանց ներկայությունը միշտ զգալի է եղել: Եղել են երկրներ, որոնք կոնկրետ Հայաստանում ունեցել են իրենց հստակ անձինք ներդրված: Եվ հիմա հայտարարություններից զատ նաեւ հստակ քայլեր ձեռնարկելու ժամանակն է: Հակառակ դեպքում իսկապես կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծվել, երբ երկրի ղեկավարի մակարդակով խոսվում է այդպիսի մարդկանց առկայության մասին, սակայն, որպես այդպիսին, որեւէ քայլ չի ձեռարկվում նրանց բացահայտելու կամ հետագայում այդպիսի գործունեությունն այլեւս թույլ չտալու ուղղությամբ:
Սակայն հետաքրքիր է, որ գործադիր իշխանությունում չեն ցանկանում մեկնաբանել վարչապետի խոսքերը: Մասնավորապես, վարչապետի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը նշել էր, թե ասվել էր այնքան, ինչքան ասվել է: «Ժողովուրդ» օրաթերթը կրկին մեկնաբանության համար դիմեց վարչապետի մամուլի քարտուղարին, որը մեզ հետ զրույցում նշեց. «Մեկնաբանում եմ. վարչապետը ասաց այնքան, որքան նպատակահարմար գտավ»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԳՏԱՆ ՄԵԿՄԵԿՈՒ
Երեկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության մի քանի պատգամավորներ հանդիպել են ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի, Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանի հետ: Պաշտոնական հայտարարության մեջ ասված է, որ կուսակցությունները քննարկել են միջկուսակցական համագործակցության հնարավորությունները: Նշենք, որ սա կուսակցությունների առաջին հանդիպումը չէ: Մեր տեղեկություններով` օրերս ՀՅԴ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» ունեցել են նաեւ ոչ պաշտոնական հանդիպում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպման ժամանակ քննարկվել է սահմանադրական փոփոխությունների հարցը, քանի որ երկուստեք, ըստ էության, դեմ են սուպերվարչապետությանը: Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԼՀԿ-ն նախագծեր է բերելու ԱԺ, որոնք քննարկվելու են ՀՅԴ-ի հետ եւ լինելու են իրենց առաջարկներով: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ՀՅԴ-ն հանդիպելու է նաեւ «Բարգավաճ Հայաստանի» եւ «Իմ քայլը» խմբակցությունների հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշեց. «Կոնկրետ դեպքերի մասով պայմանավորվածություն չկա, բայց ընդհանուր համագործակցության շրջանակներում եթե մեզ համար հատուկ կարեւոր հարց լինի, եւ իրենք կիսեն մեր տեսակետը, կհնչեցնեն ԱԺ-ում, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգան»: Նա նշել է, թե քննարկել են նաեւ սահմանադրական փոփոխությունների հարցը: «Սա մեր առաջին պաշտոնական հանդիպումն է. կոնկրետ դետալներ չենք քննարկել: Ընդհանուր քննարկել ենք համագործակցության ուղղությունների եւ եզրերի մասին: Մենք ասել ենք, որ հստակ դեմ ենք սահամադրության փոփոխությանը կառավարման հին ձեւին վերադառնալու տեսանկյունից: Մենք մշտապես կողմնակից ենք եղել խորհրդարական կառավարման համակարգին եւ հիմա էլ գտնում ենք, որ սա լավագույն ձեւն է մեր երկրի առջեւ կանգնած մարտահրավերները հաղթահարելու համար: Իսկ թե բարեփոխումները ինչպես կլինեն՝ օրենքի տեսքով, թե հանրաքվեի տեսքով, դա արդեն քննարկման հարց է»,-մեզ հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:

 

 

ՌԵԺԻՍՈՐԸ` ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանը հայց է ներկայացրել մայր թատրոնի դեմ: Նա պահանջում է դատարանից ստիպել թատրոնի ղեկավարությանը անվավեր ճանաչել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին Տիգրան Գասպարյանին աշխատանքից ազատելու հրամանը եւ վերականգնել աշխատանքում: Գործը մակագրվել է դատավոր Հովիկ Շահնազարյանին:

 

 

ՋԱՆՔ ԿԳՈՐԾԱԴՐԻ
Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի երկխոսության եւ միջազգային սկզբունքների հիման վրա, քանի որ Իրանի համար շատ կարեւոր է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդլայնումը. այս մասին ասել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Կասեմին: Խոսելով Հայաստանի վարչապետի` Թեհրան կատարած վերջին այցի մասին` նա նշել է, որ հարեւանների նկատմամբ Իրանի դիրքորոշումը շատ պարզ է եւ թափանցիկ: Թեհրանը մտադիր է ընդլայնել հարեւանների հետ կոնսոլիդացված հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի եւ միմյանց գործերին չմիջամտելու սկզբունքի վրա. այս մասին հայտարարել է Կասեմին` հավելելով, որ Իրանը ամեն ջանք կգործադրի, որպեսզի օգնի լուծել այդ խնդիրը: Իրանը չի ցանկանում, որպեսզի Թեհրանի հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ պայմանավորված եւ կապված լինեն ղարաբաղյան հակամարտության հետ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելության ժամանակ որոշ հանդիպումներում եղել է Արցախի դրոշը:

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ
Նախօրեին աշխատավայրում ձերբակալվել է ակտիվիստ, ծագումով ադրբեջանցի Յուսիֆ Սալահշուրին, իսկ մեկ օր առաջ` ֆուտբոլային հանդիպումից հետո, մարզադաշտից դուրս գալիս ձերբակալվել էր նաեւ 28 ադրբեջանցի, որոնց զայրացրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան, նրա ջերմ ընդունելությունը: Իրանում բնակվող ադրբեջանցիներին զայրացրել էր նաեւ Թեհրանի «Արարատ» ակումբում հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ «Արցախը Հայաստանն է, եւ վերջ» գրությամբ պաստառի ֆոնին արված Նիկոլ Փաշինյանի սելֆին: Միջադեպի համար ադրբեջանցիները քննադատել էին Իրանի իշխանությանը: Թավրիզի մարզադաշտում ֆուտբոլային թիմի ադրբեջանցի երկրպագուներն ամբողջ խաղի ընթացքում Արցախի պատկանելիության մասին կարգախոսներ են վանկարկել եւ այրել ՀՀ դրոշը:

 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ-ԻՆ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումպուլուսին: Նախարարը ուշադրություն է դարձրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում միգազգային մարդասիրական իրավունքի նորմերի ու պահանջների պահպանման անհրաժեշտության վրա` կոչ անելով միջազգային կառույցներին հետամուտ լինել հակամարտող կողմերի` անազատության մեջ գտնվող քաղաքացիական ու զինվորական անձանց արդար դատաքննութան իրավունքի իրացմանը:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը եւ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հյուրընկալել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, ԱԺ պատգամավորներ Մանե Թանդիլյանին եւ Գեւորգ Գորգիսյանին: Քննարկվել են միջկուսակցական համագործակցության հնարավորությունները, անդրադարձել են ազգային-պետական օրակարգին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հետ կապված հարցերին:




Լրահոս