ԱՂԲԸ ԻՆՉՔԱՆ ՇՈՒՏ ՄԱՔՐԵՆ, ԱՅՆՔԱՆ ՃԱՆՃԵՐԸ ԿՎԵՐԱՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, մարտի 4-ին` կեսգիշերն անց, «Ռեստարտ» նախաձեռնության անդամները մի քանի հոգով հարձակվել էին ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի վրա: Մոտ 10 հոգով, բռնելով նրա ոտքերից, մի քանիսը` ձեռքից, փորձել էին տանել եւ գցել աղբամանը, սակայն իրավիճակին խառնվել են ոստիկանության աշխատակիցները, եւ Նարեկ Մալյանի բախտը բերել էր: Իսկ ինչի՞ց է սկսվել այս կռիվ կինոն:

Թավշյա հեղափոխությունից հետո նկատում ենք, որ ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը բավականին ակտիվ կերպով զբաղված է ընդդիմադիր ակտիվիստի գործունեությամբ: Ուսումնասիրելով նրա ֆեյսբուքյան էջը, կատարած գրառումները` նկատում ենք, որ նա բավականին լուրջ պայքար է մղում եւ սուր քննադատություններ է հնչեցնում «սորոսականների» դեմ:
Հայտարարությունից 3 օր անց
Եվ, ահա, մարտի 1-ին Նարեկ Մալյանը գրառում էր կատարել, թե. «Ընդհանուր իրարանցման մեջ մոռացա ձեզ ներկայացնել ԵՊՀ ռեկտորի` Սորոսի թեկնածուին:
Ծանոթացեք, Սորոսի Հովիկն է, ում կյանքի նպատակը ԵՊՀ ռեկտորի աթոռին նստելն է, ում համար փորձում էին ազատել ԵՊՀ ռեկտորի աթոռը:
Սորոսի Հովիկը ԿԳՆ փոխնախարար, սորոսական Արեւիկ Անապիոսյանի հետ հիմնադրել են «Հանրային քաղաքականության ինստիտուտ» հ/կ եւ միասին վայելել Սորոսից ստացված գրանտները….սորոսի_վաստակներ»:
Հարձակվեցին 10 հոգով
Գրառումներից 3 օր անց պատասխանը չուշացավ. մարտի 4-ին` կեսգիշերն անց, «Ռեստարտ» նախաձեռնության անդամները մի քանի հոգով հարձակվեցին ընդդիմադիր ակտիվիստ Նարեկ Մալյանի վրա:
Ովքեր էին հարձակվողները
Նարեկ Մալյանի նկատմամբ հարձակում իրականացնողները եղել են «Ռեստարտ» նախաձեռնության անդամները` ԵՊՀ Դավիթ Պետրոսյանը եւ եւս 10 հոգի: Ուշագրավն այն է, որ Նարեկ Մալյանը հրապարակել էր լուսանկար, որ «Ռեստարտ» նախաձեռնությունը 2018 թվականի դեկտեմբերի 28-ին ամերիկացի Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող «Բաց հասարակության հիմնադրամի» կողմից ստացել է 20 հազար դոլար դրամաշնորհ: Գրանտի տրամադրման պաշտոնական նպատակն է խրախուսել ԵՊՀ ուսանողների մասնակցությունը բուհի կառավարմանը եւ բուհում գնումների գործընթացի մոնիտորինգին: Թե որքանով է նախաձեռնությունը կատարել իր առջեւ դրված նպատակը, փորձեցինք պարզել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանից, սակայն գրասենյակից մեզ հորդորեցին զանգահարել եւ կապ հաստատել նրա օգնականի հետ, իսկ ավելի ուշ հայտնեցին, որ օգնականը տուն է գնացել, քանի որ աշխատանքային ժամը ավարտվել է: Խնդրեցինք տրամադրել բջջային հեռախոսահամարը, ինչը հրաժարվեցին անել:
Ո՞րն է խնդիրը
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը եւս նախորդ տարի մի քանի դրամաշնորհ է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթը գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցից հետաքրքրվեց, թե արդյոք «Սորոս հիմնադրամը» դրամաշնորհ է տվել նախաձեռնությանը Նարեկ Մալյանին աղբը գցելու համար` հաշվի առնելով այն, որ Նարեկ Մալյանը պայքարում է «սորոսականների» դեմ: Ի պատասխան` նա ասաց. «Նախ առաջին հերթին մեկ հարց. Սորոս հասկացողությունը որպես մարդ ոչ մեկին անձամբ չի ֆինանսավորում, Սորոսը իր ֆինանսական ներդրումները կատարում է հիմնադրամի միջոցով, եւ ամեն մի հիմնադրամը ինքն է որոշում, թե ինչ գործողություններ, ինչ նախաձեռնությունները, ինչ ծրագրեր ֆինանսավորի: «Բաց հասարակության հիմնադրամի» Հայաստանի գրասենյակից չեք տեսնի որեւէ նախադասություն, վերլուծություն, ձեւակերպում բռնի մեթոդներով հարցեր լուծելու աջակցության մասին: Երկրորդ` պետք է հասկանանք, որ «Ռեստարտը»` որպես նախաձեռնություն, գործում է երիտասարդների նախաձեռնությամբ եւ նա կարող է տարբեր աջակցություն ստանալ տարբեր հիմնադրամներից, այսինքն` միայն «Բաց հասարակության հիմնադրամների» կողմից չէ աջակցությունը ստացել, նաեւ այլ հիմնադրամներից, դա կարող է լինել Չեխիայի դեսպանատունը եւ այլ տարբեր տեղերից: Ինչ վերաբերում է այս գործողությանը, իհարկե, ես հիմա երկրում չեմ գտնվում, միայն տեղեկություններ եմ ստանում ԶԼՄ-ներից, բռնությունը դատապարտելի է, եւ նման մեթոդներով հարցեր չի կարելի լուծել : Բայց, մյուս կողմից էլ, պետք է հասկանանք այն, որ մենք մերժել ենք բռնության խնդիրները լուծելու այդ մոտեցումները, ինքնին այդ բռնության մեթոդների հովանավորողները, կրողները նախկին իշխանության կոռումպացված ներկայացուցիչները ամեն ջանք գործադրելու են, որպեսզի իրենց ազդեցությունը չկորցնեն եւ, ընդհակառակը, փորձեն դանդաղեցնեն կամ խոչընդոտեն ժողովրդավարական գործընթացները: Իսկ ժողովրդավարական գործընթացների ներկայացուցիչները ավելի մեծ պատասխանատվություն պետք է ունենան եւ չտրվեն այդ սադրանքներին. սա է ամբողջ հիմնական խնդիրը: Եվ այստեղ տուրք տալ այդ սադրանքներին պետք չէ: Պետք է ասեմ, որ աղբը ինչքան շուտ մաքրեն, այնքան ճանճերը կվերանան, սա է ամբողջ խնդիրը: Ոչ թե ճանճերի դեմ պետք է պայքարել, այլ աղբը մաքրելու ուղղությամբ պետք է աշխատել»:
Կլինի ոչ իրավական կտոր
«Ժողովուրդ» օրաթերթը Նարեկ Մալյանից հետաքրքրվեց, թե կոնկրետ ինչից սկսվեց միջադեպը, եւ, ըստ նրա, ինչ պատժի պետք է արժանանան «Ռեստարտ» նախաձեռնության անդամները:
-ԵՊՀ-ի շուրջ ձեւավորված ապօրինությունների կծիկը ինձ ստիպեց իրականացնել մի քանի քայլ: Առաջինը` ես հրաժարվեցի ԵՊՀ աշխատանքից, որ սուբյեկտիվության մեջ չմեղադրվեմ, եւ սկսեցի մարդկանց իրազեկման արշավ` տեղեկացնելով, որ այն, ինչ մատուցվում է որպես իրականություն, հեռու է իրականությունից: Բանն այն է, որ գոնե մի երկու տարի «Ռեստարտ» նախաձեռնությունը, որը ֆինանսավորվում է Սորոսի հիմնադրամից, տպավորություն է ստեղծել, որ ինքը հանրային կարծիքի կրողն է, ինչ բարձրաձայնում են, դա լավ է, ինչի դեմ պայքարում է, դա վատ է, ինչը իրականությանը չի համապատասխանում: Այնպես չէ, որ ես ԵՊՀ ռեկտորի աշխատանքից շատ գոհ եմ, կամ մտածում եմ` ինքը պետք է մնա, դա ուրիշ հարց է, բայց նրա շուրջ ձեւավովել է ապօրինությունների կծիկ, եւ ռեկտորը փորձում է դուրս գալ այդ կծիկից: Ես, տեսնելով այդ ամենը, մտա թեմայի մեջ, եւ ընդամենը ինձ պահանջվեց երկու օր, որ ցաքուցրիվ անեմ «Ռեստարտ» նախաձեռնության մասին մինչ այդ ունեցած պատկերացումները: Այսինքն` իրենք բուհի հոգաբարձուների խորհրդի անդամներին ակնարկել են, որ կգնան, ցույց կանեն, եթե իրենց ուզած ձեւով չքվեարկեն, կնետեն աղբամանները: Ես այդ ամենը կենտրոնացրի իմ շուրջ եւ ասեցի` եկե՛ք հասկանանք, եթե դուք այդքան տղամարդ եք: Ես ակնկալում էի, որ դա ցերեկով տեղի կունենար: Օրեր անց, երբ իրենք տապալվեցին ԵՊՀ-ում, այսինքն` իրենց իսկ բերված օրակարգին ԵՊՀ խորհրդի անդամները դեմ քվեարկեցին, այդ պրավալից հետո կանգնեցին խնդրի առաջ, քանի որ իրենք չկարողացան արդարացնել այն գումարները, որ ծախսվել են իրենց վրա, ու իրենք տապալվեցին:
-Ըստ Ձեզ` ի՞նչ պատժի պետք է արժանանան տղաները:
-Նախ` առաջին հերթին պետք է քրեական գործ հարուցվի ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի հատանիշներով` առեւանգման փորձ` մի խումբ մարդկանց կողմից նախապես ծրագրավորված: Իրավական պատիժը ինձ բավարարվածություն չի պատճառի, ես իմ բավարարվածությանը կհասնեմ այլ մեթոդներով, մի քիչ ավելի խիստ կլինի պատիժը, քան օրենքն է նախատեսում: Սա սորոսի վաստակների քթին գալու եւս մեկ տարբերակ է, որպեսզի իրենք իրենց իսկ լկտի պահվածը չափավորեն, խնդիրը դա է: Ինձ իրենց դատվելը պետք չէ, ինձ պետք է որ «Սորոսի հիմնադրամը» հասկանա, որ ինքը չի կարող անպատիժ գործել ու օրենք խախտել իմ երկրում:
-Դավիթ Պետրոսյանը իր ընտանիքի անվտանգության մասին հայտարարություն է տարածել` եթե նրանց հետ բան պատահի… Սպառնացե՞լ եք նրա ընտանիքին:
-Իրանք անցել են մի հատ գիծ. իմ տան շքամուտքի մոտից` իմ երեխաների ելումուտի տեղից` իմ բակում իրականացրել են գործողություն. ես խոստանում եմ, որ պատասխանը կլինի պարտադիր, ես հետեւողական եմ լինելու այդ ամեն ինչին` անկախ նրանից` ինչպիսին կլինի իրավական կտորը, լինելու է պարտադիր ոչ իրավական կտոր, ես եմ որոշելու` ինչքան կգնամ: Իրենք եւ իրենց հարազատները այդ նեղությունը պետք է կրեն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` խուլիգանության հատկանիշներով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՄԱՐԶԻՉԸ ՀԱՄԱՆԵՐՎԵՑ
Ինչպես հայտնի է, ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել էր, որ 2015 թվականի նոյեմբերին հայկական ֆուտբոլային «Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ պաշտպան Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը եւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ եւ ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները` ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց եւ առանձին ֆուտբոլիստների միջեւ: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով: «Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը եւ ադմինիստրատոր Արա Ազարյանը կալանավորվել էին: Այդ անձանց մասով նախաքննությունը ավարտվել էր 2017 թվականին եւ գործը ուղարկվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Շուրջ 1 տարի տեւած դատաքննությունից հետո գործը հասավ իր վերջաբանին. դատավոր Գագիկ Պողոսյանը, հաշվի առնելով Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքը, Էդգար Պետրոսյանի, Արա Ազարյանի, Գագիկ Սիմոնյանի եւ Հայկ Հունանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է ու կարճել քրեական գործի վարույթը: Է. Պետրոսյանի, Ա. Ազարյանի, Գ. Սիմոնյանի եւ Հ. Հունանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցները` չհեռանալու մասին ստորագրությունները, վերացվել են:

 

 

ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ
Դատապարտյալներից ոմանք չեն հաշտվում այն փաստի հետ, որ համաներումը իրենց վրա չի տարածվել ու հիմա այդ կապակցությամբ դիմում են դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Սեւան» ՔԿՀ-ի դատապարտյալներ Արծրուն Սարգսյանը, ինչպես նաեւ Հովսեփ Սարգսյանը հայց են ներկայացրել` ընդդեմ Սեւան ՔԿՀ-ի ղեկավարության` պահանջելով, որ հայցվորի նկատմամբ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի համաներման ակտը կիրառվի: Թե ինչ կորոշի դատարանը, ցույց կտա ժամանակը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀՀ ԱԺ-ում տեղի է ունեցել Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հանդիպումը գյուղատնտեսության ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ինչպես գյուղատնտեսության ոլորտին, այնպես էլ հանրապետության առանձին համայնքներին:

 

 

ԿԱՇԱՌՔԻ ԳՈՐԾ
Օրեր առաջ ոստիկանության Բազումի բաժին դիմած քաղաքացին հաղորդում է տվել, որ Վանաձորում գտնվող իր տնակի օժանդակ հողատարածքն անխոչընդոտ սեփականաշնորհելու համար Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետը իր եւ նույն կառույցի համապատասխան պաշտոնյաների անունից 170.000 դրամ կաշառք է պահանջել: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել: Կաշառքը ստանալուց եւ պահելուց անմիջապես հետո Բազումի բաժին բերման է ենթարկվել 64-ամյա Նվեր Օհանյանը: Նրա ավտոտնակի զննության ընթացքում Օհանյանը ոստիկաններին ներկայացրեց 170,000 դրամը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նվեր Օհանյանը ձերբակալվել է:




Լրահոս