Մեր զրուցակիցն է Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
-Սրբազա՛ն, Ձեր` ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ վերջինս նշեց, որ Գյումրու պատմական կենտրոնը նախատեսվում է ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորության ներքո՝ պաշտպանելու ոչ այնքան օտարներից, որքան մեզնից: Վերջին անգամ ոտնձգության ի՞նչ միջադեպ է արձանագրվել Գյումրու պատմական հուշարձանների հանդեպ:
-Գիտեք, ես չեմ կարող այդ ինֆորմացիային տիրապետել: Ես գիտեմ, որ պատմական միջուկի նկատմամբ այնտեղ բնակվողների եւ չբնակվողների կողմից միշտ էլ անհարիր միջամտություններ են արվում, բայց ես դրանք չեմ գրանցում, ոչ էլ հերթականությունն եմ գրանցում: Դրանով զբաղվում է քաղաքապետարանը, բայց քաղաքապետարանը ի վիճակի չէ, ցավոք, այսօրվա պայմաններում այդ ամեն ինչը վերահսկել, որովհետեւ նախկինում կար արգելոց. հետո, չգիտեմ, այդ արգելոցը վերացրին, չվերացրին: Անորոշ վիճակ է, քաղաքապետարանը այդ լծակները չունի:
-Սրբազա՛ն, որքան էլ եկեղեցին ինքնավար է եւ որոշակիորեն հավասարակշռում է շատ բան ազգային կյանքում, այդուհանդերձ պետության հետ ունի անխուսափելի համագործակցության ոլորտներ: Ո՞ր ոլորտների աշխատանքն է առավել արժեւորվում եկեղեցու եւ պետության համագործակցությամբ:
-Կրթություն, մշակույթ, առողջապահություն, սոցիալական ապահովություն. այստեղ եկեղեցու ներկայությունը անխուսափելի է: Եկեղեցին, սակայն, ամբիցիա չունի անպայմանորեն ներգրավված լինելու: Իբրեւ առաքելություն` եկեղեցին ներկա է ամենուրեք, պետությունն էլ ապահովում է, ինչու չէ, որեւիցե դժգոհություն ունենալու բան չունենք: Սահմանադրությամբ ապահովված է եկեղեցու դերը բոլոր ասպարեզներում եւ բոլոր ոլորտներում, ուղղակի անձից անձ երբեմն տարբերվում է՝ նայած, թե ով է այդ ոլորտը ղեկավարում: Հիվանդանոցներում եկեղեցին առաքելություն չի՞ կարող իրականացնել, այդ մարդիկ միայն ֆիզիկակա՞ն առողջության կարիք ունեն, հոգեւոր առողջության կարիք չունե՞ն: Հիմա արդեն հիվանդանոցները կունենան իրենց հոգեւոր հովիվները, որոնք մնայուն կերպով հիվանդների հետ հոգեւոր աշխատանք կտանեն: Իզմիրլյան հիվանդանոցում դա վաղուց կա, որը Մայր Աթոռի հովանու ներքո է: Հոգեւոր հովիվները միշտ հիվանդների հետ լինում են, բժիշկների հետ էլ են տանում աշխատանք, որովհետեւ կարծում ենք, որ քրիստոնյա բժիշկ լինելը շատ ավելի նախընտրելի է, քան աթեիստ բժիշկ լինելը: Այդպիսի կարծիք ունենալն էլ կարծեմ արգելված չէ: Սոցապ ոլորտը ամենամեծ ոլորտն է, որտեղ մենք գործակցում ենք եւ անելիք ունենք: Եկեղեցու հիմնական դաշտերից մեկն է սոցիալական աշխատանքը, ինչը որ հաճախ չի երեւում, հաճախ չի թմբկահարվում, եւ լավ էլ արվում է, որ չի թմբկահարվում:
-Եկեղեցու առաքելությունը առավել գործառութային դարձնելու համար կառավարական որեւէ ծրագիր Ձեզ երբեւէ առաջարկվե՞լ է:
-Դա իմ խնդիրը չէ, ես ընդամենը Շիրակի թեմի առաջնորդն եմ, համահայկական հարցերը ինձ չեն վերաբերում, համահայկական հարցերով զբաղվում է Մայր Աթոռը եւ Ամենայն Հայոց Հայրապետը: Ես համահայկական հարցերին վերաբերող պատասխաններ չեմ կարող տալ: Մյուս կողմից՝ ես հուշագրին կարեւորություն չեմ տալիս. կարելի է ունենալ 20 հուշագիր, գործ չունենալ եւ գործ չանել, կարելի է չունենալ ոչ մի հուշագիր եւ հսկայական գործ կատարել: Ես երբեք թղթերին կարեւորություն չեմ տվել եւ չեմ տալիս, ավելի գործնականին եմ կարեւորություն տալիս: Եթե գործնական համագործակցություն կա, աշխատանք կա, թող հուշագիրը չլինի, մի մեծ բան չէ: Միշտ էլ գործակցել ենք. կառավարությունը ինչ-որ արել է, մենք կա՛մ մասնակցել ենք, կա՛մ ներկա ենք եղել, անկախ կառավարությունից` արել ենք, իսկ մարզպետարանների, քաղաքապետարանների հետ մնայուն աշխատանքի մեջ ենք: Եկեղեցին ունի իր ինքնուրույն ծառայությունները, մենք մեր սոցիալական կենտրոններն ունենք, մշակութային կենտրոններն ունենք, կրթական կենտրոններն ունենք:
-Նախագահի հետ հանդիպման ժամանակ խոսեցիք Գյումրու պոտենցիալը բացահայտելու մասին, հավանաբար մարդկային պոտենցիալը նկատի ունեիք: Ի՞նչ ռազմավարություն ունի եկեղեցին այս առումով:
-Մեր սոցիալ-կրթական կենտրոնում զանազան դասընթացներ կան, որպեսզի մարդիկ նոր արհեստներ սովորեն, նոր աշխատանքի տիրապետեն անվճար եւ երբեմն վճարովի նրանց համար, որոնք ի վիճակի են վճարելու:
Զրուցեց ՄԱՐԻԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
ԱՍՖԱԼՏԸ ՔԵՐԵԼ-ԹՈՂԵԼ ԵՆ
Իտալական «Սուարդի» բաժնետիրական ընկերությունը Համաշխարհային բանկի եւ Ասիական բանկի վարկային միջոցներով իրականացնում է Մ6 Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշենի մաքսակետ միջպետական ավտոճանապարհի շուրջ 30 կիլոմետրանոց հատվածի կառուցապատման աշխատանքներ: Պատվիրատուն ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է: Այրումի ջրհան կայանների վարչական շենքի մոտակայքից մինչեւ Բագրատաշենի մաքսակետ` շուրջ 15 կմ հատվածում, այդ ընկերությունը դեռեւս 2018թ. ամռանը ասֆալտի բարեկարգ, հարթ ծածկը քերել է, այդ քերվածքը կուտակել Այրում քաղաքի վարչական տարածքում, որպեսզի հետագայում այն կարողանա օգտագործել ասֆալտի արտադրության մեջ: Ու հիմա քաղաքացիները դժգոհում են, թե ասֆալտի բարեկարգ, լիովին պիտանի ծածկը ինչու պետք էր սրանից 8 ամիս առաջ քերել, եթե առջեւում ձմեռ էր: Ճանապարհի այդ հատվածի կառուցապատման աշխատանքները մինչ այժմ չեն սկսվել: Նոյեմբերյանի տարածաշրջանի վարորդները դժգոհում են, որ հարկ չկար ասֆալտի բարեկարգ ծածկը ժամանակից շուտ քերելու, հիմա այդ հատվածում ճանապարհի անհարթությունից ավտոմեքենաներն ընթացքի ժամանակ ճոճվում են: Օրերս Նոյեմբերյանի քաղաքապետարանում կայացած քննարկման ժամանակ նշվեց այդ ընկերության հետ կապված մեկ այլ խնդրի մասին: Այրումի ջրհան կայանների վարչական շենքի մոտից մոտ 500 մ դեպի Բագրատաշենի մաքսակետ ճանապարհի տակով ոռոգման ջրագծի մեծ խողովակ է անցնում, որն առաջիկայում իրականացվելիք ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ չպետք է վնասվի: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, թե ինքը կզբաղվի այդ խնդրով: Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ փետրվարի 28-ին մարզպետ Հ. Չոբանյանը միջպետական ավտոճանապարհի Արճիս-Բագրատաշենի մաքսակետի շուրջ 30 կմ հատվածի շինարարության ընթացքը մարզպետարանում քննարկել է իտալական «Սուարդի» ընկերության ներկայացուցչի հետ: Մարզպետն առաջ է քաշել ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներում տեղական ուժերի ներգրավման հարցը` ընդգծելով, որ բացի զբաղվածության խնդիր լուծելուց իտալական կազմակերպության ներկայությունը պետք է օգտագործել նաեւ փորձի փոխանակման, որոշակի մասնագիտական կատարելագործման նպատակով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի մարզում գործող զբաղվածության կենտրոններից անհրաժեշտ մասնագետներին ուղղորդեն դեպի կազմակերպություն: «Սուարդի» բաժնետիրական ընկերությունը 2017թ. դեկտեմբերի 7-ին է պայմանագիր կնքել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի վերոհիշյալ հատվածը կառուցապատելու համար: Այդ պայմանագիրը կնքելուց 15 ամիս է անցել, սակայն բացի վերոհիշյալ 15 կիլոմետր հատվածի ասֆալտի բարեկարգ ծածկը քերելուց այդ ընկերությունը ճանապարհի կառուցապատման համար ի՞նչ աշխատանքներ է կատարել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՀՀԿ-ԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԴԵՄ ԲՈՂՈՔՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՎԵՑԻՆ
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում բողոքի ցույցերը վերսկսվել են: 17 համայնքի բնակիչները վաղ առավոտից հավաքվել են համայնքապետարանի դիմաց` պահանջելով համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի հրաժարականը: «Մենք պահանջում ենք, որ այդ թալանչին հեռանա: Էսքան տարի աշխատել է ինքն իր գրպանները լցնելու համար, բայց այլեւս թույլ չենք տա: Մենք ժամանակավոր էինք դադարեցրել մեր ակցիաները` հույս ունենալով, որ նոր կառավարությունը մի բան կանի, բայց Արտակ Գեւորգյանը դեռ շարունակում է թալանել»,-ասել է ցուցարարներից մեկը:
Ցուցարարները ի նշան բողոքի ստորագրահավաք են կազմակեպել: 4500 անեցի է ստորագրել թղթի տակ` պահանջելով Արտակ Գեւորգյանի հրաժարականը. «Այստեղ հավաքված մարդիկ շատ չնչին մասն են կազմում: Բոլոր գյուղերի բնակիչներն էլ դժգոհ են ու դեմ Արտակ Գեւորգյանին: Մենք ստորագրել ենք ու պատրաստվում ենք փաստաթուղթը ներկայացնել Նիկոլ Փաշինյանին: Այս հաղթանակի մեջ մեր մասնաբաժինն էլ կա, թե ինչու ենք հիմա արհամարհվում, չգիտենք: Ոչ մի անգամ Նիկոլ Փաշինյանը չեկավ ու չլսեց մեզ, մենք շատ հիասթափված ենք»,-ավելացրեց ցուցարարներից մեկը:
Դեռ ամիսներ առաջ, ի պատասխան ակցիայի մասնակիցներին, Պետական վերահսկողության ծառայությունը Շիրակի մարզի Անի համայնքում ուսումնասիրություններ կատարեց: Իրավիճակը համայնքում լարված է: Համայնքապետարանում էլ թերեւս աշխատանքային գործընթացը վերսկսվեց ուսումնասիրություններից անմիջապես հետո: Լուրջ բացահայտումների մասին հայտարարություններ այդպես էլ չեղան, ինչն առավել մտահոգեց բնակչությանը: Ուսումնասիրություններից առաջ էլ համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի դեմ քրեական գործ էր հարուցվել` պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Համայնքի ղեկավարի դեմ բողոքել էր համայնքապետարանի նախկին աշխատակցուհին: Նա հաղորդում էր տվել առ այն, որ 2008-2016թթ. Շիրակի մարզի Անիի համայնքապետարանում աշխատելով որպես օժանդակ աշխատանքներ իրականացնող` չի հաշվառվել որպես աշխատող: Բացի այդ, ըստ հաղորդման, աշխատակցից վերցվել է նրա աշխատավարձի վճարման բանկային քարտը, 2016թ. ապրիլից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս նրա աշխատանքի դիմաց վճարված աշխատավարձը կանխիկացվել է, որի մի մասը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խարդախությամբ, հափշտակվել էր: Կնոջ բողոքի արտահայտումը զուգադիպեց ուսումնասիրությունների մեկնարկի հետ: Արտակ Գեւորգյանը գործընթացը որակեց որպես դավադրություն իր անձի դեմ: Արտակ Գեւորգյանի համար վերսկսված ակցիաները անհանգստացնող չեն, վերջինս չի պատրաստվում որեւէ քայլերի դիմել ու կսպասի, մինչ ակցիաները կնահանջեն. «Սրանք սովորական ակցիաներ են, այս մարդիկ փորձում են առիթից օգտվել իրենց նպատակներին հասնելու համար: Իսկ իրենց նպատակները շատ հեռահար են: Այստեղ միայն աթոռակռիվ է, ինչը, բնականաբար, ինձ վրա ազդել չի կարող: Այս ակցիաները բանականությունից դուրս են: Ես ստացել եմ ժողովրդի քվեն ու չեմ պատրաստվում տուրք տալ այդ ամենին»,-ասաց Անի համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանը:
Թե ինչու են բողոքի ակցիաները հենց այս ժամանակահատվածում սկսվել, հայտնի չէ, բայց, ըստ շրջանառվող լուրերի, սա առավելապես պայքար է ՀՀԿ-ի դեմ: Ինչպես մյուս համայքներում, աշխատանք է տարվում` մաքրելու համայքները Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից, իսկ այդ ամենի թիկունքում, ըստ տարածված կարծիքի, ներկայիս իշխանություններն են:
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի