Խորենացու փողոցի 13 հասցեում գտնվող ԿԳՆ նախկին շենքի քանդման մասին լուրը մեծ աղմուկ բարձրացրեց հայ հանրության շրջանում: Պատմական այդ կառույցը, ցավոք, հուշարձան շենք չէ, ինչպես նաեւ ներառված չէ Երեւան քաղաքի՝ ճարտարապետական տեսակետից արժեքավոր ճակատներ ունեցող շենքերի կազմում: Հենց այս հանգամանքն է, որ «անպաշտպան է» դարձնում շինությունը:
Երեւանի քաղաքապետարանի տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ «Շիրակ» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող շենքն ապամոնտաժվել է դեռեւս 2004թ.-ին, որի ժամանակ պահպանվել է միայն դիմային հատվածը: Ի սկզբանե` 2004թ.-ին շենքը մասնավորեցվելուց հետո, սեփականատերերն իրենց ներկայացված նախագծերով չեն նախատեսել ճակատային հատվածի պահպանում: 2017թ. հողամասը ձեռք է բերել «Արմսվիս Փրոփերտիս» ՓԲԸ-ն, որը դիմել է Երեւանի քաղաքապետարան շենքի կիսաքանդ ճակատային հատվածը ապամոնտաժելու եւ տեղում ստորգետնյա հարկերով բիզնես կենտրոն կառուցելու նպատակով: Ներկա պահին ապամոնտաժման աշխատանքներն իրականացվում են` համաձայն նախագծի եւ 08.02.2019թ.-ին տրամադրված քանդման թույլտվության հիման վրա:
Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում շեշտեց՝ նշանակություն չունի, որ շենքն ընդգրկված չէ ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների կամ այլ ցանկերում. հարկավոր էր ելքեր մտածել դրա քանդումը կանխելու համար. «Լուծելով այսօրվա խնդիրները՝ չի կարելի փակել ապագայի ճանապարհը: Եվրոպայում հին շենքերը պահպանում են ոչ թե այն բանի համար, որ դրանք պահպանվող հուշարձանների ցանկում են, այլ որովհետեւ դրանք իրենց պատմությունն են: Եթե անընդհատ քանդենք-սարքենք, քաղաքը կկորցնի իր պատմական դեմքը: Միայն Կարմիր բլուրով չես կարող ցույց տալ, որ Երեւանը 2800 տարվա պատմություն ունի»:
Ի դեպ, ընկերության կողմից ներկայացված բիզնես-կենտրոնի կառուցման էսքիզային առաջարկով խնդրո առարկա ճակատը նոր մոտեցմամբ վերականգնվելու է՝ դառնալով համալիրի ինտերիերի բաղկացուցիչ մասը: Տասնյակ տարիների ընթացքում տեղումների հետեւանքով շենքի ճակատային հատվածը խարխլվել է: Ճարտարապետը նկատեց՝ պետք չէր թողնել, որ ճակատը քանդվեր, հետո էլ վերականգնեին այն. «Այդ սկզբունքով Երեւանի գլխավոր պողոտան քանդեցին, որ Հին Երեւան կառուցեն, էլ ի՞նչ Հին Երեւան: Առհասարակ, հիմա ընդունված է՝ ներդրողն ինչ ուզում, անում է, բայց նա պետք է հաշվի նստի քաղաքի գլխավոր հատակագծի հետ, իսկ դրա համար հարկավոր է, որ նրա հետ նախապես պայմանագիր կնքվի, որտեղ կնշվեն ներդրողի իրավունքներն ու պարտականությունները»:
Ճարտարապետ, Երեւանի ավագանու անդամ Արսեն Կարապետյանը մեզ հետ զրույցում եւս առաջ քաշեց այդ հարցը. «Քաղաքապետարանը ֆորմալ առումով օրենք չի խախտել: Չես կարող սեփականատիրոջը հենց այնպես արգելել քանդել շենքը: Պետք է ամեն բան հիմնավորված լինի: Պարզապես խնդիրն այն է, որ մենք ժառանգել ենք «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքը, որը թերի է եւ պահպանության ենթակա հուշարձանների ցանկը, որը եւս լրացումների կարիք ունի: Սեփականատերերին իրենց պարտականությունների մասին չի ծանուցվում, նրանց հետ համապատասխան պայմանագրեր չեն կնքվում: Մենք բարեփոխումների երկար ճանապարհ պետք է անցնենք, որի ժամանակը չկա: Մինչեւ օրենքը, ցուցակները փոխվեն, լրացվեն, այդ ընթացքում կորուստներ կունենանք: Պետք է շտապ միջոցներ ձեռնարկել, որպեսզի մի խումբ կառույցների անձեռնմխելիությունը, անկախ կարգավիճակից, ապահովվի: Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ եւ փորձում ենք ելքեր գտնել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
«ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՄ ՇԱՏԵՐԻ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՍԻՐՈՒՀԻՆԵՐԻՆ»
Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը տեւական ժամանակ է՝ էկրաններին չի երեւում: Նա իր բուն մասնագիտությամբ չէր զբաղվում այնքան ժամանակ, մինչեւ որ առաջարկ ստացավ ռեժիսոր Հարություն Խալաֆյանից նկարահանվելու սիթքոմում: «Այդ ձեւաչափում առաջին անգամ եմ հանդես գալու: Սիրով ընդունեցի հրավերն այն ռեժիսորից, որի հետ աշխատել եմ դեռեւս տասը տարի առաջ: Նկարահանումները դեռ մի քանի ամիս կտեւեն, մանրամասներ հայտնել չեմ կարող: Միայն մի հետաքրքիր բան փաստեմ. երբ Հարությունն ինձ առաջարկ արեց, ասաց. «Եթե գլխավոր դեր չլինի, կհամաձայնե՞ս խաղալ»: Արի ու տես, որ ես ոչ մի նախագծում գլխավոր դեր չեմ խաղացել, բայց հենց ես եմ հիշվել, երբեմն էլ ինձնով է հիշվել անգամ նախագիծը»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց դերասանուհին՝ հավելելով, որ շատ էր կարոտել իր մասնագիտությունը:
Հարցին, թե ինչու էր այս ընթացքում պասիվացրել իր գործունեությունը, Նաիրան պատասխանեց. «Որովհետեւ պրոդյուսերները թայֆայական մտածողություն ունեն, իսկ ռեժիսորի խոսքն էլ մեր երկրում որոշիչ չէ»:
Մենք հետաքրքրվեցինք՝ Նաիրան շարունակում է արդյոք զբաղվել իր երկրորդ մասնագիտությամբ՝ դիմահարդարմամբ: «Այո, իհարկե, տանն ընդունում եմ այցելուներ, սրահ չունեմ: Տարիներ առաջ ունեցել եմ, բայց հիմա նպատակահարմար չէ սրահ բացելը»,-մեկնաբանեց դերասանուհին:
Երկրպագուները կհիշեն, որ Նաիրան մեկ տարի էր՝ առողջ ապրելակերպի քարոզչության հետ կապված գործունեություն էր ծավալում, ուղիղ միացումներ էր ունենում «Ֆեյսբուքում», խորհուրդներ տալիս անձնական փորձից, հյուրընկալում մասնագետների: Հիմա, սակայն, նա դադար է վերցրել: «Նայում ես շուրջդ ու տեսնում ես, որ ուրիշներն անում են այն, ինչ դու, բայց փող են աշխատում, իսկ ես միայն հաճույքիս համար էի զբաղվում դրանով»,-ասաց մեր զրուցակիցը:
Իսկ հարցին, թե արդյոք թատրոններից հրավերներ ստանում է, դերասանուհին պատասխանեց. «Ոչ, առաջարկներ չունեմ, քանի որ խանգարում եմ շատերի կանանց եւ սիրուհիներին: Ինձ բոլորը խանդում են, ես մեղավո՞ր եմ: Միայն ինձ չէ, այլեւ, առհասարակ, իմ տիպի կանանց»:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԿԱՐԵՎՈՐԸ ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵԼՆ Է
Փետրվարի 24-ին Հայաստանում կայացավ MIX FIGHT 40 մրցաշարը,որտեղ K1-ի շրջանակներում WKL վարկածով աշխարհի չեմպիոն հռչակվեց հայազգի Ռազմիկ Ղուլինյանը:
Սեփական երկրում մրցելու պատասխանատվության,Կ-1 ֆեդերացիայի, MIX FIGHT 40-ի եւ այլ հարցերի մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է աշխարհի չեմպիոն Ռազմիկ Ղուլինյանի եւ MIX FIGHT մրցաշարի կազմակերպիչ Վարդան Մնացականյանի հետ:
Կ-1-ի աշխարհի չեմպիոն Ռազմիկ Ղուլինյան
-Ի՞նչ զգացողություններ ունեցաք` հաղթելով հայկական հողի վրա,արդյոք հայրենիքում գտնվելու փաստը,սեփական երկրպագուների առաջ ներկայանալը մեծացնո՞ւմ է պատասխանատվության զգացումը:
-Իրոք մեծ պատիվ է սեփական երկրում, սեփական հողի վրա տիտղոս նվաճելը` այն էլ հաղթելով այլազգի մարզիկի:Խոսքերով չեմ կարող նկարագրել զգացածս եւ էմոցիաներս, ուղղակի հպարտ եմ,որ հայ եմ ու կարողացել եմ հաղթանակ տանել հայ հողի վրա:
-Ինչպիսի՞ն է եղել Ռազմիկ Ղուլինյանի` դեպի աշխարհի չեմպիոն տանող ճանապարհը:
-Խոսքերով մեկնաբանելը շատ դժվար է. 3-4 տարի անդադար մարզվել,երկիր փոխել, քաշ գցել եւ նման պայմաններում արդյունք գրանցելը հեշտ չէ:Շատ են դժվարությունները,բայց հենց դրանք են,որ ինձ հնարավորություն են տալիս արժեւորել ինքս ինձ, օրինակ ծառայել մյուս մարզիկներին եւ ապացուցել,որ, Հայաստանում մարզվելով, հնարավոր է մասնակցել խոշոր մրցաշարերի եւ ճանաչվել հաղթող:
-Ո՞րն է Ձեր ամենահիշարժան հաղթանակը:
-Ամենահիշարժան հաղթանակս հենց վերջին մենամարտն էր,որտեղ կարողացա նվաճել աշխարհի չեմպիոնական գոտին:Չնայած այն փաստին,որ ունեի առողջական խնդիրներ,միեւնույն է, դրան ուշադրություն չդարձրի: Մտքումս միայն հաղթանակի հասնելն էր,որը կարողացա անել:Ամեն ինչ կանեմ չեմպիոնական այս գոտին կրկին Հայաստանում պահելու համար:
-Ո՞րն է Ձեր կարիերայի ամենամեծ հիասթափությունը:
-Հիասթափություններ շատ են եղել:Ամենամեծը առանձնացնել չեմ կարող:Հայաստանում մարզվելիս շատ են եղել կոտրող հանգամանքներ, պատահել է,որ ֆինանսական խնդիրների պատճառով չեղարկվել են մարտերը, կամ նշանակված է եղել մարտը,սակայն մարզվելու տեղ չենք ունեցել:Այսպիսի բաները ինձ համար ավելի շատ մոտիվացնող են եղել,կարողացել եմ անցնել այդ ամենի միջով եւ այսօր գրանցել այսպիսի արդյունք:
-Ինչպե՞ս եք մոտիվացնում մարտերից առաջ ինքներդ Ձեզ:
-Մարտերից 2-3 ամիս առաջ արդեն տրամադրվում եմ մարտին:Ծանոթանում եմ նրա մարտերին,սկսում եմ հետեւել մրցակցիս մարզումներին,անդադար մարզվում եմ եւ աշխատում եմ առողջական խնդիրներ չունենալ:Իսկ մարտի օրը ինչ ուզում է պատահի,եթե նույնիսկ կան առողջական խնդիրներ, կարեւորը միայն հաղթանակի մասին մտածելն է:
MIX FIGHT մրցաշարերի կազմակերպիչ Վարդան Մնացականյան
-Պարո՛ն Մնացականյան, մի փոքր կպատմեք MIX FIGHT 40 մրցաշարի նախապատրաստական աշխատանքների մասին: Ինչպե՞ս որոշեցիք այդ խոշոր մրցաշարը անցկացնել Հայաստանում:
-Ես արդեն 12 տարի է, ինչ չեմ գտնվում Հայաստանում, բայց շատ մեծ ցանկություն ունեի այս մրցաշարը բերել իմ հայրենիք,որը, չնայած մեծ դժվարությունների, հաջողվեց:Կազմակերպչական հարցերում ինձ շատ օգնեցին Ռազմիկը եւ Դավիթ Ղազարյանը: Իհարկե նաեւ մեծ աջակցություն ցուցաբերեց Գագիկ Ծառուկյանը, ով բոլոր հարցերով օժանդակեց մեզ, եւ առանց որի այս մրցաշարը կայանալ չէր կարող:Ամեն բան կազմակերպված էր շատ պրոֆեսիոնալ մակարդակով,ինչը հաճելիորեն զարմացրեց հյուրերին, եւ իհարկե բոլորը հասկացան,որ Հայաստանը աֆրիկյան պետություններից չէ:
-Արդեն հայտնի՞ Է Ռազմիկ Ղուլինյանի հաջորդ մրցակիցը
-Ոչ, դեռեւս հայտնի չէ, բայց հնարավոր է` մրցակիցը լինի իսպանացի Խուան Մարտոսը, ով 3 տարի առաջ պարտվել է Ռազմիկին եւ ցանկանում է ռեւանշ մենամարտ անցկացնել, սակայն դեռեւս հստակ ոչինչ չկա:
Զրուցեց ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ