ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հատկապես Հայաստանում խուսափում է հասարակության առաջ երեւալուց: Երեկ նա մասնակցել է Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակի տոնակատարություններին, բայց ոչ թե Երեւանում՝ Եռաբլուր պանթեոնում, որտեղ ամփոփված է Սպարապետի մարմինը, այլ Արցախում:
Սերժ Սարգսյանի այս պահվածքի պատճառների մասին կարելի է միայն ենթադրել. նա համաժողովրդական շարժման ճնշման ներքո ստիպված եղավ 2018թ. ապրիլի 23-ին հրաժարական տալ: Այդ հրաժարականը հայ հասարակությունն ընդունեց մեծ ցնծությամբ. հիշում եք համաժողովրդական տոնախմբությունը մայրաքաղաքի փողոցներում, նաեւ մյուս բնակավայրերում ու Սփյուռքում:
Եւ, ահա, այդ հրաժարականից հետո Սերժ Սարգսյանն ընդամենը մեկ անգամ է երեւացել հասարակության առաջ` նախորդ տարվա դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ, երբ մասնակցեց քվեարկությանը` իհարկե հրաժարվելով հարցազրույց տալ: Ս. Սարգսյանը քիչ թե շատ մարդաշատ միջոցառման մասնակցել է նաեւ ՀՀԿ-ում՝ Անդրանիկ Մարգարյանի քաղաքական դպրոցի շրջանավարտների հետ հանդիպելով, լուսանկարվելով: Բայց սա ավելի շատ ներկուսակցական միջոցառում կարելի է անվանել:
Եւ, ահա, Սերժ Սարգսյանին տեսնում ենք Ստեփանակերտում` Սպարապետի 60-ամյակի տոնակատարություններին ամբիոնին Արցախի նախագահ Բակո Սահակյանի ու ղարաբաղցի մյուս բարձրաստիճան պաշտոնյաների կողքին կանգնած:
Հայաստանում վաղուց պետք է ստեղծված լիներ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով. օրենսդրության համաձայն՝ այն պետք է ստեղծված լիներ 2018 թվականի ապրիլի 10-ից՝ նոր սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո՝ 50-օրյա ժամկետում, այսինքն՝ մայիսի վերջերին: Սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մինչեւ հիմա չի ձեւավորվել: Փոխարենը գործում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որի նախագահն էլ մեկ տարի առաջ էր հրաժարական ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018թ. ընթացքում Էթիկայի հանձնաժողովը 2181 հայտարարագրերի եւ այլ աղբյուրների ուսումնասիրությամբ դուրս է բերել բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 841 առեւտրային կազմակերպությունների տվյալներ: Եվ արդյունքում պարզվել է, որ 2014-2017 թվականներին պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 91 առեւտրային կազմակերպություն ճանաչվել է գնումների հաղթող, եւ նրանց հետ կնքվել է 709 պայմանագիր:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ նախկին ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օֆշորային սկանդալի մեջ հայտնված գեներալ Միհրան Պողոսյանն էկզոտիկ մրգերի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող նոր ընկերություն է ստեղծել: Խոսքը «Մրգենի» ՍՊԸ մասին է, որը, ըստ պետական ռեգիստրի, ստեղծվել է 2018թ. հուլիսի 27-ին, իսկ հիմնադիրն է Լեւոն Աթաջանյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Մրգենի» ընկերությունը մրգի տեղափոխումը իրականացնում է «Քեթրին գրուպ»-ի մեքենաներով: Հիշեցնենք, որ «Քեթրին գրուպին» 25 մլն դրամ պարտքը չվճարելու պատճառով սնանկ ճանաչելու համար վերջերս դատարան էր դիմել միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «Ալիանս Լոջիսթիք» ընկերությունը: Այս երեւույթը հայաստանյան իրականության մեջ այլեւս նոր չէ, քանի որ երբ մի ընկերությունը սնանկանում է, ապա սեփականատերը հանձն է առնում նորը բացելու գործը: Համացանցում առկա չեն «Մրգենի» ընկերության կոնտակտները, հետեւաբար այս տեղեկությունները ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել «Քեթրին գրուպ»-ի հետ, սակայն մեր հեռախոսազանգերը անպատասխան մնացին:
Չնայած երեկ մեկնարկած յոթերորդ գումարման խորհրդարանի օրակարգում ընդամենը 5 քննարկվող հարց էր ընդգրկված, ու պատգամավորները թեթեւ ռեժիմով էին աշխատում, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` առաջիկայում նրանց գերլարված օրեր են սպասվում. ԱԺ արտահերթ նիստերի պակաս չի լինելու: Բանն այն է, որ մոտ 50 նախագիծ է առկա Ազգային ժողովի նիստերի օրակարգ չընդգրկված նախագծերի ցանկում։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ դրանց մի մասը՝ պատգամավորների ներկայացրածները, դեռեւս չունի կառավարության եզրակացություն, իսկ մի մասն էլ, որոնք արդեն կառավարության կողմից են ներկայացված, դեռեւս քննարկում չեն անցել մշտական հանձնաժողովներում եւ այդ պատճառով ընդգրկված չեն այս նիստի օրակարգում։ Միեւնույն ժամանակ, տեղեկացանք, որ կան նախագծեր, որոնք կառավարության կողմից ճանաչվել են անհետաձգելի, եւ քանի որ այս նստաշրջանի օրակարգ չեն ընդգրկվել, առաջիկայում տեղի կունենա նաեւ արտահերթ նիստ դրանք քննարկելու համար:
ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՊԱՀԱՆՋ
Սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակն առիթ դարձավ կրկին անդրադառնալու հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը. սահմռկեցուցիչ իրադարձություն, որի հետեւանքով սպանվեց Սպարապետը:
Ու հատկապես այսօր, երբ Հայաստանի նոր իշխանությունները կոնկրետ քայլեր են սկսել մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ՝ մեղադրանք առաջադրելով 2008թ. ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչներին, հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտումը հրամայական է դարձել: Մոտ երկու տասնամյակի ընդմիջումից հետո այսօր շատերը վստահ են, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպիչները կարող են բացահայտվել: Պատահական չէ, որ երեկ Եռաբլուրում այդ միտքը շատ էր շեշտվում, եւ այդ երկու իրարից տարբեր, բայց եւ իրար նման ոճրագործությունների միջեւ զուգահեռներ էին անցկացվում: Հենց Սպարապետի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, ասել է, թե հոկտեմբերի 27-ի հետ կապված շատերի մոտ կասկածներ կան, ու այդ կասկածները պետք է փարատվեն. «Եվ ցանկալի կլիներ, որ բացահայտումները ժամանակի ընթացքում կարողանային անցնել, նաեւ Մարտի 1-ը փակելով, այդ թեման վերջնական լուծում տալուց հետո նաեւ անցնեին Հոկտեմբերի 27-ին, կարծում եմ կանցնեն»,- ասել է նա:
Բայց ամենաուշագրավը երեկ Եռաբլուրում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարություններն էին. «Հոկտեմբերի 27-ը համապատասխան արժանի եւ պատմական գնահատականը պետք է ստանա: Պատմականի մեջ մտնում է նաեւ իրավականը»,- ասել է նա: ՀՀ նախագահը, որ այդպես էլ հստակ գնահատական չի հնչեցրել Մարտի 1-ի վերաբերյալ, ընդհակառակը, շեշտում է հոկտեմբերի 27-ի իրադարձություններին իրավական գնահատական տալու կարեւորությունը: Ասել է թե` իր հերթին ոճրագործության կազմակերպիչներին բացահայտելու պահանջ է դնում:
Ընդ որում, սա առաջին անգամը չէ, երբ Արմեն Սարգսյանը նման կտրուկ հայտարարություն է անում. 1998-ից 2000թ. ապրիլի 20-ը նա եղել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանը, եւ այդ պաշտոնից ազատվելուց երեք օր անց՝ ապրիլի 23-ին` հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ էլ ասել է. «Այսօր ցավով նշում եմ, որ 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած սպանություններից հետո Հայաստանն ապրում է ծանր ժամանակներ: …Դիվանագետի եւ պետական ծառայողի պաշտոնում ես չէի կարող բացահայտորեն խոսել իր մտահոգությունների մասին՝ Հայաստանի ղեկավարության գործողությունների կապակցությամբ: Ամեն դեպքում, խիղճս մաքուր է, քանի որ իմ բոլոր խորհուրդները անկեղծ էին: Ցավոք սրտի, իմ տեսակետը Հայաստանի ապագայի վերաբերյալ միշտ չէ, որ համընկել է ՀՀ ղեկավարների տեսակետների հետ»: