ԵՐԲ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԱՌՈՒՅՑԸ ԴԵՌ ԳՈՐԾՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, դեռեւս այս տարվա փետրվարի 5-ին հրաժարական էր տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանը` իր որոշումը պատճառաբանելով, թե նոր իշխանությունը չի կատարել օրենքով պահանջվող համապատասխան քայլեր: Ս. Սահակյանի հրաժարականի օրից արդեն անցել է ուղիղ մեկ ամիս, սակայն հանձնաժողովը նոր նախագահ չունի:

Բանն այն է, որ այժմ օրենքով անգամ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը` որպես կառույց, լիազորություններ չունի, քանի որ այս կառույցի փոխարեն օրենքով նախատեսված պետք է ստեղծվեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, սակայն մինչեւ օրս այն չի ստեղծվել, եւ, ըստ էության, պաշտոնյաները շարունակում են իներցիայով իրենց հայտարարագրերը ներկայացնել արդեն գոյություն չունեցող կառույցի:
Նշենք, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն` այս հանձնաժողովը պետք է կազմված լինի հինգ անդամից, իսկ Սահմանադրության 122-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հանձնաժողովի անդամներին «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով եւ սույն օրենքի 12-15-րդ հոդվածներով սահմանված կարգով` նշանակում է Ազգային ժողովը՝ վեց տարի ժամկետով: Սակայն մինչ օրս այս հարցով որեւէ տեղաշարժ առկա չէ: Ընդգծենք, որ այս գործընթացի դանդաղումն ունի իր օբյեկտիվ պատճառները, քանի որ այն պետք է կազմավորվեր 2018 թվականի ապրիլի 10-ից հետո 50-օրյա ժամկետում, սակայն, թերեւս, թավշյա հեղափոխությունն ու հետեւանքները կանխարգելեցին այդ գործընթացը:
Ինչեւէ, Սիրանույշ Սահակյանի հրաժարականից մեկ օր առաջ կառույցը հրապարակել է իր 2018 թվականի գործունեության հաշվետվությունը, որտեղ հետաքրքիր տվյալներ են ներկայացված: Նախ` էականորեն ավելացել է հայտարարագիր ներկայացնող անձանց թիվը, եւ դա էլ է օրենքի պահանջ: Օրինակ` 2017 թվականի համեմատ` ներկայացված հայտարարագրերի թիվը աճել է շուրջ երկուսուկես անգամ, իսկ 2016թ. համեմատ՝ հինգ անգամ: Բայց սա իրականում ոչ թե հանձնաժողովի գործունեության արդյունքն է, այլ օրենսդրական պահանջ, քանի որ օրենսդրությամբ շատ ավելի մեծ թվով պաշտոնյաների համար հայտարարագիր ներկայացնելու պահանջ դրվեց: Պատահական չէ, որ, չնայած հայտարարագրերի թվի աճին, տարեցտարի նվազել է այս հանձնաժողովի հանդեպ վստահությունը, սկսել են լուրջ չվերաբերվել, եւ դրա ապացույցը կրկին թվերն են: Օրինակ` 2018 թվականին ուշ ներկայացված հայտարարագրերի թիվը 2002-ն է կամ ընդհանուրի 18 տոկոսը: 2017 թվականին տարեկան հայտարարագիր չի ներկայացրել 2 պաշտոնյա, իսկ 2018-ին պաշտոնի ստանձնման հայտարարագիր չի ներկայացրել 32 պաշտոնյա, իսկ դադարեցման` 112:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ տվյալները եւս բավական խոսուն են: 2018 թվականին հանձնաժողովի կողմից հարուցվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի 419 վարույթներ, որոնցից 256-ը եղել է հայտարարագրերն օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու, 151-ը` հայտարարագրերում անզգուշությամբ կա՛մ սխալ, կա՛մ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու, իսկ 12-ը` հայտարարագրի լրացման կարգի խախտման առերեւույթ հատկանիշներով: Ընդ որում, հարուցված վարույթների արդյունքում 219 պաշտոնատար անձ ենթարկվել է «նախազգուշացում» վարչական տույժի, 68-ի նկատմամբ կիրառվել է տուգանք, 112-ի դեպքում գործը կասեցվել է:
Այլ հետաքրքիր տվյալներ եւս. 2181 հայտարարագրերի եւ այլ աղբյուրների ուսումնասիրությամբ դուրս են բերվել բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 841 առեւտրային կազմակերպությունների տվյալներ: Եվ արդյունքում պարզվել է, որ 2014-2017 թվականներին պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 91 առեւտրային կազմակերպություն ճանաչվել է գնումների հաղթող, եւ նրանց հետ կնքվել է 709 պայմանագիր: Եվ նրանց 19 տոկոսում, այսինքն` 99-ում, առկա է եղել շահերի բախման իրավիճակ: Մասնավորապես, ընկերությունները հաղթող են ճանաչվել այն կառույցներում, որտեղ աշխատում էր այդ ընկերության հետ փոխկապակցված պաշտոնյան: Նշված պայմանագրերի մեծ մասը՝ 469-ը կամ ընդհանուրի 66%-ը, կնքվել է «Բանակցային ընթացակարգ առանց հայտարարության» ընթացակարգի շրջանակներում: Սա նշանակում է, որ այդ մրցույթների համար նախապես հայտարարություն չի հրապարակվել: Տարածվածությամբ 2-րդը մեկ անձից գնման ընթացակարգով կատարված գնումներն են (96 պայմանագիր (13.5%)), որոնք եւս ռիսկային են՝ գնման այլ ընթացակարգերի համեմատ: Ավելին, նմանատիպ գնումների փաստաթղթերը (օրինակ՝ մասնակցի ներկայացրած փաստաթղթերը, ընտրված մասնակցի հետ կնքված պայմանագիրը) հաճախ չեն հրապարակվել:
Օրինակ` դրանցից մեկը «Աբովյանի հացի գործարան» ՍՊԸ-ն է եղել, եւ պետական ռեգիստրի տվյալների համաձայն` այս ընկերության բաժնետերերից է Շամամ Հարությունյանը, որը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի քույրն է: Այդ ցանկում տեղ էր գտել նաեւ ԱԺ նախկին փոխնախագահ ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն: Հայտնի է, որ այս ընկերությունը հիմնականում ներգրավված է եղել ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքներում: Այս ցանկում է եղել նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի ընտանիքին պատկանող «Արփա-Սեւան» ԲԲԸ-ն: Ցանկում են եղել նաեւ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին պատկանող «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտը, հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին պատկանող «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ն եւ այլն: Այսինքն` նախկին իշխանությունների մարդիկ, եւ գրեթե բոլորը՝ ՀՀԿ-ից:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՀՍՏԱԿԵՑՐԵԼ Է
Օրերս ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հանրային հեռուստատեսությամբ հայտարարել էր, թե 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին բանակը ներգրավված է եղել: «Զինված ուժերն օգտագործվել են, այո։ Մարտի 1-ի դեպքերին զինված ուժերը ներկա են եղել եւ կատարել են իրենց պարտականությունը»,- ասել էր նա: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը նկատել էր, որ Տոնոյանի հայտարարությունները որոշակի հստակեցման կարիք ունեն։ Ըստ էության, նա հստակ չի մատնանշել՝ զինված ուժերը երբ են ներգրավվել մարտիմեկյան իրադարձություններին. 2008թ. փետրվարի 23-ից՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու բանակի սպայական կազմի հետ հանդիպումից հետո ծնված 0038 գաղտնի հրամանո՞վ, թե՞ մարտի 1-ի առավոտյան, երբ ոստիկանական ուժերը հարձակվեցին Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցների վրա, թե՞ երեկոյան Լեո-Պարոնյան խաչմերուկում, թե՞ ավելի ուշ, երբ արդեն հայտարարված էր արտակարգ դրություն, ու բանակի վրա էր դրված պետական կարեւորագույն օբյեկտների պաշտպանությունը։
Եւ, ահա, երեկ Եռաբլուրում Տոնոյանը հստակեցրել է իր հայտարարությունները` ասելով. «Մարտի 1-ի դեպքերից առաջ կամ դեպքերից հետո արտակարգ իրավիճակ հայտարարելու հետ կապված օգտագործվել են մեր զինված ուժերը: Այսինքն` ներկա են եղել Երեւան քաղաքում: Մարտիմեկյան դեպքերին զինված ուժերի ներկա լինելու իրավաչափությունը հաստատվելու է դատարանով»:

 

 

 

ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթից: Ինչպես հայտնի է, երեկ ԲԴԽ-ն քննեց Դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը` Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Վարույթի նյութերի հետազոտումից եւ նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները լսելուց հետո ԲԴԽ-ն հարցի քննությունը հայտարարեց ավարտված եւ հեռացավ որոշում կայացնելու: Մարտի 14-ին հայտնի կլինի, թե դատավորը կենթարկվի պատասխանատվության, թե ոչ: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ դատավորի դեմ վարույթ հարուցելու պատճառը: Ըստ մեր տեղեկությունների` Ինտերպոլով հետախուզվողին հայտնաբերել են Հայաստանում, եւ նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան կալանավորելու համար: Սակայն դատավոր Դանիբեկյանը կալանքի որոշում չի կայացրել, ինչի արդյունքում հետախուզվողը, հայտնվելով ազատության մեջ, կրկին փախել է, եւ մինչ օրս նրան չեն կարողանում գտնել:
Այնպես որ, ենթադրվում է` ԲԴԽ որոշումը կարող է դատավորի դեմ լինել:

 

 

ԵԼՈՒՅԹ ԵԽԽՎ-ՈՒՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում, որը տեղի կունենա ապրիլի 8-ից 12-ը: Նստաշրջանի ընթացքում սպասվում են Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների ելույթները: Նշենք, որ քննարկումներ են անցկացվելու ՄԱԿ-ի հետ համագործակցության ամրապնդման եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հնարավոր մասնակցությամբ կայուն զարգացման ոլորտում նպատակների իրականացման վերաբերյալ: Վեհաժողովը կքննարկի այսպես կոչված «լվացքատները» եւ կազմակերպված հանցավորության եւ փողերի լվացման դեմ պայքարում նոր մարտահրավերները, ինչպես նաեւ կքննարկի ԵՄ-ի ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ հիմնարար իրավունքների հարցերով նոր մեխանիզմի ստեղծման վերաբերյալ դիրքորոշումը:

 

 

ԱՆՀԱՆԳԻՍՏ ԵՆ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի հետ քննարկել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի` Արցախի հակամարտության վերաբերյալ արած վերջին հայտարարությունները, որոնք անհանգստության պատճառ են դարձել Բաքվում: Հիշեցնենք, որ օրերս Արթուր Վանեցյանն Արցախ կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ հայկական կողմը «ոչ մի թիզ հող հանձնելու նպատակ չունի»: «Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները միտված չեն խաղաղության: Օրինակ` ԱԱԾ ղեկավարի վերջին հայտարարությունը: Ես տվյալ հարցով այսօր հեռախոսազրույց եմ ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ»,-ասել է Մամեդյարովը: Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ ինքը խնդրել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին մոտ օրերս Երեւան կատարելիք այցի ընթացքում բարձրացնել այս հարցը: Մասնավորապես, Մամեդյարովը հայտնել է, որ ինքը խնդրել է Լայչակին հարց հղել ՀՀ իշխանություններին. «Մենք մեր ժողովուրդներին պատրաստելու ենք խաղաղությա՞ն, թե՞ այլ ուղղությամբ»:

 

 

ՊԵՏՔ Է ՎԵՐԱԲԱՑՎԻ
«Վազգեն Սարգսյանի հիշատակը պետք է կառուցենք` մեր երկիրը հզորացնելով, եւ հիմա նրա երազած Հայաստանը կառուցելու ճանապարհին ենք»,- ArmLur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը։ Անդրադառնալով հոկտեմբերի 27-ի դեպքերին` նա նշեց, թե այդ գործը պետք է վերաբացվի, որ ամբողջական բացահայտում լինի։

 

 

ԿԲԱՑԱՀԱՅՏՎԻ ԱՊԱԳԱՅՈՒՄ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը Սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակի օրն անդրադարձել է նաեւ հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտմանը. «Հոկտեմբերի 27-ը ավելի բարդ խնդիր է, քան Մարտի 1-ը, բայց մի՛ կասկածեք, որ կբացահայտվի ապագայում»,-ասել է Սասուն Միքայելյանը:




Լրահոս