ՊԵՏՔ ՉԷ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ ԴՈՒՐՍ ՈՒԺԵՂ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՓՆՏՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի հետ:

-Պարո՛ն Գորգիսյան, «Իմ քայլը» խմբակցությունը մերժեց «Լուսավոր Հայաստանի»` Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Դա նույնիսկ օրակարգ չբերվեց: Ի՞նչ արդյունք կունենայինք, եթե նախագիծը ընդունվեր:
-Մի քանի բառով փորձեմ ասել: Նախնական կալանավայրերում շատ ավելի վատ պայմաններով են երկար ժամանակ, երկար տարիներ քաղաքացիներ պահվել, քան արդեն ազատազրկման վայրերում: Այդ խնդիրը լուծելու համար, որպեսզի ինչ-որ ձեւով նաեւ կոմպենսացվի պայմանները, մենք առաջարկում էինք մեկ օրը հաշվել մեկ ու կես օր այդ փուլում գտնվելիս: Մեծամասնությունը այն հիմնավորմամբ, որ հիմա այլեւս այդ պայմանները չկան, մերժեց: Նույնիսկ թույլ չտվեցին Ազգային ժողովի նիստերի դահլիճում լիագումար նիստի ժամանակ ամբողջական քննարկել այդ փաթեթը: Նշեմ, որ մենք մինչեւ համաներում էինք սա առաջարկել: Կարծում եմ` սա վատ ավանդույթների շարունակությունն է, եւ պետք է սրանից հրաժարվել:
-Դուք երեք հանդիպում եք ունեցել «Դաշնակցություն» կուսակցության հետ: Ի՞նչ քննարկվեց: Նմանատիպ հանդիպումների արդյունավետությունը ինչպե՞ս կգնահատեք:
-Քննարկվեցին համագործակցության եզրեր` հաշվի առնելով, որ «Դաշնակցությունը» 126-ամյա կուսակցություն է եւ հավաքել է ընտրողների 4 տոկոսից ավել ձայն: Մենք պատրաստակամություն էինք հայտնել, որ ընտրություններից հետո հանդիպելու ենք բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք ներկայացված չեն Ազգային ժողովում` գտնելու համագործակցության եզրեր, եւ եթե կարիք կա, նրանց հուզող հարցերը բերելու Ազգային ժողով: Այս առումով դրական եւ շատ կառուցողական հանդիպում էր:
-Արդեն քննարկվե՞լ են այնպիսի հարցեր, որոնց մասով, օրինակ, Դուք պետք է օրենքի նախագիծ բերեք Ազգային ժողով:
-Դեռ ոչ: Դեռ առաջին այսպիսի հանդիպումն էր, բայց հետագայում կունենանք հանդիպումներ այլ հարցերի մասին:
-Էլ ո՞ր կուսակցությունների հետ եք հանդիպելու, պարո՛ն Գորգիսյան:
-Դեռ օրակարգում նման հարց չկա, բայց բաց ենք հանդիպման համար գրեթե բոլոր կուսակցությունների հետ:
-Արտախորհրդարանում մենք ունե՞նք ուժեղ ընդդիմություն:
-Ուժեղ ընդդիմությունը խորհրդարանում է, եւ պետք չէ այն փնտրել արտախորհրդարանում: Դա կեղծ օրակարգ է: Եվ հիմնականում շրջանառության մեջ է դրվել նախկին ռեժիմի ներկայացուցիչների կողմից` ունենալով մի նպատակ` ուղղակի մտնել խաղի մեջ: Իրենք հիմա լուսանցքում են գտնվում եւ չունեն որեւէ օրակարգ քաղաքականության մեջ դերակատարում ստանձնելու համար: Սա նրանց կողմից ստեղծված կեղծ օրակարգ է ընդամենը:
-Այդ դեպքում ինչո՞ւ եք հանդիպում արտախորհրդարանական ուժերի հետ:
-Արտախորհրդարանական ուժերը պարտադիր չէ, որ լինեն ընդդիմություն: Արտախորհրդարանական ուժերը ունեն քաղաքացիների ինչ-որ չափի վսատահությունը, եւ մենք պատրաստ ենք լսել նրանց դիտարկումները, նրանց տեսակետները, նախաձեռնությունները:
-«Քաղաքացու որոշում» կուսակցության հետ ի՞նչ է քննարկվել: Արյդոք շարունակական կլինե՞ն հանդիպումները:
-Իրենք ունեին իրենց մոտեցումները` անցումային արդարադատության հետ կապված: Մեր մի քանի ներկայացուցիչներով հանդիպել ենք, բայց դա, կարծեմ, ոչ թե «Քաղաքացու որոշում» կուսակցության նախաձեռնությունն էր, այլ մի քանի անհատի` քաղաքական ակտիվիստների: Նրանք հենց այդպես էլ նախագիծը ներկայացրին` մոտեցումը իրենց ողջ կուսակցության մոտեցումը չէ: Մենք ներկայացրինք մեր դիտարկումները, թերությունները, որոնք տեսնում ենք: Առաջարկեցինք` ինչպես կարելի է դա բարելավել: Կարծում եմ` շատ հաջող հանդիպում էր:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է
«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում տեղեկացրել էր Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղի տարածքում հանրապետական նշանակության Իջեւան-Բերդ ավտոճանապարհի մի հատվածում սողանքի հետեւանքով ճանապարհի ծածկի ձեւախեղման, գարնան տեղումներից ճանապարհին սպասվող վտանգի մասին: Տավուշի մարզպետարանն արձագանքել է այդ հրապարակմանը` տարածելով համապատասխան պարզաբանում. «Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հանձնարարությամբ` մարզպետարանի քաղաքաշինության վարչության մասնագետները եղել են տեղում եւ ուսումնասիրել տեղանքը: Ըստ ներկայացված եզրակացության` այս պահին չկա այնպիսի սողանքային երեւույթ, որը կարող է վտանգել ճանապարհը կամ դառնալ քանդման պատճառ: Կան նստվածքային երեւույթներ, որոնք հավանաբար առաջացել են շրջանցիկ ճանապարհը հողային շերտի վրա դնելու հետեւանքով: Որպես լուծում` առաջարկվել է ՀՀ տրանսպոտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ համաձայնեցնելով` սպասարկող կազմակերպությունների պահպանության ծախսերից առաջացած որոշակի տնտեսումներ ուղղել խնդրի լուծմանը` վերանորոգելով վերոնշյալ ալիքաձեւ նստվածքային հատվածները»: Պարզաբանման մեջ նշված է, որ սողանք չկա, կան նստվածքային երեւույթներ, որոնք հավանաբար առաջացել են շրջանցիկ ճանապարհը հողային շերտի վրա դնելու հետեւանքով: Ենթադրություն է արվել ճանապարհի ձեւախեղման պատճառի վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացրել էր Վազաշենի հարեւան Այգեհովիտ գյուղի մի հատվածում սողանքի պատճառով հանրապետական նշանակության նույն ավտոճանապարհի ձեւախեղման մասին: Դրա պատճառը եւ վտանգավորության աստիճանը պարզելու համար մարզպետարանի աշխատակիցների կողմից ուսումնասիրություն կատարելու մասին Տավուշի մարզպետարանի պարզաբանման մեջ նշում չկա:

 

 

ԱՅԳԻՆԵՐԻ ԿԵՍԸ ՉՈՐԱՑԵԼ Է
Այրում համայնքի մաս կազմող Պտղավան գյուղի վարչական ղեկավար Ռաֆիկ Եսայանը Նոյեմբերյանի քաղաքապետարանում կայացած տարածաշրջանի համայնքների հիմնախնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ նշեց, որ ԻՖԱԴ կազմակերպութան վարկային միջոցներով Նոյեմբերյանի տարածաշրջանում տնկվեց 80 հեկտար դեղձի այգի, որի կեսն այժմ չորացած է: 2000-ականների սկզբին տնկված այգիների չորացման պատճառներից մեկն այն է, որ տնկիները Արարատյան դաշտավայրից էին բերված, դրանք չհարմարվեցին Դեբեդի հովտի մերձարեւադարձային պայմաններին: Այգիների չորացման պատճառներից մյուսն էլ այն է, որ դրանք ոռոգվում են Դեբեդի ջրին խառնված Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչամբարի կեղտաջրերով, որոնց մեջ մեծ է ցինկի եւ կապարի պարունակությունը: Վարչական ղեկավարն ասաց` եթե Դեբեդի հովտի այգիների բերքը լաբորատոր ուսումնասիրվի, կպարզվի, որ պտուղն օգտագործման համար պիտանի չէ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՇԱԽՄԱՏԸ ՇԻՐԱԿՈՒՄ ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐՈՒՄ

Օրերս ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են՝ Գյումրու շախմատի դպրոցի տնօրեն Հասմիկ Խալիկյանը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2013 թվականի հոկտեմբերից մինչեւ 2018-ի սեպտեմբեր տարբեր ժամանակահատվածներում շախմատի դպրոցում աշխատանքի է հրամանագրել 4 քաղաքացու, որոնք փաստացի չեն հաճախել աշխատանքի, իսկ նրանց անվամբ դուրս գրված, առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր մոտ 8.000.000 դրամ կազմող աշխատավարձերի գումարը յուրացվել է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հասմիկ Խալիկյանը Գյումրու Շախմատի դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է արդեն երկար տարիներ, եւ սա շնորհիվ այն բանի, որ իր եղբայրը՝ Հովիկ Խալիկյանը, Սերժ Սարգսյանի ընկերն է, նաեւ շախմատային ֆեդերացիայի խորհրդի անդամ: Ավելին, Հասմիկ Խալիկյանի ապօրինությունների մասին ֆեդերացիայում տարիներ շարունակ խոսվել է, բարձրաձայնվել, սակայն երբեւէ ընթացք չի տրվել, որովհետեւ նա եղբոր շնորհիվ վայելել է նախկին նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությունը:
Այսօր, սակայն, Հասմիկ Խալիկյանը չի շտապում մեկնաբանություններ կատարել ու նախընտրում է սպասել քննության ավարտին: Բայց շախմատի դպրոցում իրավիճակը լարված է: Պարզվում է` Հասմիկ Խալիկյանի հետ շատերն են վատ հարաբերությունների մեջ, եւ իրենց համար չարաշահումների բացահայտումը զարմանալի չէ:
Գյումրեցի գրոյսմաստեր Արա Մինասյանը Հասմիկ Խալիկյանի անօրինականություններին քաջածանոթ է: Հասմիկ Խալիկյանի դեմ ոչինիչ չունի, պարզապես մտահոգիչ է համարում շախմատի նկատմամբ հետաքրքրության նվազումը: «Շախմատի վերհսկողությունը տվեցին մարդկանց, որոնք բացարձակապես կապ չունեն շախմատի հետ: Դրա համար էլ կոռուպցիան շատ ցայտուն կերպով արտահայտված է: Խալիկյանի դեմ ոչինչ չունեմ, պարզապես 20 տարի է, ինչ իր եղբոր հետ ոլորտի «հերն անիծել է»: Մենք լավ ավանդույթներ ունեինք, դեռ Խորհրդային տարիներից խաղասենյակ կար, որտեղ մարդիկ գալիս ու շախմատ էին խաղում: Շախմատասերներով հավաքվանք դիմում գրեցինք, որ այդ սենյակը վերականգնվեր: Հասմիկն իր եղբոր հետ որոշեց, որ այդտեղ լրացուցիչ ծախսեր են անհրաժեշտ, այլ մարդիկ պետք է վարձեին եւ այլն, ու որոշեցին մերժել մեր առաջարկը»,-ասում է Արա Մինասյանը:
Շախմատի ազատ սենյակի բացումը պետք է նպաստեր Շիրակի մարզում շախմատի զարգացմանը: Հին եւ նոր սերնդի շփումն առավել էր խորացնելու շախմատի իմացությունը, սակայն շախմատի գրոյսմաստերի առաջարկը մերժվում է առանց լուրջ հիմնավորումների: «Երբ երեխաները գալիս են մեծերի հետ շփվում են, մեծերը իմանում են երեխաների ուժը: Խալիկյան Հասմիկը ոչինչ չարեց, միայն այս տարի է ակտիվացել, բայց անօգուտ է: Բայց մեր տեսածն է ցույց տալիս, որ շախմատի զարգացմանը Հասմիկ Խալիկյանը խոչընդոտում է»,-ավելացրեց շախմատիստը:
«Շախմատը դպրոցներում չի զարգանում, որոհետեւ մասնագետներ չկան, եղած մասնագետներն էլ անտեսվում են»,-ասում է Արա Մինասյանը: Գյումրիում գործող Շախմատի դպրոցներում երեխաների թիվը նվազում է. դա ապացույցն է այն բանի, որ դպրոցների վարկանիշը գնալով ընկնում է: «Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին այս հարցերը բազմիցս բարձրաձայնել եմ: Եթե մենք չունենք մասնագետներ, փոքրերի մեջ բացասական վերաբերմունքն ենք զարգացնում: Այս հարցերը բազմաթիվ անգամ ասել եմ: Կադրային լուրջ խնդիրներ կան: Լավ է` եկել են, աշխատում են, ի՞նչ շախմատ, ի՞նչ զարգացում: Խալիկյանի չարաշահումները եթե տարիների վրա եմ բաժանում, մեծ գումար չի կազմում: Ավելի շատ ինքը իր էությամբ էլ հավասարակշիռ չէ, ծնողներն էլ դժգոհ են: Անպատժելիության մթնոլորտն է այս վիճակի պատճառը: Իբր կարողանում են դասերը պարապել, մի հատ էլ երեխաներին առաջարկում են մասնավոր պարապել: Դա անընդունելի է: Յուրաքանչյուրը թող իր դասը պարապի: 8 միլիոնը երեւացողն է. ինչքան գումարներ էլ կան, որ չեն երեւում»,-ասաց Արա Մինասյանը:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Շիրակ




Լրահոս