Ինչու այդքան հետաձգվեց ՌԴ նախագահի այցը Հայաստան. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» օրաթերթը գրում է. «Հայ-ռուսական հարաբերություններում մութ անկյուններ չկան, սակայն որոշ նրբություններ կամ տարաձայնություններ նկատվել են ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո: Ռուսաստանը համակերպվել է եւ դրանց չի արձագանքել այնպես, ինչպես արձագանքում էր նման իրավիճակներին շատ ավելի վաղուց»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ռուս փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին եւ ՌԴ նախագահի ՀՀ կատարելիք այցին:

Ըստ նրա, բնականաբար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված խնդիրը, որը մեծ աղմուկի վերածվեց, չէր կարող անուշադրության մատնվել Մոսկվայի կողմից, դա անցանկալի զարգացում էր, ԵՏՄ-ում բարձրացվող որոշ թեմաներ թույլ են տալիս ենթադրել, որ ՀՀ նոր իշխանություններն ունեն նոր մոտեցումներ եւ նոր ակնկալիքներ հայ-ռուսական հարաբերություններից եւ ինտեգրացիոն կառույցներից, դա հասկանալը եւ նոր իրավիճակը նոր մոտեցում է պահանջում: «Կարծում եմ՝ այդ հարմարվելու փուլը դեռ չի ավարտվել: Սակայն նկատելի է նաեւ երեւանյան հռետորաբանության փոփոխություն, որը, կարծում եմ, քայլերի համադրմամբ համապատասխանաբար ար-ձագանք կգտնի նաեւ Մոսկվայում».- ասել է նա:

Իսկ ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի խոսքով Պուտինի այցի հետաձգումը միանշանակ որոշ խնդիրների հետեւանք էր: Ըստ նրա՝ իշխանությունը ստանձնելուց հետո ՀՀ վարչապետն արել էր հայտարարություններ, որոնք միանշանակ չէին ընդունվել Մոսկվայում՝ առաջացնելով մտահոգություններ, դրանից վաղ տեղի ունեցածը եւս մտահոգիչ էր, քանի որ ՌԴ-ն համագործակցում էր նախկինների հետ եւ վստահություն ուներ, որ նախկինները լիարժեք վերահսկում են իրավիճակը, եւ իշխանության փոփոխությանն ուղղված զարգացումներն անակնկալ էին: Սակայն, նրա որակմամբ ՀՀ իշխանությունները սկսում են ավելի ադեկվատ քաղաքական հայտարարություններ անել»:

Առավել մանրամասն՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս