ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ֆրանսիական հայտնի «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության պատվիրակությունը, որի կազմում են եղել ընկերության փոխնախագահ Քրիստիան Նարդենին և ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեին:
Ֆրանսիական հանրահայտ «Դասո գրուպ»-ի («Dassault Group») կազմում գործող նորարարական «Դասո սիստեմս» ընկերության ներկայացուցիչները, ներկայացնելով կազմակերպության գործունեությունը, ընդգծել են իրենց պատրաստակամությունը համագործակցել Հայաստանի հետ տարբեր ուղղություններով՝ այդ թվում նաև կրթության ոլորտում.
«Հայաստանը դիտարկում ենք որպես երկիր, որը միտված է իր ներդրումն ունենալ նորարարական տնտեսության ոլորտում: Մենք այցելել ենք ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, «PicsArt», «Բեթ Կոնստրակտ», «Սինոփսիս Արմենիա» ընկերություններ և տպավորված ենք: Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության համար շատ եզրեր կան, որոնք կտանեն մեզ դեպի ապագայի կրթություն և ապագայի աշխատաշուկա»,-նշել է «Դասո սիստեմս» ընկերության փոխնախագահ Քրիստիան Նարդենին:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով «Դասո սիստեմս» ընկերության ներկայացուցիչների պատրաստակամությունը, նշել է, որ նման ընկերությունների հետ համագործակցությունը միանգամայն այլ մակարդակի կարող է բարձրացնել Հայաստանի կրթական համակարգը.
«Մեր գիտական և հետազոտական կենտրոններն այժմ համագործակցում են համաշխարհային գիտական ու հետազոտական կենտրոնների հետ, ունեն բավական բարձր վարկանիշ, ինչը մեզ թույլ է տալիս լավատեսորեն նայել ապագային և իրականացնել հեռանկարային ծրագրեր: 21-րդ դարում գիտելիքն ու փորձառությունն առանց տեխնոլոգիաների դժվար է պատկերացնել, և մենք վստահ ենք, որ հետազոտության և գիտության ոլորտում իրականացվող ներդրումները կարող են լուրջ արդյունքներ ապահովել»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ այժմ աշխատանքներ են իրականացվում գիտական և հետազոտական բաղադրիչը բուհ վերադարձնելու ուղղությամբ, որը թե՛ գիտության, թե՛ կրթության ոլորտում արդյունավետ կառավարում կապահովի և կտա իր դրական արդյունքները:
Հանդիպման ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և «Դասո սիստեմս» ընկերության ներկայացուցիչների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել համագործակցության ձևաչափեր և մոտ ապագայում դրանք կյանքի կոչել:
Նշենք, որ «Դասո սիստեմս»-ը ռազմարդյունաբերական ոլորտի, մասնավորապես, ավիացիոն–տիեզերական, պաշտպանական, էներգետիկ համակարգերի համար ծրագրային ապահովում տրամադրող ընկերություն է։ Խումբը գործունեություն է ծավալում նաև լոգիստիկ համակարգերի, էլեկտրական հիբրիդային տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի և այլ բնագավառներում: