«Ժողովուրդ» օրաթերթը ԵԿՄ նախագահի թեկնածու, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանից հետաքրքրվեց, թե երբ է կայանալու «Երկրապահի» համագումարը։ Միքայելյանն ասաց՝ հայտնի չէ։ Ինչո՞ւ. «Որովհետեւ քննարկումներ են ընթանում»: Թե ինչ քննարկումների մասին է խոսքը հարցին ի պատասխան՝ ԵԿՄ նախագահի թեկնածուն ասաց՝ կազմակերպչական, կառուցվածքային լուրջ փոփոխություններ են սպասվում: Հիշեցնենք, որ ԵԿՄ վարչությունը կազմված է 184 հոգուց, սակայն հիմա քննարկվում է այդ թիվն էականորեն կրճատելու, ըստ այդմ՝ ԵԿՄ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու հարցը: Սասուն Միքայելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ քննարկում են վարչության անդամների թիվը 184-ից կրճատելու եւ մինչեւ 25 հոգանոց կազմ ունենալու հարցը: Բացի այդ, ԵԿՄ-ն ունենալու է նաեւ 7-10 հոգանոց նախագահող խորհուրդ: Ու եթե նախկինում ԵԿՄ-ում որոշումները կայացնում էր ԵԿՄ նախագահը՝ միանձնյա սկզբունքով, այժմ ցանկանում են, որ ԵԿՄ-ում այսուհետ որոշումներն ընդունվեն 7-10 հոգանոց նախագահող կոլեգիալ խորհրդի կողմից քննարկվելուց հետո:
ՀՀԿ ու ՀՅԴ վերնախավն ակտիվ մասնակցում էր օրերս Ազատության հրապարակում անցկացված «Ոչ մի թիզ հող» ակցիային: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ հենց իրենք են այդ ակցիայի իրական կազմակերպիչները: Միայն թե նման վերնագրով ակցիայի անցկացումը զավեշտալի է, քանի որ նոր կառավարությունը երբեւէ չի հայտարարել հողեր զիջելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՅԴ-ական նախկին պատգամավոր, նախկին նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, թե հողեր զիջելու սպառնալիքը միշտ էլ կախված է: «Սա որեւէ ձեւով չի նշանակում, որ մենք ինչ-որ հստակ ինֆորմացիա ունենք, որ այդպիսի իրավիճակ կարող է առաջանալ, բայց նաեւ հասարակության մեջ մենք հաճախ տեսնում ենք զիջողական տրամաբանությունը, որ տարբեր անձանց կողմից փորձ է արվում ներկայացնել»: Իսկ հարցին՝ ինչու իրենք Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ չէին խոսում այդ մասին, երբ նախկին նախագահն ինքն էր հայտարարել յոթ շրջան վերադարձնելու պատրաստակամության մասին, Մինասյանն ասաց. «Ովքեր ասում են` չեն եղել, պարզապես լավ չեն հիշում կամ պարզապես իրավիճակից ելնելով են փորձում էդպիսի բան ասել»:
Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների գործունեության վերաբերյալ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը, պարզվում է, խոր արմատներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` տարիներ շարունակ հեմոդիալեզի սարքավորումներ ու մաքրման հեղուկներ ՀՀ ներկրել է Նարինե Կարապետյանը, որը էջմիածինցի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի մորաքրոջ աղջիկն է: Ըստ որոշ լուրերի` ՊՎԾ-ից նրան արգելել են այդ սարքավորումները ներկրել ՀՀ` պատճառաբանելով Դոն Պիպոյի հետ ազգակցական կապը: Թեեւ Կարապետյանն ասում է, որ մորաքրոջ տղան իր բիզնեսի հետ կապ չունի, սակայն չեն հավատում: Այս խառնաշփոթի մասին տեղյակ են պահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն էլ հանձնարարում է ԱԱԾ-ին զբաղվել գործընթացով: Այս աղմուկի մասին տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարությունը, եւ կրակի վրա յուղ լցնելու համար նախարար Արսեն Թորոսյանը իր հերթին դիմում է գրում ԱԱԾ, որ ստուգեն ՀՀ պետական վերահսկողության ծառայության աշխատակիցների գործունեությունը: Շատ խճճված պատմություն է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` եվրոպական «Ryanair լոուքոսթեր» ավիաընկերությունը պատրաստվում է մուտք գործել հայկական շուկա: Մեր տեղեկություններով` Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի եւ ավիաընկերության ղեկավար կազմերի միջեւ Դուբլինում տեղի ունեցած բանակցությունները բավական արդյունավետ են ընթանում եւ արդեն ավարտական փուլում են: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` հայտնի են ավիաընկերության գործունեության մեկնարկի մոտավոր ժամկետները. այն հնարավոր է սկսի չվերթներ իրականացնել արդեն 2020 թվականից: «Ryanair» ընկերության մուտքը հնարավորություն Է ստեղծելու մեծացնելու ուղեւորահոսքը Եվրոպայից դեպի Հայաստան` առաջարկելով նոր ուղղություններ եւ ցածր գներ: Նշենք, որ «Ryanair» ընկերությունը նախատեսել է չվերթներն իրականացնել հենց եվրոպական երկրներ:
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ
Ազդարարելով Հայաստանում տնտեսական հեղափոխության մասին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ ներկայացրել էր դրա իրականացման մեթոդները: «Պայմանականորեն ասած՝ քաղաքական հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի որոշում կայացրեց, որ ինքը իրենով պետք է փակի այն փողոցները, նրբանցքները, որոնցով հոսում են կոռուպցիան, ամենաթողությունը, ապօրինությունը: Տնտեսական հեղափոխության գաղափարախոսությունը հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ամեն մեկը իր հնարավորությունների չափով պետք է ինքը իր գործունեությամբ փակի բոլոր այն փողոցները պայմանական, որտեղով հոսում է աղքատությունը, խեղճությունը, ավերը»,- օրերս ասել էր նա` որպես օրինակ մատնանշելով, որ քաղաքացիները պետք է տնտեսվարողներից պահանջեն ՀԴՄ կտրոն տալ:
ԱԺ-կառավարություն երեկվա հարցուպատասխանն առիթ դարձավ, որպեսզի վարչապետ Փաշինյանն անդրադառնա տնտեսական հեղափոխության ընթացքին: ՈՒ երեկ նա այս կապակցությամբ ուշագրավ թվեր հրապարակեց. «Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ՀՀ-ում նախորդ տարվա հունվար-փետրվարի նկատմամբ 12.5 մլն հատ հաշվիչ դրամարկղային կտրոն ավելի է տպվել: Սրա արդյունքում հունվար-փետրվար ամիսներին արձանագրված առեւտրաշրջանառությունը 35 մլրդ դրամով ավելացել է: Եվ սրա արդյունքում մենք հիմա ավելի վստահ ենք նայում 2019-ին պետական եկամուտների հավաքագրման գործընթացին»-նշեց Փաշինյանը` հավելելով, որ գործ ունենք կառավարություն-քաղաքացի-գործարար համայնք գործընկերության հետ:
Ստեղծված իրավիճակն իրոք ոգեւորիչ է: Հազիվ թե որեւէ մեկը սպասեր նման լուրջ տեղաշարժ: Սակայն նկատենք, որ Հայաստանում տնտեսական հեղափոխության համար միայն ՀԴՄ պահանջելը, աղքատության եւ խեղճության փողոցները փակելը հազիվ թե բավարար լինի: Ու սա ոչ սոսկ այն պատճառով, որ նախկին իշխանություններից որպես ժառանգություն մնացել է ամբողջովին խեղաթյուրված տնտեսական համակարգ:
Այսօր տնտեսական հեղափոխության ճանապարհին շատ ավելի լուրջ խոչընդոտ կա. տնտեսական ոլորտի օրենսդրության ներկա վիճակը: Եւ տնտեսական հեղափոխությունը պետք է սկսել առաջին հերթին հենց այս ոլորտում հեղափոխական փոփոխություններ իրականացնելուց հետո, երբ մանրակրկիտ ուսումնասիրությունների եւ վերլուծությունների արդյունքում վերհանվեն խնդիրներն ու առաջարկվեն օպտիմալ լուծումեր: Այլապես, նման օրենսդրական դաշտի պարագայում տնտեսական հեղափոխությունը եթե չասենք անհնարին, ապա շատ դժվար կլինի իրականացնել: