Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ամբիոնից առաջարկեց քաղաքական ուժերի ներկայացուցիչներին քննարկումներ սկսել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների շուրջ։ ԱԺ նախագահն այս հայտարարությունը հնչեցրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018 թվականի գործունեության ծրագրի քննարկման ավարտին, ընդ որում՝ նիստերի դահլիճում էր նաեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
ԱԺ նախագահը նշեց, որ Ընտրական օրենսգիրքը, ինչպես նաեւ ընտրական ինստիտուտները Հայաստանում կատարելագործման կարիք ունեն։ «Ես, օգտվելով առիթից, քաղաքական ուժերին ուզում եմ հրավիրել սկսել ընտրական բարեփոխումների մշակման փուլ միասնական ջանքերով։ Եթե միասին պայմանավորվենք, կարող ենք ավելի արմատական փոփոխություններ մշակել, իրականացնել»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը։
Հատկանշական է փաստը, որ ԸՕ փոփոխությունների գաղափարը ոչ թե գործադիրն է առաջ քաշում, այլ ԱԺ նախագահը: Միչդեռ ամիսներ առաջ, հիշում եք` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նախորդ խորհրդարանին ներկայացրեց ԸՕ փոփոխությունների նախագիծ` առաջարկելով անցում կատարել հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի` նվազեցնելով ԱԺ անցողիկ շեմը: Բայց այն ժամանակ ՀՀԿ-ական մեծամասնությունը մերժեց, ու ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվեցին հին՝ վարկանիշային ընտրակարգով: Ի դեպ, ԸՕ փոփոխությունների գաղափարը Փաշինյանի կառավարությունն իր նախորդ՝ ժամանակավոր ծրագրում էր ընդգրկել, բայց այս անգամ այդ մասին չկա խոսք:
Հիմա չնայած Արրարատ Միրզոյանը ԱԺ ամբիոնից հանդես եկավ ընդհուպ արմատական փոփոխություններ անելու առաջարկով, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Իմ քայլը» խմբակցությունը, որպես այդպիսին, դեռեւս փոփոխությունների առաջարկությունների շուրջ առանձին փաթեթ չի պատրաստել։ Մեր տեղեկություններով` մինչեւ այլ ուժերի հետ հիմնական քննարկումները սկսելն ու նրանց առաջարկները լսելը իշխող ուժի խմբակցությունն առանձին քննարկումներ կանցկացնի եւ կփորձի ի մի բերել հենց իրենց պատգամավորների անհատական առաջարկները։ Ընդ որում, մեր տեղեկություններով` հենց խմբակցության ներսում այս փոփոխությունների մասով արդեն իսկ բազմակարծություն է առկա, քանի որ մի մասն, օրինակ, կողմ են 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելուն, մյուս մասն էլ` ոչ այնքան, եւ կարծում են, թե վարկանիշային ընտրակարգով էլ կարող են ազատ ընտրություններ անել եւ որպես ապացույց ներկայացնում են հենց դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց, թե Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումները չեն սահմանափակվելու միայն խորհրդարանական ուժերի հետ հանդիպումներով։ Նա ընդգծեց, թե այդ քննարկումներին պետք է մասնակից դառնան նաեւ արտախորհրդարանական ուժերը եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Հովակիմյանը նաեւ ընդգծեց, թե մինչեւ իրենց խմբակցության կողմից փոփոխությունների բուն փաթեթը ներկայացնելը, կքննարկվեն առանձին պատգամավորների առաջարկները, որից հետո արդեն իրենց առաջարկը պարզ կդառնա։
Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները դեռեւս չեն հասցրել իրենց քաղաքական թիմերում քննարկել ԱԺ նախագահի առաջարկը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում միանշանակ ողջունեցին իշխող ուժի կողմից քննարկումների պատրաստակամությունը։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե իրենց ուժը քննարկումներին մասնակցելու են ամենալայն մակարդակով, սակայն դեռեւս դժվարացավ նշել, թե հենց իրենք ինչպիսի առաջարկություններ կներկայացնեն քննարկումների ընթացքում։
Մեզ հետ զրույցում Արման Աբովյանը կարծիք հայտնեց, թե արտահերթ ընտրություններում գրանցված արդյունքները չպետք է կապել այն հանգամանքի հետ, որ ընտրակարգը չէր փոխվել։ Նրա խոսքով` արդյունքներին նպաստել էր հենց հետհեղափոխական իրավիճակը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը մեզ հետ զրույցում նշեց, թե իրենք էլ միանշանակ կմասնակցեն քննարկումներին, սակայն դժվարացավ նշել իրենց հնարավոր առաջարկների մասին՝ ընդգծելով, թե, ամեն դեպքում, կոնկրետ ոչինչ հայտնի չէ նաեւ քննարկումների ձեւաչափի մասին:
Ամեն դեպքում, առաջիկայում քաղաքական դաշտում քննարկումների նոր թեմա է բացվել:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԿՈՍՄԵՏԻԿ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ
Ինչպես հայտնի է, նախագահի աշխատակազմը կրկին տեղափոխվել է իր հին նստավայր՝ Բաղրամյան 26` լքելով Մաշտոցի 47 հասցեում հատկացված վայրը: ԵՒ, ահա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, մինչեւ տեղափոխումը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրահանգով, այնտեղ վերանորոգման որոշակի աշխատանքներ են իրականացվել: Մեկնաբանության համար դիմեցինք նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանին, որը հաստատեց փաստը. «Այո, ինչ-որ աշխատանքներ իրականացվել են, սակայն նշեմ, որ Բաղրամյան 26-ում ուղղակի արվել է մասնակի կոսմետիկ վերանորոգում»,-ասաց նա: Հարցրինք` դա եղել է նախագահի աշխատասենյակո՞ւմ, տիկին Պետրոսյանը բացասական պատասխան տվեց՝ ասելով. «Աշխատանքներ եղել են ընդհանուր շենքում, աշխատակիցների սենյակներում»: Նշենք, որ հիմա Ա. Սարգսյանը զբաղեցնում է նույն աշխատասենյակը, որը ժամանակին Սերժ Սարգսյանինն էր:
ԵՐԿՈՒ ՓՈՒԼ
Առաջիկայում կավարտվեն Հարկային օրենսգրքի շուրջ քննարկումները: Եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, վերջնական նախագիծն ամբողջովին տարբերվելու է մինչեւ այժմ աշխատանքային համարվող նախագծից ու քննարկումների ժամանակ բարձրացված տարբերակից։ Մենք տեղեկացանք, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններն ԱԺ-ում երկու փուլով են ներկայացվելու եւ քննարկվելու: Առաջին փուլում քննարկվելու են մաքսային դրույքաչափերի հետ կապված փոփոխությունները, որ առաջ կգան Հարկային օրենսգրքի փոփոխությունից հետո: Արդեն երկրորդ փուլում կքննարկվի նախագծի երկրորդ մասը, որը վերաբերելու է վարչարարությանը։ Հիշեցնենք, որ Հարկային օրենսգրքի նախագիծը մեծ դժգոհություն էր հարուցել նաեւ իշխող «Իմ քայլը» խմբակցության շատ պատգամավորների մոտ: Ու, հավանաբար, օրենսգրքի փոփոխությունների նոր նախագիծը կազմվել է հենց այդ դժգոհությունները հաշվի առնելով:
ՈՒՇԱԳՐԱՎ ՆԱԽԱԳԻԾ
ՀՀ արդարադատության նախարարությունը հեղինակել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով քրեականացվում է քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը, դրանում ներգրավվելը, նաեւ քրեական ենթամշակույթին հարելն ու տարածելը: Նշված էր նաեւ՝ այդ երեւույթի տարածման եւ կանխման մեխանիզմների մշակման ընթացքում ուսումնասիրվել է հետխորհրդային երկրների փորձը: Սակայն հետաքրքիր է փաստը, որ այս նախագիծը երեկ հրապարակվեց Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական E-Draft հարթակում, սակայն կարճ ժամանակ անց այն հեռացվեց: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանին, որն էլ պարզաբանեց՝ նախագիծը հեռացվել է վերամշակման ենթարկվելու նպատակով, եւ մի քանի օր հետո նորից կտեղադրվի:
ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությանն ու դրա շուրջ մանիպուլյատիվ գործողություններին: «Ողջունում ենք Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է ընթանան գործող` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով: Ինչպես բազմիցս նշել է վարչապետ Փաշինյանը, առարկայական բանակցություններ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել դրանցում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների ներգրավվումը: Մեզ համար նորություն չէ, որ Ադրբեջանը պարբերաբար հանդես է գալիս փաստերը խեղաթյուրող գնահատականներով: Կոչ ենք անում որոշ վերլուծաբաններին չտրվել մանիպուլյացիաների»,- ասել է Կարապետյանը
ՏԱՐԲԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ տարվա ընթացքում հանդիպումներ տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Նա նշել է, որ այս տարի Պուտինի ու Մեդվեդեւի հետ մի քանի անգամ կհանդիպեն, օրինակ, Եվրասիական տնտեսական միության շրջանակում: «Բացի այդ, հուսով եմ, որ այս տարի կկայանա Վլադիմիր Վլադիմիրովիչի այցը Երեւան եւ իմ այցը` Մոսկվա»,- ասել է Ն. Փաշինյանը: Նրա խոսքով` մեկ շաբաթ առաջ ՌԴ նախագահի հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է այցերի ժամկետների հարցը. «Ես հեռախոսով խոսել եմ ՌԴ նախագահի հետ, մենք խոսակցության ընթացքում քննարկել ենք այդ հարցը, եւ մեր աշխատակազմերը հիմա դա քննարկում են: Բացի այդ, հանդիպումներ նախատեսվում են ոչ միայն ՌԴ նախագահի հետ, նաեւ վարչապետ Դմիտրի Անատոլեւիչ Մեդվեդեւի հետ»:
ԱԺ-Ն ԸՆԴՈՒՆԵԼ Է
Ազգային ժողովը 116 կողմ, 0 դեմ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի ներկայացրած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Նախագծով առաջարկում է փոխել սահմանված «2017 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերը 2018 թվականի դեկտեմբերի 31-ը բառերով, ինչը հնարավորություն կտա 2018թ. ընթացքում 27 տարին լրացած քաղաքացիներին վերադառնալ ՀՀ ու ընթացակարգերին համապատասխան` վճարել սահմանված գումարը` ազատվելով քրեական հետապնդումից: Ի դեպ, այս պահի դրությամբ զինապարտությունից խուսափելու համար 27-35 տարեկան 3225 հետախուզվող կա:
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի գլխավորած պատվիրակությանը: Դեմ առ դեմ հանդիպումից հետո նախարարները բանակցությունները շարունակել են պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված ձեւաչափով: Մամեդյարովը գործող նախագահին տեղեկացրել է Ղարաբաղյան հակամարտության շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցությունների ներկայիս վիճակի մասին: Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ բանակցային գործընթացում Բաքվի դիրքորոշումն անփոփոխ է: Լայչակն իր հերթին նշել է, որ տվյալ այցը հակամարտության շուրջ իրավիճակի վերաբերյալ կարծիքների փոխանակման լավ հնարավորություն է: