ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆՆ ՈՒ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՔՈՒՅՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների գործունեության վերաբերյալ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը խորը արմատներ ունի: Մեզ հասած լուրերի համաձայն` դիալեզի սարքավորում ներկրող անձանցից մեկին ասել են, թե նա այլեւս չի կարող զբաղվել այդ բիզնեսով՝ կրիմինալի հետ կապեր ունենալու պատճառով:

Տեւական ժամանակ մամուլը հրապարակում էր, որ «Զորաշեն» ընկերությունը որոշել է զբաղվել բժշկական սարքավորումների ներկրմամբ` մասնակցելով դիալեզի սարքավորումների համար հայտարարված մրցույթներին:
Մասնավորապես, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում դիալեզի բուժսպասարկման մրցույթը շահել է ոչ թե մշտական ծառայություններ մատուցող «Ֆրիզանյուզ», այլ «Զորաշեն» ընկերությունը, որը, ինչպես հրապարակել է մամուլը, ավելի վաղ զբաղվել էր կահույքի բիզնեսով:
Ըստ տեղեկության` այդ ընկերության հաղթելու գործում իր շահագրգռվածությունն է ունեցել Դավիթ Սանասարյանի գլխավորած Պետական վերահսկողական ծառայությունը: Ու մինչ այդ կառույցն առաջին դեմքի մակարդակով վստահեցնում էր, թե նման բան չկա, տեղի ունեցավ անսպասելին: Փետրվարի 28-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաստատեց մամուլի հրապարակումները եւ հայտարարեց. «ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ս.Ա-ն, նույն վարչության գլխավոր մասնագետ Գ. Խ.-ի հետ նախնական համաձայնությամբ, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտների` ՀՀ առողջապահության նախարարության եւ մի շարք բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց կողմից հովանավորվող առեւտրային կազմակերպության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ…»:
Գործի շրջանակներում 2019 թվականի փետրվարի 25-ին ՀՀ պետական վերահսկողության ծառայության 2 պաշտոնատար անձինք եւ նրանց կողմից հովանավորվող տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչ Տ.Ա-ն ձերբակալվել են: 2019 թվականի փետրվարի 27-ին հիշյալ պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնական լիազորությունները անցնելը, եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով` փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, իսկ նրանց կողմից հովանավորվող տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Դատարանի կողմից 3 անձ կալանավորվել է:
Պատմության խորը արմատները
Իրականում այս պատմությունը բավականին խորը արմատներ ունի, եւ գործին խառնել են կրիմինալին: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` Գերմանիայում ապրող Նարինե Կարապետյանը արդեն 25 տարի է, ինչ դիալեզի սարքավորումներ եւ մաքրման հեղուկներ է ներկրում Հայաստան: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` նրան այլեւս թույլ չեն տվել սարքավորումներ ու հեղուկներ ներկրել` հայտնելով, թե այդ ներկրված սարքավորումները կապ ունեն էջմիածինցի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի հետ: Սակայն Նարինե Կարապետյանը բոլոր հնարավոր օղակներում բացատրել է, որ Արթուր Ասատրյանը, ճիշտ է, իր մորաքրոջ տղան է, բայց բացարձակապես գործ չունի իր գործունեության հետ եւ երբեք չի ունեցել: Սակայն Նարինե Կարապետյանի խոսքերը որեւէ օգուտ չեն տալիս, եւ նրան ասում են. «Դու կրիմինալի հետ կապ ունես, ուստի չես կարող այս սարքերը ներկրել Հայաստան»: Դրանից հետո Նարինե Կարապետյանի համար սկսում են խոչընդոտներ ստեղծել:
ՀՀ վարչպետին տեղյակ են պահել
Ըստ լուրերի, այս խառնաշփոթի մասին տեղյակ են պահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն էլ իր հերթին հանձնարարական է տալիս Ազգային անվտանգության ծառայությանը՝ զբաղվել գործընթացով, պարզել մանրամասները: Ըստ իրավապահ համակարգում տարածված լուրերի` դիալեզի սարքավորումներ ներկրող անձանց շուրջ ստեղծված աղմուկի մասին տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարությունը եւ կրակի վրա յուղ լցնելու համար նախարար Արսեն Թորոսյանն էլ իր հերթին է դիմում գրում Ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի ստուգեն ՀՀ պետական վերահսկողության ծառայության աշխատակիցների գործունեությունը: ԱԱԾ-ն սկսում է իր ստուգումները, բացահայտվում է այս պատմությունը, ՊՎԾ աշխատակիցներից երկուսին եւ «Զորաշեն» ընկերության ղեկավարին կալանավորում են:
Իսկ թե էլ ինչեր կբացահայտվեն այս քննության ընթացքում, ժամանակը ցույց կտա, եւ կպարզվի, ի վերջո, ով ումից ինչու բիզնես խլեց, եւ ովքեր օգտվեցին պատմությունից:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱՆ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ՞Ր
Ըստ ոստիկանության տվյալների` 2018 թվականին հանցագործությունների ընդհանուր թիվը Հայաստանում, նախորդ տարվա համեմատ, աճել է 11,2 տոկոսով կամ 2 հազար 267 դեպքով: Դա հիմնականում պայմանավորված է սեփականության դեմ ուղղված եւ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թվի աճով: 2018 թվականին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հայտնաբերման աշխատանքներում աննախադեպ աճ է գրանցվել: Եթե 2017-ին արձանագրվել էր 634 դեպք, ապա 2018-ին դրանց թիվն աճել է մոտ 2,5 անգամ` կազմելով 1 353:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի հետ, թե արդյոք իրավապահ համակարգը լավ չի աշխատում, որ համաներումից հետո հանցագործությունների աճ է արձանագրվել. «Անկեղծ ասած` ամբողջական թվերին ես չեմ տիրապետում, բայց իշխանությունը եթե նման քայլի գնում է, նաեւ պետք է կանխարգելիչ միջոցառումներ անի, որպեսզի դրա հետեւանքները հասարակությունը իր վրա չզգա: Այսինքն` համաներումով չէ, ոստիկանության լավ կամ վատ աշխատանքով չէ իրավիճակը պայմանավորված: Ընդհանրապես սոցիալական երանգ ունի, եւ իշխանությանը պետք է վերագրեն, ոչ թե ոստիկանությանը: Հանցագործությունների աճի պարագաներում գործազրկություն, սոցիալական ծանր իրավիճակ, այդ բոլորը իր հերթին բերելու է այս պատկերին:
Համաներումը ուղղակի համընկավ, ես գոնե այդպես եմ պատկերացնում: Մեկ կամ երկու ֆակտորով չի պայմանավորված: Այդ նախապատրաստական աշխատանքը գոնե ինձ համար նկատելի չէր. ո՞նց պետք է դիմավորեն, մարդիկ ո՞նց են դուրս գալիս, ի՞նչ խնդիրներ ունեն, միգուցե հասարակությունը դրան պատրաստ չէր, որ այդ քանակի մարդ դուրս թողեին: Բայց այս ամենը մեկ կամ երկու բանով բացատրել սխալ է, ընդհանուր կոմպլեքս է, եւ իմ թվարկած այս բաների վրա պետք է ուշադրություն դարձնեն: Նույնիսկ այս պարագայում, սոցիալական այս կարգի լարված պարագայում եղանակն անգամ կարող է դրական կամ բացասական ազդեցություն ունենալ: Այնպես որ այդ հանցագործության աճը չպետք է դրամատիզացնեն, այլ կոնկրետ քայլերով այդ հարցերի դեմը առնեն: Ես համոզված եմ, որ առանձնապես այս ամենը համաներման հետ կապված չէ, զուտ սոցիալական վիճակն է»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԶԵՆՔ ՉՎԱՃԱՌԻ
Հայաստանը ցանկանում է, որ Իսրայելը դադարի զենք մատակարարել Ադրբեջանին, բայց հայկական կողմը սա Իսրայելի հետ հարաբերությունների բարելավման պայման չի դնում. այս մասին հայտնեց ՀՀ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը: Նրա խոսքով` Հայաստանը «կողջուներ այն իրավիճակը», եթե Իսրայելը վարվեր, ինչպես ԱՄՆ-ը եւ եվրոպական երկրների մեծ մասը, եւ զենք չմատակարարեր ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին: Հովհաննիսյանը նշել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ զենքի վաճառքը Ադրբեջանին միայն սպառազինությունների մրցավազք է հրահրում: Նա ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է, որպեսզի նրա բարեկամներն իմանան, որ Ադրբեջանին զենք վաճառելը «դուրս է պարզ գործարար գործարքից եւ հետեւանքներ ունի»: Նա ընդգծել է, որ Հայաստանը «չի բացառում նաեւ համագործակցության հնարավորությունը Իսրայելի պաշտպանական հատվածի հետ»: Հովհաննիսյանը նշել է, որ դա կապերի բարելավման նախապայման չէ, «քանի որ մենք գիտենք, որ որոշ երրորդ երկրներ նույնպես նույն բանն են անում»:

 

 

ԱՌԱՐԿԵԼ Է
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով տուժող, Շենգավիթի նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն առարկել է, որպեսզի խմբի անդամների նկատմամբ համաներում կիրառվի: Նշենք, որ նախորդ նիստին նրա հարցաքննության ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել նիստերի դահլիճում եւ ապակիներից այն կողմ` կողմերի համար նախատեսված հատվածում: Հիշեցնենք, որ համաներման մասին օրենքով` նախատեսվում է պատժից ազատել ՊՊԾ գնդի տարածքում հանցագործություն կատարած, նրանց հանցակցած, այդ նպատակով հանցափորձ արած կամ հանցագործության նախապատրաստության մասնակից, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած «Սասնա ծռեր» խմբի այն անդամներին, որոնք չեն մեղադրվում սպանություն կատարելու համար, եթե համաներման դեմ չեն առարկում պատանդառված, ֆիզիկական վնաս կրած տուժողները եւ նրանց իրավահաջորդները:

 

 

ԴԱԺԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Նախօրեին ոստիկանության Բերդի բաժին ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի առանձնատներից մեկում հայտնաբերվել է 64-ամյա Սեւան Նավասարդյանի դին: Պարզվել է, որ անհայտ անձը բութ գործիքով հարվածել է Նավասարդյանի գլխին, որի հետեւանքով նա մահացել է: Ձեռնարկվել են օպերատիվ հեռախուզական միջոցառումներ, ճշտվել է անհայտ անձի ինքնությունը, ում եւ ոստիկանները բերման են ենթարկել բաժին: Նախնական եզրակացության համաձայն` գլխի վրա կա մուրճի հարվածի 4 հետք: Կասկածյալը Բերդ քաղաքի բնակիչ, 33-ամյա Նվեր Գինովյանն է, որը ձերբակալվել է: Կասկածյալը նախկինում բռնաբարության համար դատապարտված է եղել: Փաստի առթիվ հարուցվել է քրգործ: Հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող մուրճը: Դրդապատճառը եղել է ծառերն էտելու հարցը:




Լրահոս