Մեր զրուցակիցն է ԱԺ «Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով»-ի փոխնախագահ Արմեն Փամբուխչյանը:
-Պարո՛ն Փամբուխչյան, Ռուսաստանի տնտեսությունը հիմնականում կառուցված է նավթի եւ գազի արտահանման վրա: Ուզում եմ` խոսենք այն մասին, թե Ռուսաստանի տնտեսության ուժեղ կախվածությունը էներգետիկ ռեսուրսներից ինչպե՞ս է անդրադառնում ՀՀ տնտեսության վրա: Տնտեսական անկախության մեր սահմաններում իրագործելի՞ են կառավարության հավակնոտ հայտարարությունները:
-Նախ` ես համաձայն չեմ, որ Ռուսաստանը կախված է միայն նավթից: Ճիշտ է, էապես ցանկացած երկիր, որն ունի բնական ռեսուրսներ՝ նավթի, գազի տեսքով, հիմնականում իր տնտեսության հենքը լինում են այդ երկու բնական պաշարները, բայց Ռուսաստանն ունի նաեւ այլ ճյուղեր զարգացած, հատկապես` ռազմաարդյունաբերությունը, որը բարձր մակարդակի վրա է, նաեւ քաղավիացիայի ինքնաթիռներ են արտադրվում, մեքենաշինությունը՝ Տոյոտա, Ֆորդ եւ այլն: Կառավարության ծրագրում հիմնական շեշտադրումը տեղեկատվական տեխնոլոգիաների վրա է արված, իսկ այդ ոլորտում մենք արդեն ունենք հաջողություններ, ու երբ որ վեկտորը թեքում ենք այդ ուղղությամբ, է՛լ ավելի մենք կարող ենք դրսից բազմաթիվ ընկերություններ ներգրավել: Դա իրականանալի է:
-Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ՀԱՊԿ անդամներ Բելառուսն ու Ղազախստանը բացահայտ իրենց աջակցությունը հայտնեցին Բաքվին: Դրանից հետո ի՞նչ քայլեր են ձեռնարկվել ՀԱՊԿ անդամների միջեւ փոխադարձ պարտավորությունների հստակեցման առումով:
-Նախկինում չգիտեմ, բայց հիմա Դուք, եթե հետեւում եք, տեսնում եք, որ, այո, Հայաստանը բարձրացնում է այդ հարցերը մեր գործընկեր պետությունների, մասնավորապես ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ կապված հարցերը, այսինքն՝ Հայաստանի ներկա իշխանությունները ամեն կերպ տանում են իրավահավասարության: Քանի որ բոլոր հարցերը կոնսենսուսով են, Հայաստանը մշտապես, այսինքն՝ այսօրվա իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ իրենք այս իրավունքից օգտվելու են. որոշ հարցերում եթե անհամաձայնություն լինի, տալու են այդ անհամաձայնությունը: Կուզեմ դրականը նաեւ փաստեմ. ԱԺ-ում ստեղծվել է «Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման» մշտական հանձնաժողով, ու այդ հանձնաժողովի ստեղծումը մեկ անգամ եւս փաստում է, որ մենք ունենք այնտեղ աշխատանքներ, եւ այս հանձնաժողովի միջոցով մենք պետք է կարողանանք լուծել «անլուծելի» հարցերը՝ օգտագործելով խորհրդարանական դիվանագիտությունը, կապերը:
-Վերջերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշեց, որ եվրասիական ինտեգրման գործընթացում բացակայում է առաջընթացը, որ տնտեսվարության օբյեկտների համար խոչընդոտների ու սահմանափակումների խնդիրները քողարկվում են ինչ-որ թվային օրակարգով: Իսկ ի՞նչ խնդիրներ է արձանագրել ՀՀ-ն տնտեսական ինտեգրման գործընթացում:
-Մեր հիմնական խնդիրը անցում կատարելն է ընդհանուր միասնական համաձայնագրերին: Այդ պրոցեսները, չասեմ, որ չեն ընթացել, ընթացել են, բայց մի փոքր թերի են ընթացել: Հիմա մենք փորձում ենք այդ ամբողջ պրոցեսը տանել տրամաբանական շարունակականությամբ ու հասնել ավարտին, այսինքն՝ ամբողջությամբ կատարել այդ ինտեգրումը: Նախնական փուլում այդ ինտեգրման պրոցեսները ինչ-որ չափով վնասում են մեր տնտեսվարողին կարճաժամկետ, բայց երկարաժամկետ արդեն տալիս են իրենց ճիշտ դիրքավորվելու հնարավորություն. կան դեպքեր, որ հարկեր, վճարներ են բարձրանում եւ այլն, տնտեսվարողը տվյալ պահին պատրաստ չի լինում, ինքը, բնականաբար, որոշակի կորուստներ է ունենում, բայց հետագայի համար, եթե ինքը ճիշտ դիրքավորվի, նպաստավոր է: Ու, ամենակարեւորը, որ չի եղել ԵԱՏՄ շրջանակներում, դա ֆինանսական շուկայի ու միասնական գնագոյացման ինստիտուտն է, որ դեռ չի ներդրվել, եւ մենք ձգտելու ենք, որ եթե կա ընդհանուր բաց շուկա, նաեւ լինի ընդհանուր գնագոյացում էներգակիրների մասով նույնպես: Հանձնաժողովի ձեւավորումից հետո առաջին հանդիպումը, որ հրավիրվեց, մեր, կարելի է ասել, համանուն հանձնաժողովի հետ: Հանդիպումը նախ ճանաչողական էր, ինչպես նաեւ մի քանի բաց տեքստով հայտարարություններ եղան ռուս գործընկերների կողմից, որ մենք պետք է շարունակենք անմիջական շփումները, մենք պետք է հենվենք միմյանց վրա, մենք չպետք է չլուծված հարցը թողնենք ու նստենք, սրտնեղենք, թե ինչու իրենք մեզ չօգնեցին, այլ մենք, եթե ունենք բաց հարցեր, պետք է դիմենք մեր խորհրդարանական գործընկերներին, որ իրենք այդ հարցերը բարձրացնեն իրենց կառավարության առաջ, նույնն էլ իրենք մեզ դիմեն: Սա առաջին շատ էֆեկտիվ հանդիպումն էր: Մենք հիմա նաեւ գիտափորձական խորհուրդ ենք ստեղծել՝ հանձնաժողովին կից. իրանագետների, Վրաստանը ճանաչող կամ այլ արեւելյան երկրները ճանաչող մասնագետների խումբ է լինելու, որոնք մեզ տալու են այն ուղղությունները, թե որտեղ մենք կարող ենք ավելի խորացնել:
Զրուցեց ՄԱՐԻԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼ
Փետրվարի 21-ին Նոյեմբերյանի քաղաքապետարանում Դեբեդավան գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարեց, որ ինքը Դեբեդավանի դպրոցում աուդիտ է նշանակել: Ու այդ աուդիտի արդյունքներով կորոշվի` դպրոցի տնօրեն Մարինե Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել, թե ոչ: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ Դեբեդավանի դպրոցում անցկացված աուդիտի արդյունքներով բացահայտվել են որոշ թերություններ, փաստաթղթերի հետ կապված խնդիրներ: Նա ասաց, որ Դեբեդավանի բնակիչները եւ գյուղի վարչական ղեկավարը ժողով են արել, նրանք մարզպետարանին միջնորդել են, որպեսզի դպրոցում առկա խնդիրները լուծվեն, դպրոցի տնօրեն Մ. Հարությունյանը շարունակի պաշտոնավարել: Մ. Ղազումյանի խոսքերով` այդ դպրոցը ներկայումս բնականոն աշխատում է: Հավելենք, որ այդ դպրոցի 6 աշխատակիցներ բողոքում են Դեբեդավանի դպրոցը 20 տարի ղեկավարող Մ. Հարությունյանի դեմ, որը դպրոցում աշխատանքի է ընդունել իր ընտանիքի անդամներին, հարազատներին: Մ. Հարությունյանին նախկինում 2 անգամ ազատել են պաշտոնից, սակայն նա վերականգնվել է տնօրենի պաշտոնում: 2018թ. հոկտեմբերի 22-ին Արմինե Սարգսյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել Դեբեդավանի միջնակարգ դպրոցի տնօրենի 2018թ. օգոստոսի 23-ի թիվ 54 հրամանն անվավեր ճանաչելու, իրեն դպրոցի գործավարի աշխատանքում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի վարձատրության պահանջներով: Սույն քաղաքացիական հայցով նախնական դատական նիստերն ընթանում են Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:
ՎԵՃԵՐ dasaran.am-Ի ՊԱՏՃԱՌՈՎ
Տավուշի մարզի մի շարք հանրակրթական դպրոցներում տնօրենի եւ ուսուցիչների միջեւ վեճեր են ընթանում dasaran.am ինտերնետային կայքի պատճառով: Տնօրեններն ուսուցիչներին պարտադրում են այդ կայքում պարբերաբար նշումներ կատարել աշակերտներին նրանց կողմից նշանակված գնահատականների եւ հանձնարարած տնային աշխատանքների վերաբերյալ: Որոշ ուսուցիչներ դրան ընդդիմանում են` ասելով, որ դա իրենց աշխատանքային պարտականությունների մեջ չի մտնում, իրենք դրա համար չեն վճարվում, այդ ինտերնետային կայքը պետական չէ, Կրթության եւ գիտության նախարարությանը չի պատկանում: Դպրոցների տնօրեններն ուսուցիչներին ասում են, որ այդ կայքում ուսուցիչների կողմից վերոհիշյալ գրառումները չկատարելը բացասաբար կազդի այդ դպրոցի վարկանիշի վրա: Տավուշի մարզում դպրոցներ կան, որոնց տնօրեններն ավելորդ են համարում նշված կայքի հետ համագործակցությունը, եւ նրանք պատրաստվում են այդ հարցը բարձրաձայնել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԸ ՍԱՌԵՑՐԵԼ ԵՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծով նախատեսվում է ակցիզային հարկով հարկել 100 գրամ ըմպելիքի մեջ 5 եւ ավելի գրամ շաքար պարունակող ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դիրքին դասվող բոլոր գազավորված ըմպելիքները:
Նշենք, որ ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դիրքին են դասվում ջրեր` ներառյալ հանքային եւ գազավորված ջրերը` շաքարի կամ այլ քաղցրացնող կամ համաբուրավետիչ նյութերի պարունակությամբ, եւ այլ ոչ ալկոհոլային խմիչքներ` բացառությամբ 2009 ապրանքային դիրքում ընդգրկված մրգային եւ բանջարեղենային հյութերից: Այլ կերպ ասած` ակցիզային հարկով հարկվելու են գազային խմիչքները՝ լիմոնադները, որ շատերս ենք օգտագործում: Նախագծի լրամշակված տարբերակով ակցիզային հարկի դրույքաչափը մեկ լիտրի համար կազմում է 30 դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ գազավորված ըմպելիքների արտադրողները այս խնդրի շուրջ հանդիպել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, քննարկում են ունեցել, սակայն արձագանք չկա:
Երեկ «Պեպսի Կոլա» ընկերության տնօրեն Գուրգեն Նարիմանյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ոլորտի ներկայացուցիչները սառեցրել են իրենց բոլոր ներդրումային ծրագրերը: Ավելին` նա նշեց, որ գազավորված ըմպելիքները այս հարկատեսակի կիրառման արդյունքում բնականաբար բարձրանալու են: Նաեւ այս ամենի հետեւանքով կնվազեն ընկերությունների կողմից պետբյուջե վճարվող հարկերը:
«Այս օրենքի ընդունումը զրոյացնում է եւ նեգատիվ է դարձնում նման նախագծերում հերթական ներդրումների իրականացման տնտեսական գրավչությունը: 30-40 տոկոս գնաճը շատ մեծ հարցականի տակ է դնում այդ բիզնեսի կայունությունը: Մենք առավել քան վստահ ենք եւ ունենք արդեն ազդանշաններ շուկայից, որ այս հարկատեսակի կիրառման արդյունքում գործող փոքր եւ միջին ձեռնարկությունները չեն շարունակելու իրենց գործունեությունը»,- լրացրեց «Պեպսի Կոլա»-ի տնօրենը: Գուրգեն Նարիմանյանի խոսքերով` բարձր գնային կատեգորիայի ապրանքները կթանկանան 12-15, իսկ ցածր կատեգորիայի ապրանքները` 30-40 տոկոսով: Այնուհետեւ կնվազեն վաճառքի ծավալները, ինչի հետեւանքով կկրճատվեն ընկերությունների եկամուտները: Սրան կհետեւի տնտեսվարողների շահութաբերության կրճատումը, ապա աշխատատեղերի կրճատումը:
Իսկ, ահա, «Հայ Կոլա»-ի տնօրենն աշխատողներին հավաքել է եւ տեղեկացրել, որ այլ աշխատանք գտնեն. պատճառը ակցիզային հարկի դրույքաչափն է: Գործարանի տնօրեն Տիգրան Հովսեփյանի խոսքերով` եթե այս հարկատեսակը կյանքի կոչվի, ապա «Հայ Կոլա» ընկերությունը կկանգնի փակման եզրին: «Իմ գործարանի աշխատակիցներին հավաքել եւ տեղեկացրել եմ, որ եթե այս օրինագիծը կյանքի կոչվի, ապա մենք կանգնում ենք փակման եզրին: Եւ դուք, այս պահից սկսած, կարող եք աշխատանքի տեղ գտնել այլ վայրերում: Եթե մեր ապրանքը թանկանա 30 տոկոսով, ապա այն շուկայում կդառնա անմրցունակ: Այսինքն` մենք շուկայից ավտոմատ կերպով կանհետանանք»,- հայտարարեց գործարանի տնօրենը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ