Հայաստանի սպառողական շուկայում փետրվարին, նախորդ ամսվա համեմատ, պաշտոնապես արձանագրվել է 0.6 տոկոս գնաճ. սա, ինչ խոսք, չնչին ազդեցություն ունի: Սակայն փաստը, որ, այնուամենայնիվ, գնաճ է արձանագրվել, տխուր է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմնականում թանկացել է ալկոհոլային խմիչքը, ծխախոտը, բանջարեղենը: Ի դեպ, առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացը եւս թանկացել է:
Այսպես, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս փետրվարին, հունվարի համեմատ, արձանագրված 0.6 տոկոս թանկացումը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 1.7 տոկոս գնաճով: Ավելին, սննդամթերքի, ոչ ալկոհոլային եւ ալկոհոլային խմիչքի, ծխախոտի գները նշված ժամանակահատվածում աճել են 1.6 տոկոսով, փոխարենը նվազել են ոչ պարենային ապրանքների գներն ու ծառայությունների սակագները: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերջին շրջանում թանկացել է ե՛ւ ներկրվող, ե՛ւ արտադրվող սիգարետը 30-50 դրամով: Բայց, ինչպես ասում են, ամեն ինչ դեռ առջեւում է, եւ թանկացումների նոր ալիք է սկսվելու: Ինչպես հայտնի է, շահութահարկի եւ եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետեւանքով, այս տարվա հուլիսի 1-ից սկսած, կբարձրանան ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը, ինչի հետեւանքով կբարձրանան ապրանքատեսակների գները: Հիշեցնենք` ալկոհոլային խմիչքները, ծխախոտը եւ բենզինն արդեն իսկ թանկացել էին: Փաստորեն, այս տարի նույնպես օղին եւ ծխախոտը դարձյալ չեն խուսափի թանկացումից: Բայց, մյուս կողմից, արդյունքում կբարձրանան նաեւ օղու եւ էթիլային սպիրտի նվազագույն իրացման գները. 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտը 3500 դրամից կբարձրանա` դառնալով 6000 դրամ:
Այս փետրվարին, հունվարի համեմատ, բարձրացել են մրգի եւ բանջարեղենի գները: Միայն բանջարեղենի շուկայում փետրվարին, հունվարի համեմատ, արձանագրվել է 7.4 տոկոս գնաճ: Պաշտոնապես հացաբուլկեղենի եւ ձավարեղենի շուկաներում փետրվարին, հունվարի համեմատ, արձանագրվել է 1.4 տոկոս գնաճ: Իսկ, ահա, այս փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ալյուրի եւ հացի գներն աճել են համապատասխանաբար 3.1 եւ 3.7 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ տարեսկզբին էր գրել, որ Հայաստանում հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները վերանայել են հացի վաճառքի գները: Պատճառը միջազգային շուկայում ալյուրի թանկացումն է: Միայն 1 տոննա ցորենի գինը բարձրացել է մոտ 46 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին օրերի ընթացքում մակարոնի մեկ կիլոգրամի դեպքում թանկացումը կազմել է 50 դրամ: Օրինակ, 300 դրամ արժեցող մակարոնի մեկ կիլոգրամը թանկացել է` դառնալով 350 դրամ: Իսկ, ահա, 180 դրամանոց հացը թանկացել է` դառնալով 200 դրամ: Նկատենք, որ հացի արտադրամասեր կան, որոնք հացի գինը անփոփոխ են թողել, բայց դրա հաշվին քաշն են նվազեցրել: Մսամթերքի շուկայում վիճակագրական կոմիտեն եւս թանկացում է արձանագրել` 0.3 տոկոսի չափով: Ի դեպ, տեղեկացնենք, որ սառեցված հավի կրծքամիսը թանկացել է 100 դրամով. այժմ դրա մեկ կիլոգրամը վաճառվում է 1650 դրամով: Իսկ թարմ հավի մեկ կգ այժմ վաճառվում է 1450 դրամով, այն եւս 100 դրամով թանկացել է:
Պաշտոնական տվյալներով` կաթնամթերքի, պանրի եւ ձվի շուկաներում փետրվարին, հունվարի համեմատ, արձանագրվել է 0.3 տոկոս գնանկում: Ըստ վիճակագրական կոմիտեի` ձվի գինը նշված ժամանակահատվածում նվազել է 1.2 տոկոսով: Բայց «Ժողովուրդ» օրաթերթի փոքրիկ ուսումնասիրության ընթացքում պարզվեց, որ ձվի մեկ հատը 60 դրամից թանկացել է` դառնալով 65 դրամ: Ի դեպ, նշենք, որ ռեստորանների, սրճարանների ծառայությունների սակագներն աճել են 0.2 տոկոսով, հանգստի եւ մշակութային միջոցառումների հետ կապված ծառայություններինը` 0.3 տոկոսով, բժշկական ծառայություններինը` 2.7 տոկոսով:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՄԱԴՐԻԴՅԱՆ ՀԵԳԵՄՈՆԻԱՅԻ ԱՎԱՐՏԸ
Մարտի 5-ի լույս 6-ի գիշերը կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալ Մադրիդ»-«Այաքս» պատասխան հանդիպումը: Առաջին խաղում մադրիդյան ակումբը կարողացել էր հոլանդացիներին հաղթել 2-1 հաշվով, եւ թվում էր, որ հաջորդ փուլի ուղեգրի հարցը լուծված է, սակայն այն, ինչ պատահեց «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում, անհավանական հրաշք էր «Այաքսի» համար եւ սարսափ երազ «Ռեալի» համար:
Պատասխան խաղը ավարտվեց հոլանդական թիմի փառահեղ հաղթանակով՝ 4-1:
Ու, ընդհանրապես, վերջին շրջանում «Ռեալ Մադրիդ» թիմը սարսափելի վատ ֆուտբոլ է ցույց տալիս: Ինչպե՞ս եւ ինչո՞ւ է «Ռեալը» շարունակական պարտություններ կրում:
Ավագի բացակայություն
Այս խնդիրը թիմի պարտության ամենագլխավոր խնդիրներից մեկն էր: Մադրիդյան ակումբի ավագի պարտականությունները այս խաղում կատարում էր Կարիմ Բենզեման, որովհետեւ խաղին միտումնավոր որակազրվել էր Ռամոսը, իսկ Մարսելոն արդեն վաղուց մեկնարկային ֆուտբոլիստ չէ: Ռամոսի բացակայության պայմաններում «Ռեալը» արդեն 4-րդ անընդմեջ պարտությունն է կրում, եւ նրա բացակայությունը իրոք մեծ դեր է խաղում «Ռեալի» համար: Եթե Ռամոսը անցած խաղում միտումնավոր չստանար դեղին քարտ եւ մասնակցեր այս հանդիպմանը, շատ հնարավոր է` այլ արդյունք գրանցվեր:
Գերհոգնածություն
«Սերուցքայինները» գերհոգնած էին. դա արտացոլվեց հենց առաջին րոպեներից, երբ վնասվածք ստացան Լուկաս Վասկեսը եւ Վինիսիուսը: Իհարկե, հեշտ չէ խաղալ երկու կլասիկո անընդմեջ «Բարսելոնայի» հետ եւ դրանից հետո 100%-ով պատրաստ լինել Չ/Լ խաղի: Եթե այս նույն իրավիճակը լիներ անցած մրցաշրջանում, կասկածից վեր է, որ «Ռեալը» պատվով դուրս կգար իրավիճակից, սակայն այս տարի իրավիճակ է փոխվել նաեւ մադրիդյան ակումբում:
Առաջատարի եւ մոտիվացիայի պակաս
3 տարի անընդմեջ լինել «Էվերեստի գագաթին», հաղթել բոլոր հզորներին եւ այդ տարիների ընթացքում չկատարել ոչ մի նշանակալի տրանսֆեր. դա էլ հերիք չէր, «Ռեալը» վաճառեց իր առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին, իսկ թիմից հեռացավ այդ հաղթանակների պարագլուխը՝ Զինեդին Զիդանը:
Այս թիմը արդեն հասել էր իր գագաթնակետին, պիկին. չկար այլեւս մոտիվացիա. Պերեսը պետք է ինչ-որ արմատական փոփոխություն կատարեր «պայթյունից» խուսափելու համար, սակայն վերջինս հրաժարվեց դրանից, որն էլ հանգեցրեց «Ռեալի»` այս մրցաշրջանում առանց տիտղոսների մնալուն:
Այսպիսով, «Ռեալը Մադրիդը» պարտվեց սեփական ղեկավարության` քայլեր չձեռնարկելու պատճառով, իսկ «Այաքսը» հրաշալի օգտվեց ստեղծված իրավիճակից եւ կարողացավ մտնել պատմության մեջ՝ եվրոպական ամենահեղինակավոր առաջնությունից դուրս թողնելով վերջին 3 տարիների գործող չեմպիոնին: Այս հանդիպումը փորձի եւ երիտասարդության հերթական բախումն էր, որտեղ հաղթեց երիտասարդությունը:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ