«ԱՓՍՈՍՈՒՄ ԵՄ, ՈՐ ՏԱՐԻՆԵՐՍ ԱՅՍՔԱՆ ՇՈՒՏ ԱՆՑԱՆ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը: Նա խոսել է իր սովորությունների, նախասիրությունների, երազանքների մասին, նշել, թե ինչի համար է ափսոսում եւ ինչին է սրտատրոփ սպասում: Պարոն Մանուկյանը խոստովանել է, որ չնայած տարիքն առել է, սակայն կցանկանար երկար ապրել, քանի որ սիրում է կյանքը եւ սպասելիքներ ունի դրանից:

-Պարո՛ն Մանուկյան, ո՞ր եղանակին եք ծնվել եւ արդյոք ասոցացնում եք Ձեր բնավորությունն այդ եղանակի հետ:
-Գարնանը՝ մայիսին եմ ծնվել, եւ, այո, միանշանակ, ասոցացնում եմ:
-Սովորություն, որն ատում եք մարդկանց մեջ:
-Ոչ ճշտապահությունը: Թատրոնում աշխատած 60 տարվա ընթացքում 6 րոպե չեմ ուշացել, նույնը պահանջում եմ դիմացինից: Շատ եմ զայրանում, երբ հանդիպում եմ ոչ կարգապահ մարդկանց:
-Էությամբ ինքնաքննադա՞տ տեսակ եք, օբյեկտի՞վ եք այդ առումով:
-Այո, ճշմարտության կողմնակիցն եմ եւ որոշ հարցերում ինքս ինձ բռնում եմ սխալվելիս:
-Ձեզ չեք ներում այն բանի համար, որ…
-Երբեմն պարապուրդի եմ մատնվում, չնայած դա ինձնից կախված չի լինում: Սիրում եմ, երբ աշխատանքային պրոցեսի մեջ եմ:
-Շո՞ւտ եք ճանաչում մարդկանց, թե՞ նրանց երբեմն հաջողվում է Ձեզ մոլորեցնել:
-Ինձ մոլորեցնել չեն կարող, բայց ամեն մեկի մեջ ուզում եմ տեսնել մարդ արարածին: Այնպիսին, ինչպիսին ես եմ, ուզում եմ դիմացինիս մեջ էլ տեսնել:
-Ինչպե՞ս կբնութագրեք հայաստանյան ներքին քաղաքական կյանքը մեկ բառով:
-Քաղաքականությունից բավական հեռու եմ, թեեւ ունեմ սպասելիքներ: Որակումներից կխուսափեմ:
-Եթե դուք լինեիք վարչապետ…
-Երբեք չէի ուզենա լինել վարչապետ: Առհասարակ, երբեք չեմ ցանկացել պաշտոն ունենալ:
-Կյանքի այս փուլում ինչի՞ց եք վախենում:
-Չնայած տարիքս արդեն առել եմ, բայց կցանկանայի երկար ապրել, որովհետեւ կյանքը սիրում եմ եւ ակնկալիքներ ունեմ դրանից:
-Կա՞ մի բան, որի համար Դուք արդեն ուշացել եք:
-Ոչ: Երբեք ուշ չէ ինչ-որ բանի հասնելու համար, ինչպես եւ երբեք ուշ չէ սովորելու համար:
-Ո՞վ է Ձեր սիրելի ռեժիսորը:
-Երկուսի անունները կտամ՝ Հրաչյա Ղափլանյան եւ Վարդան Աճեմյան:
-Այսօր ո՞ր լուրը կստիպեր Ձեզ ուրախությունից գլուխը կորցնել:
-Երբ իմանայի, որ դուստրս ինձ թոռնիկ է պարգեւել:
-Ո՞վ է Ձեր սիրելի երգիչը կամ երգչուհին:
-Գոհար Գասպարյանը:
-Ունե՞ք մի նախասիրություն, որը կարող էր անգամ փոխարինել մասնագիտությանը:
-Այո, ես զբաղվել եմ գեղանկարչությամբ, ունեմ դիմանկարներ՝ աստվածաշնչյան թեմաներով:
-Ավելի շուտ նեղանում եք մտերիմների՞ց, թե՞ ոչ այնքան հարազատ մարդկանցից:
-Հարազատ մարդու խոսքն ուժգին է դիպչում սրտին:
-Ո՞վ է եղել Ձեր կուռքը:
-Կուռքեր չունեմ եւ չեմ ունեցել: Ինձ հաճախ հարցնում են, թե ում կցանկանայի նմանվել, ես պատասխանում եմ՝ Գուժ Մանուկյանին: Ոչ ոքի պետք չէ նմանվել:
-Ումի՞ց եք ամբողջ կյանքում սովորել:
-Ծնողներիցս. հայրս դրամատուրգ էր, մայրս՝ դերասանուհի, այնպես որ, սովորելու շատ բան կար:
-Ինչի՞ համար եք ափսոսում:
-Ափսոսում եմ, որ տարիներս այսքան շուտ անցան…
-Ձեր դերերից ո՞րը մարմնավորելու համար եք ամենաշատն ուրախանում:
-Դրանք շատ են, որեւէ մեկին նախապատվություն տալ չեմ կարող: Բոլոր կերպարներս էլ կերտել եմ անմնացորդ նվիրումով:
-Ինչպիսի՞ն են Ձեր եւ Աստծո հարաբերությունները:
-Բարի-դրացիական (ծիծաղում է):
-Ընկերներ շա՞տ եք ունեցել:
-Կոլեգաներ՝ այո, ընկերներ՝ ոչ: Ցավոք, ընկերներիս մի մասն այսօր հեռացել է կյանքից…
-Ի՞նչ եք կարծում, ո՞ր դեպքում տղամարդը երբեք չի լքի կնոջը:
-Եթե կինն իրեն խելոք պահի (ծիծաղում է):
-Նշեք հայկական մի ֆիլմ, որը կարող եք անընդմեջ դիտել ու չհոգնել:
-«Հին օրերի երգը» որքան ցուցադրեն, այնքան կդիտեմ:
-Եվ վերջում՝ ո՞րն է ներկայիս Ձեր ամենամեծ երազանքը:
-Հենց թոռնիկիս աշխարհ գալն է, սրտատրոփ եմ սպասում այդ իրադարձությանը:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՉԵՄ ԿԱՐՈՂ ԹԱՔՑՆԵԼ՝ ԻՆՁ ՀԱՃԱԽ ԵՆ ՍԻՐԱՀԱՐՎՈՒՄ»

Քանի որ շուտով կանանց նվիրված միամսյակն է, «Ժողովուրդ» օրաթերթը այդ թեմայով զրուցել է հայկական շոու-բիզնեսի ամենականացի ներկայացուցիչներից մեկի՝ երգչուհի Իրինա Հարությունյանի հետ: Նա անդրադարձել է կին, բեմի մարդ լինելու դժվարություններին, գեղեցիկ լինելու գաղտնիքներին, կատարել է յուրահատուկ խոստովանություն: Իրինայի համոզմամբ՝ կինը երջանիկ է, երբ սիրված է, պաշտպանված, գնահատված, ունի սիրելի աշխատանք եւ ընտանիք:

Երգչուհու կարծիքով՝ գեղեցիկ է կանացի եւ միեւնույն ժամանակ խելացի կինը: Հարցին, թե որպես կին ամենամեծ դժվարությունը, որ հաղթահարել է, որն է եղել, Իրինան պատասխանեց. «Փառք Աստծո, ես իմ կյանքում անհաղթահարելի դժվարություններ չեմ ունեցել: Ամուսնալուծությունս, օրինակ, կարելի է համարել բեկումնային, բայց ոչ անհաղթահարելի շրջան: Ես կանանց այն տեսակներից եմ, որոնք հազվադեպ են անհաղթահարելի պատնեշների հանդիպում: Ինձ համարում եմ ուժեղ կին, հավատում եմ ոչ միայն սեփական ուժերիս, այլեւ ճակատագրին»:
Մենք հետաքրքրվեցինք՝ հաճախ է արդյոք Իրինան հայտնվում տղամարդկանց ուշադրության կենտրոնում. «Չեմ կարող թաքցնել՝ ինձ հաճախ են սիրահարվում: Ես ինձ համարում եմ հետաքրքիր եւ գրավիչ կին»,- ասաց մեր զրուցակիցը:
Այս օրերին շատ է քննարկվում կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների, կանանց նկատմամբ բռնությունների թեման: Իրինան ունի իր տեսակետը. «Կանանց իրավունքները ոտնահարվում են այն դեպքում, երբ նրանք թույլ են տալիս դա: Իհարկե, կինը պետք է լինի հանդուրժող, զիջող, բայց երբ խոսքը վերաբերում է, օրինակ, բռնությանը, չի կարելի հայկական մենթալիտետին բնորոշ վերաբերմունք ցուցաբերել եւ զոհ գնալ»,-մեկնաբանեց երգչուհին:
Նրա խոսքով՝ Հայաստանում եւ, առհասարակ, ամբողջ աշխարհում դժվար է լինել կին եւ լինել բեմի մարդ. «Ամեն դեպքում, ես թույլ չեմ տա, որ աշխատանքս տուժի, քանի որ բեմն ու երգը իմ կյանքն են: Խոչընդոտները կգան ու կգնան, իսկ այն, ինչ դու զգում ես բեմի վրա, այն, ինչ ստեղծում ես, կմնա»,-եզրափակեց Իրինան:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

ԱՌԱՆՑ ԱՆԱԿՆԿԱԼԻ
Անգլիական «Տոտենհեմը» ՉԼ-ում անցել է հաջորդ փուլ: Այս խաղում անակնկալ չգրանցվեց. «Տոտենհեմը» առաջին խաղում «Բորուսիային» հաղթել էր 3:0 հաշվով եւ մեծ հաշվով վճռել մյուս փուլ դուրս գալու հարցը: Այս խաղում լոնդոնցիները «Բորուսիա Դորտմունդի» դարպասը մեկ անգամ խոցեցին եւ հաղթեցին 4:0 հաշվով: «Տոտենհեմի» միակ գոլը հեղինակեց Հարի Քեյնը:

 

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՏԱԼՈՒ
«Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Այաքսի» հետ (1:4)խաղից հետո հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: Սոլարին նշել է, որ հույս կա դեռ հաղթանակ տոնելու Լա Լիգայում, եւ ավելացրել, որ երբեք չի հանձնվելու:
Հիշեցնենք` Իսպանիայի առաջնության 26 տուրից հետո «Ռեալը» մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում` առաջատար «Բարսելոնային» զիջելով 12 միավորով:

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
Կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հերթական տուրը: Այս տուրում գրանցվեցին հետեւյալ արդյունքները.
«Գանձասար»-«Ալաշկերտ»` 2:4
«Փյունիկ»-«Արարատ-Արմենիա»`0:3
«Արարատ Երեւան»-«Շիրակ»`0:2
«Լոռի»-«Արցախ»`2:0
Այս տուրից հետո առաջնության առաջատարը «Ալաշկերտն» է` վաստակած 36 միավորով, եւ երկրորդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիայից» առաջ է պոկվել 4 միավոր:

 

 

ԿՄԱՍՆԱԿՑԵՆ
Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի գլխավոր համաժողովի ընթացքում որոշում է ընդունվել, որ այսուհետ Օլիմպիական խաղերին կարող են մասնակցել նաեւ պրոֆեսիոնալ ռինգում հանդես եկող բոլոր բռնցքամարտիկները:
Մինչ այդ Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն ունեին այն բռնցքամարտիկները, որոնք պրոֆեսիոնալ ռինգում չունեին անցկացրած 15-ից ավելի մենամարտ: Այս մասին հայտնում է PunchBoxingArmenia-ի ֆեյսբուքյան էջը:

 

 

ԿԱՎԱՐՏԵՄ «ՊՍԺ»-ՈՒՄ
ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին հայտարարել է, որ պատրաստ է մինչեւ կարիերայի ավարտը մնալ փարիզյան թիմում։ Իտալացին լրագրողների հետ զրույցում ասել է. «Ես արդեն 7-րդ մրցաշրջանն եմ անցկացնում «ՊՍԺ»-ում։ Ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս։ Ցանկանում եմ կարիերաս ավարտել այստեղ»:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս