Կառավարության երեկվա նիստում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնվել էր, մեղմ ասած, աննախանձելի վիճակում. կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին, ստիպված էին Թորոսյանի համար տնտեսագիտության տարրական հիմունքների կարճատեւ դասընթաց կազմակերպել` ձեռքի հետ էլ նախատելով ու «երեսով տալով» այդ ոլորտում նախարարի գիտելիքների մակարդակը:
Արսեն Թորոսյանը առողջ ապրելակերպ ապահովելու շրջանակներում փորձում է մի կողմից ծխելու դեմ պայքարել, մյուս կողմից՝ վնասակար սննդամթերքի օգտագործման դեմ: Իսկ այդ նպատակով նա առաջարկում է թանկացնել ծխախոտի ակցիզային հարկը, նաեւ հարկային խստացումներ շաքարի, գազային խմիչքների ոլորտում:
Առողջ ապրելակերպը, իհարկե, խիստ անհրաժեշտ է. սա անվիճարկելի փաստ է: Ու առողջապահության նախարարությունն այս հարցում լուրջ անելիք ունի: Սակայն այդ նպատակին հասնելու մեթոդները, որ առաջարկում է Արսեն Թորոսյանը, մեղմ ասած, անիրականանալի են, քանի որ այդ դեպքում կարող է էապես տուժել երկրի տնտեսությունը, կարող են նվազել բյուջետային մուտքերը: Այնպես որ, Թորոսյանի պահվածքից տպավորություն է, որ իր ծրագրերի մասին նա խոսում է սեփական PR-ի համար` առանց խորանալու դրանց իրականացման գործիքակազմերի մեջ: Պատահական չէ, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված էր նույնիսկ կոպտել Թորոսյանին՝ ասելով. «Իրան չի հետաքրքրում բյուջեի մուտքը, իրան հետաքրքրում է՝ էնքան թանկ լինի, որ ոչ ոք չծխի: Պարո՛ն Թորոսյան, մենք կառավարություն ենք, չենք կարող լինել միայն առողջապահության նախարարություն: Հիմա պետք է հարկային եկամուտների, առողջապահության, գյուղացիների գյուղմթերքի մթերման մասին էլ մտածենք»: Անգամ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որ սովորաբար շատ զուսպ է, կոշտ արձագանքեց. դիմելով Թորոսյանին` առաջարկեց, որ նա վաղվանից բուժհաստատություններում արգելի ծխախոտի եւ «Կոկա Կոլա»-ի վաճառքը: «Այսինքն` Դուք Ձեզ դրսեւորեք Ձեր պայքարի մեջ, հետո նոր եկեք, հարկային օրենսդրության մեջ էլ դրսեւորեք»,- կոպտեց նա:
Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգում նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ մի շարք քրեական գործեր հարուցվեցին, եւ այդ գործերը նախաքննության համար ուղարկվեցին Հատուկ քննչական ծառայություն: Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` այդ քրեական գործերն այնքան մեծածավալ են, բազմադրվագ, ըստ այդմ, ՀՔԾ քննիչներն այնպիսի ծանրաբեռնվածության տակ են ընկել դրանց պատճառով, որ ստիպված են եղել քննչական խմբերում քննիչներ ընդգրկել նաեւ ՀՀ քննչական կոմիտեից ու ԱԱԾ քննչական վարչությունից: Սա արվել է նաեւ այն պատճառով, որ նախաքննական մարմինը կարողանա սեղմ ժամկետներում ավարտել այդ քրեական գործերի նախաքննությունն ու այն ուղարկել դատարան: Ի վերջո, շուտով կլրանա նախաքննության մեկ տարին, ու եթե աղմկահարույց քրեական գործերով ավարտ չհայտարարեն, ապա պետք է բերեն հիմնավորումներ: Ուստի գործընթացն արագացնելու համար որոշվել է պարզապես համալրել թիմը:
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, նաեւ ԵՄ պաշտոնյաները՝ հանձինս Յոհաննես Հանի եւ Ֆրեդերիկա Մոգերինիի, չեն ողջունում Արցախը բանակցային սեղան վերադարձնելու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը: «Երբ ասել են` առանց նախապայմանների կարգավորման մասին, նկատի են ունեցել Հայաստան-Ադրբեջան ձեւաչափը` առանց Արցախի ներգրավման»,-նշել է նա: Միաժամանակ Աշոտյանն ասել է, թե առաջիկայում Փաշինյանն Ալիեւի հետ հանդիպման ժամանակ կփորձի Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու խոստումը կատարել: «Մյուս կողմից էլ նա պետք է տպավորություն չստեղծի, որ Հայաստանի պատճառով բանակցությունների գործընթացը Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում տորպեդավորվում է կամ պարալիզացվում է: Եթե հանկարծ գնաց երկրորդ սցենարով, ապա մեծ վտանգ կա, որ Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողությունները կարող են արդարացված համարվել միջազգային հանրության մի հատվածի մոտ, որը բանակցությունների վիժեցումը կփորձի բարդել Հայաստանի վրա»,- ասել է ՀՀԿ-ականը:
2019թ. հունվարի ընթացքում բավական նվազել է ԵՄ անդամ երկրների հետ ՀՀ առեւտրաշրջանառությունը: Վիճակագրական կոմիտեի տվյալներով` արտահանումը դեպի ԵՄ նվազել է 23.8 տոկոսով. եթե 2018թ. հունվարին արտահանվել է 44.7 մլն դոլար ապրանք, ապա այս տարի այդ թիվը հասել է 34 մլն դոլարի: Ինչ վերաբերում է ԵՄ-ից ներկրումներին, ապա այդ թիվը նվազել է 11.1 տոկոսով. նախորդ տարվա առաջին ամսում այնտեղից ներկրվել է 66.8, այս տարի՝ 59.4 մլն դոլարի ապրանք: Հատկանշական է փաստը, որ հիմնականում ՀՀ-ն նվազեցրել է արտահանումը դեպի Բելգիա, Բուլղարիա: Սա, թերեւս, պատահական չէ. ՀՀԿ իշխանությունների օրոք Հայաստանից ԵՄ անդամ երկրներ, մասնավորապես Բելգիա, Բուլղարիա, արտահանվում էր հանքահումքային արտադրանք՝ պղինձ, մոլիբդեն եւ այլն: Ու ընդհանրապես, նախկինում ՀՀ տնտեսությունը «նստած էր» հենց հանքահումքային արտադրանքի վրա: Հիմա, սակայն, մի շարք հանքարդյունաբերող ընկերություններ դադարեցրել են իրենց աշխատանքը, բացի այդ՝ նոր կառավարությունը որոշել է փոխել տնտեսության կառուցվածքը:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱԿՆԱՐԿՆԵՐ
Դիվանագետի օրվա առթիվ երեկ կազմակերպված ընդունելության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի շեշտադրումները բավական սուր էին: Նա շատ նրբորեն հիշեցրել է, որ դիվանագիտական կորպուսի մի մասն, այնուամենայնիվ, թավշյա հեղափոխության մասնակից չի եղել, այսինքն՝ միջազգային հանրությանը պատշաճ կերպով չեն ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները: «Վարչապետ ընտրվելով` հենց առաջին օրվանից ես առաջնորդվել եմ այն կանխավարկածով, որ դիվանագետները, դիվանագիտական համակարգը մեր երկրում ամենակայացած պետական համակարգերից է, եւ մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի համակարգն իր կայունությունը, բնականոն գործունեությունն ապահովի: Այս պայմաններում, բնականաբար, ակնկալում եմ, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչները, ընդհանրապես ողջ դիվանագիտական համակարգը պատշաճ ձեւով ամբողջ աշխարհում ներկայացնի Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, եւ համոզված եմ, որ պատշաճ մակարդակով համակարգը կծառայի Հայաստանի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին: Եւ բոլոր դիվանագետները, որոնք բաց են թողել քաղաքական հեղափոխությանը մասնակցելու պատեհությունը, այսօր լավ առիթ ունեն մասնակցելու տնտեսական հեղափոխությանը, լինել տնտեսական հեղափոխության ակտիվիստ՝ բառիս աշխատանքային իմաստով, այսինքն` ամբողջ աշխարհում դառնալ ՀՀ-ի եւ ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունների եւ դրանց բովանդակության ներկայացման դեսպանը»:
Փաշինյանի հայտարարությունները, թերեւս, պատահական չեն. թավշյա հեղափոխության օրերին, քանի դեռ Սերժ Սարգսյանը հրաժարական չէր ներկայացրել, դիվանագիտական կորպուսը (բնականաբար նախկին իշխանության հրահանգով) լծված էր միջազգային հանրության մոտ ընդդիմության գործողությունները բացասական տեսանկյունից ներկայացնելու եւ այդ ամենի նկատմամբ վատ կարծիք ձեւավորելու գործին:
Ավելին` թավշյա հեղափոխությունից հետո եւս մի տեւական ժամանակ դիվանագիտական կորպուսը կարծես խուսափում էր օտարերկրացիների մոտ ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունների իրական բովանդակությունը ներկայացնելու հարցից, այլ կարծես ներքին կարգով լռելյայն սաբոտաժի էր ենթարկում նոր իշխանություններին: Ու հիմա վարչապետ Փաշինյանը հասկացնում է, որ ինքը տեղյակ է եղել այդ ամենից, բայց եւ պատրաստ է մոռանալ դրանք, եթե դիվանագետները լծվեն տնտեսական հեղափոխությանը մասնակցելու գործին: Ու այս առումով նկատենք, որ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հարցում առանցքային դերակատարություն ունի հենց դիվանագիտական կորպուսը Հայաստանում տեղի ունեցածը դրսին ներկայացնելու, այդպես նրանց շահագրգռելու եւ համոզելու առումով: