ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՇՏԱՊԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի հայտարարությունը` կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, լայն քննարկման առարկա է դարձել: Յոհաննես Հանը մասնավորապես հայտարարել էր, թե ԼՂ հակամարտության հարցում ամեն ինչ պետք է թողնել գործող ֆորմատով, եւ նոր բան չստեղծենք:

Եվ չնայած Հանը որպես այդպիսին չի նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափ անվանումը, սակայն նրա հայտարարությունը կարծես թե այլ կերպ է ընկալվել: Մասնավորապես ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով այդ հայտարարությանը, նշել է. «Ողջունում ենք Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է ընթանան գործող՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով»,- գրել է Վլադիմիր Կարապետյանը:
Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանի հետ:
-Պարո՛ն Աշոտյան, Յոհաննես Հանը նշել է, թե արցախյան հակամարտության հարցում բանակցությունները պետք է ընթանան գործող ձեւաչափով: Սակայն ըստ էության չի մատնանշվել ԵԱՀԿ Մինսկի խումբ եզրույթը: Սա տարատեսակ մեկնաբանությունների առիթ է տվել:
-Ես կարծում եմ` ոչ այնքան շեշտել է Մինսկի խումբը, քանի որ այդ մասին շատ է խոսվում, այլ ձեւաչափ ասելով Հանը եւ հատկապես Մոգերինին, երբ ասել է` առանց նախապայմանների կարգավորման մասին, նկատի է ունեցել Հայաստան-Ադրբեջան ձեւաչափը` առանց Արցախի ներգրավման: Սա է եղել եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների մեսսիջը Նիկոլ Փաշինյանին, որ իր առաջարկությանը` Արցախը ներգրավել որպես բանակցային կողմ, իրենք, ցավոք, չեն սատարում: Կռահելի էր դա, քանի որ նման հայտարարություններ անելուց առաջ, դեռեւս անցյալ տարի, պետք էր նախապես աշխատել համանախագահների հետ, որպեսզի ստանային իրենց սատարումը: Այլ ոչ թե հայտարարվեր եւ փորձ արվեր արդեն հետին թվով ստանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ եվրոպացիների աջակցությունն այդ գաղափարը կյանքի կոչելու համար:
-Իսկ այդ դեպքում տարօրինակ չէ՞, արդյոք, Վլադիմիր Կարապետյանի հայտարարությունը, որով ողջունում են Հանի հայտարարությունը:
-Տարօրինակ չէ, եւ այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ իրենք փորձում են թեման տանել, թե իբր Հանը նկատի է ունեցել Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը: Եվ սա այն դեպքում, երբ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը փոփոխելու որեւէ գործընթաց երկար ժամանակ է` ինչ չկա, եւ նման հարց` համանախագահների ձեւաչափը փոխելու, օրակարգում չի եղել վաղուց եւ չկա նաեւ այսօր: Նա պարզապես փորձել է ձեւաչափ բառի սլաքները Ղարաբաղի ներգրավվածության մասից տանել դեպի համանախագահների ձեւաչափի պահպանման ուղերձ: Հենց իր նախադասությանը, որով կոչ է արվում չտրվել մանիպուլյացիաների, հենց դրա մասին է խոսում: Սակայն շատ վաղուց այդպիսի հարց դրված չէ, եւ դրա մասին Հանը չէր խոսի: Եվ եթե համադրենք Մոգերինիի հայտարարության հետ, որտեղ խոսվում է առանց նախապայմանների բանակցությունների շարունակման մասին, կստանանք իրական պատկերը: Մանիպուլյացիա է անում հենց Կարապետյանը` փրկելու համար Նիկոլ Փաշինյանի դեմքը բրյուսելյան տապալված այցից հետո:
-Այս ամենը հաշվի առնելով` ի՞նչ սպասենք Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպումից:
-Փաշինյան-Ալիեւ հանդիպումը շատ կարեւոր եւ շատ ծանր է լինելու հայկական կողմի համար: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առանց օրակարգի հանդիպում է լինելու, հետո Բրյուսելում հստակեցրել է, թե առաջարկելու է բանակցությունների ձեւաչափի փոփոխության խնդիրը քննարկել: Մի կողմից` նա կփորձի քայլեր ձեռնարկել, որպեսզի իր տված խոստումը Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու մասին կատարվի, մյուս կողմից էլ` նա պետք է տպավորություն չստեղծի, որ Հայաստանի պատճառով բանակցությունների գործընթացը Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում տորպեդավորվում է կամ պարալիզացվում է: Եթե հանկարծ գնաց երկրորդ սցենարով, ապա մեծ վտանգ կա, որ Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողությունները կարող են արդարացված համարվել միջազգային հանրության մի հատվածի մոտ, որը բանակցությունների վիժեցումը կփորձի բարդել Հայաստանի վրա: Ծանր է լինելու նաեւ այն հանգամանքից ելնելով, որ Մինսկի խմբի համանախագահ եւ ոչ մի երկիր հրապարակավ իր սատարումը չի հայտնել Արցախը բանակցային կողմ վերադարձնելու առաջարկություններին: Կարծում եմ` անցյալ տարի մայիսի 9-ին Ստեփանակերտում նա շտապեց, գերագնահատեց իր հնարավորությունները:
-Արդյո՞ք մեր կողմից դիրքորոշման կոշտացումը կարող է հանգեցնել Ադրբեջանի կողմից լարվածության աճին սահմանում:
-Կանխատեսվող վտանգները նրանից են գալիս, որ ես ամիսներ շարունակ պնդում եմ, որ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում Արցախը վերադարձնելուն զուգահեռ պետք էր պնդել Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի եւ Ժնեւի հայտարարությունների կատարման անհրաժեշտությունը, որպեսզի Ադրբեջանը դիվանագիտական իր պարտությունն ապրիլյան պատերազմում սրբագրի Դուշանբեում ոտքի վրա ձեռք բերված չկրակելու խոստումը, որովհետեւ այդ բանավոր խոստումը կարող է շատ արագ դառնալ բանավոր հրահանգ կրակելու եւ վերածվի մի հերթական ռազմական գործողությունների` ստեղծելով տպավորություն, որ Հայաստանն է մեղավոր բանակցային գործընթացի ձախողման համար:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՍՓՅՈՒՌՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ` 25 ՀԱՍՏԻՔ

Երեկ գործադիրի կողմից հավանության արժանացավ Կառավարության կառուցվածքի մասին նախագիծը: Արդյունքում կառավարությունը կունենա երկու փոխվարչապետ եւ 12 նախարարություն`

1) աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն,
2) առողջապահության նախարարություն,
3) արդարադատության նախարարություն,
4) արտակարգ իրավիճակների նախարարություն,
5) արտաքին գործերի նախարարություն,
6) կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն,
7) շրջակա միջավայրի նախարարություն,
8) պաշտպանության նախարարություն,
9) տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն,
10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն,
11) Էկոնոմիկայի նախարարություն,
12) ֆինանսների նախարարություն:
Նշենք, որ նախագիծը երկար ժամանակ հրապարակված էր նախագծերի միասնական կայքում եւ մինչ օրս քաղաքացիների կողմից ստացված է եղել 49 առաջարկ, որոնց մեծ մասում դժգոհություն է եղել Մշակույթի նախարարությունն այլ գերատեսչությանը միացնելը: Այնուամենայնիվ, կառավարությունը փորձել է հիմնավորել այս եւ մյուս գերատեսչությունների միացման պատճառները:
Նախագծում հետաքրքիր կետերի հանդիպեցինք. ինչպես հայտնի է` Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն ու Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը միաձուլվելու են` ստեղծելով Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն: Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումից հետո նախատեսվում է Կառավարության որոշմամբ այս նախարարության ենթակայությանը հանձնել ոչ միայն միավորման արդյունքում համատեղ ենթակայությանը փոխանցված Ջրային կոմիտեն եւ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, այլեւ Պետական գույքի կառավարման կոմիտեն:
Նախագծից տեղեկանում ենք, որ վարչապետի որոշմամբ ոչ միայն Կառավարության նիստի մի մասը, այլեւ նիստն ամբողջությամբ կարող է անցկացվել դռնբաց: Նախագծում մանրամասներ են առկա Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի շուրջ: Մասնավորապես հետագա մի քանի ամսվա ընթացքում ակնկալվում է սփյուռքի նախարարության հաստիքների քանակը կրճատել եւ վարչապետի աշխատակազմում ստեղծվող Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համար սահմանել օպտիմալ 20-25 հաստիք:

Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԴԱՏԱՎՈՐԸ ՃՆՇՄԱՆ ՄԱՍԻՆ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը երեկ հայտնել էր, թե ՀՀ արդարադատության նախարարությունում իր նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: «ՀՀ արդարադատության նախարարությունից ստացել եմ փակ, գաղտնի ծրար, որը պարունակում էր տեղեկատվություն առ այն, որ ՀՀ արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել իմ նկատմամբ: Մասնավորապես, ըստ 06.03.2019 թվականի 67-Ա որոշման` վարույթը հարուցվել է այն փաստի կապակցությամբ, թե իբր ես 150 սնանկության գործ չեմ հանձնել գրասենյակ` Սնանկության դատարան փոխանցելու նպատակով: Նախ` ափսոսում եմ, որ ՀՀ Արդարադատության նախարարին ներքաշել են իմ եւ Բարձրագույն դատական խորհուրդ հակամարտության մեջ: Քանի որ վերջին շրջանում Բարձրագույն դատական խորհուրդ ուղղված իմ ցանկացած դիմումին պատասխանել է ՀՀ Դատական դեպարտամենտը, ենթադրում եմ, որ տվյալ դեպքում եւս Դատական դեպարտամենտը գործել է ԲԴԽ-ի, իսկ ավելի կոնկրետ` լիազորությունները օրենքի ուժով դադարած անձի ուղղորդմամբ: Չէ՞ որ ընդդեմ ԲԴԽ-ի հարուցված բազմաթիվ հայցերի շրջանակներում սույն թվի ապրիլի 1-ին քննության առարկա է նաեւ վերը նշված անձի գործողությունների իրավաչափությունը»,- երեկ տեղեկացրել էր Պետրոսյանը:
Արդեն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կարինե Պետրոսյանը հայտնեց, որ իր դեմ կարգապահական վարույթ հարուցելը դիտարկում է որպես ճնշում: Ավելին` Պետրոսյանը պատրաստվում է բացատրություններ ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարին, որը կա՛մ կկարճի այդ վարույթը, կա՛մ կդիմի ԲԴԽ` իրենց պատասխանատվության ենթարկելու համար: Ի դեպ, դատավորն ասաց, որ բոլոր դեպքերում հետ չի կանգնելու իր պայքարից ու խնդրի կարգավորման համար կդիմի անգամ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

 

 

ՀԵՏԱՁԳՎԵՑ
Ինչպես հայտնի է` Հանրային ռադիոյի տնօրենի թափուր մնացած պաշտոնի մրցույթի համար ստացվել էր 30 հայտ: Ընդ որում, այդ թեկնածուների մեջ նաեւ հետաքրքիր անուններ էին առկա: Եվ չնայած մրցույթը չկայանալու մասին տարբեր տեղեկություններին` «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պարզապես դրա անցկացման ժամկետներն են երկարացվելու: Պատճառը մրցույթի վերաբերյալ մեծ ակտիվությունն է. բոլոր թեկնածուների հետ հարցազրույցի անցկացումն առաջին հերթին ժամանակատար է, բայց որոշվել է անկախ այդ հանգամանքից` հարցազրույցն անցկացնել` տպավորություն ստեղծելու, թե գործընթացն օբյեկտիվ է: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ հիմնական պայքարն ընթանալու է Գարեգին Խումարյանի եւ Ստեփան Զաքարյանի միջեւ: Բայց ըստ նախնական տեղեկությունների` ռադիոյի տնօրեն դառնալու է Գարեգին Խումարյանը:




Լրահոս