ԶՈՒԳԱՐԱՆԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանում ավտոբուսի` 100-ից ավելի վարորդներ գործադուլ արեցին. նրանք պահանջում են հանել ավտոբուսներում տեղադրված տեսախցիկները: Նշենք, որ Երեւանում հանրային ուղեւորափոխադրում իրականացնող «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի 5-րդ համարի երթուղու երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել ծառայության որակը բարելավելու նպատակով: Սա հարուցել է ընկերության վարորդների դժգոհությունը, որոնց մի մասը երեկ առավոտյան հրաժարվել է դուրս գալ երթուղի:

Դժգոհող վարորդների խոսքերով` անմիջապես վարորդի գլխավերեւում է դրվել այդ տեսախցիկը: Ըստ վարորդների` գումարները վերահսկելու համար են այդ տեսախցիկները դրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բացի տեսախցիկից` վարորդի մոտ տեղադրվել է նաեւ բաց արկղ, որի մեջ ուղեւորը հնարավորություն ունի գումարը գցել: Սակայն երեկ այդ արկղը հանվել է ավտոբուսի միջից: Խոսքը 5 համարի երթուղու մասին է: Ի դեպ, երեկ վարորդների հետ հանդիպել է նաեւ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Իսկ ահա ավելի ուշ քաղաքապետարանում լրագրողների հետ հանդիպեց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը եւ «Երեւան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը` հայտարարելով, որ տեսախցիկները տեղադրվելու են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Երեւան ավտոբուս» ընկերության նորանշանակ տնօրեն Թարփոշյանը չի կարողացել մեղմել բողոքի ալիքը եւ օգնության է դիմել հին տնօրենին, որին հաջողվել է համոզել վարորդներին վերադառնալ իրենց աշխատանքին:
Հայաստանի փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ` նշելով, որ վարորդները նախնական պայմանավորվածության համաձայն` այսօր կաշխատեն, բայց «մի կայծն էլ բավական է, որ թողնեն աշխատանքն ու բողոքեն»: Նրա խոսքերով` քաղաքապետարանը ամեն ինչ անում է` վարորդներին վնասելու համար: Իսկ նրանց աշխատանքային պայմանները բարելավվելու համար` ոչինչ չի ձեռնարկվում: «Անընդհատ վարորդներին մխիթարել են` ասելով` սրան էլ դիմացեք, սրան էլ, էս մեկինն էլ, բայց էդ մարդկանց համբերությունն արդեն հատել է: Թե չէ «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի գործողությունը` տեսախցիկների տեղադրումը, օրինական է: Բայց մյուս կողմն էլ պետք է նայել: Այն, որ մարդկանց խնդիրները չեն լսում, չեն լուծում, դեռ մի բան էլ ավելի` լրացուցիչ հսկողություն են սահմանում վարորդների նկատմամբ, դա արդեն անթույլատրելի է: Վարորդների կողմից չարամտություն չէ, ուղղակի նրանք արդեն հոգնել են»,- իրավիճակը ներկայացրեց Եղիազարյանը:
Մեր զրուցակիցը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մտահոգվեց` նշելով, որ երկար տարիներ է` ավտոբուսների նորոգման խնդիրները այդպես էլ չեն լուծվում: «Ավելի վատ վիճակում են գտնվում երթուղի սպասարկող ավտոբուսները, որովհետեւ դրանց ծախսերն ավելի են: Մարդիկ չեն հասցնում իրենց հավաքած գումարով այդ մեքենաները պահել նորմալ վիճակում: Երեւանում գործող հասարակական երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների անվտանգության համակարգի մեխանիզմները մաշված են, իսկ փոխելու հնարավորություն չկա: Անվադողերը նույնպես մաշված են, ղեկային մեխանիզմները լավ չեն աշխատում եւ այլն: Իսկ նման անսարքությունների դեպքում ուղղակի անթույլատրելի է երթեւեկել: Չի կարելի: Ի՞նչ եք կարծում` տեսախցիկ տեղադրելով բա՞ն կփոխվի»,- հետաքրքրվեց Եղիազարյանը: Ապա զայրացած նկատեց, որ երթուղիների վերջնակետերում հասարակական զուգարաններ ընդհանրապես չկան. «Ով որտեղ պատահի, ով ինչպես կարողանա, այդպես էլ հոգում են իրենց բնական կարիքները: Էլ չեմ խոսում վարորդի սնվելու մասին` ոտքի վրա, մեքենայի մեջ կամ ցրտին` դրսում կանգնած: Բայց մարդ է, չէ՞, կարիքներ ունի, ու ոչ մի պայման չկա: Բայց այդ պայմաններով ապահովելը քաղաքապետարանի գործառույթների մեջ է մտնում, իսկ այս կառույցը պարզվում է` թերացել է: Մի երթուղիներից մեկի տնօրենը տարածք է վերցրել վարձակալությամբ ու զուգարան է կառուցել: Պատկերացնո՞ւմ եք»:
Եւ այս խնդիրները լուծելու փոխարեն քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Երեւան Տրանս»-ը գծատերերից յուրաքանչյուր ամիս 18 հազար 500 դրամ սպասարկման գումար է հավաքում` ամեն մի աշխատող միավորի համար: «Երթուղին սպասարկողից գումար են վերցնում նրա համար, որ իրեն հսկեն. մի ավտոբուսի կամ մի միկրոավտոբուսի համար, որ ամեն մի երթից հետո ֆիքսվի, թե որ ժամին որտեղ հասավ: Աբսուրդ է»,- վրդովվեց փոխադրողների միության նախագահը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ

Գյումրիում ստեղծվելիք երթուղային նոր ցանցը կարող է սկանդալի պատճառ դառնալ: Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժինը հասարակական տրանսպորտից դժգոհությունները նվազեցնելու համար ցանկանում է երթուղային ցանցը վերանայել: Սակայն վարորդները դժգոհում են. մտահոգված են աշխատանքը կորցնելու վտանգով:

Դժգոհությունները հասարակական տրանսպորտից շատ են: Ընդհանուր առմամբ բնակիչներին սպասարկում է 2 ավտոբուսային եւ 11 միկրոավտոբուսային երթուղի: Սակայն կան թաղամասեր, որտեղ հասարակական տրանսպորտ ընդհանրապես չի հասնում: Ծայրամասերում ապրողները ստիպված են մի քանի կիլոմետր հաղթահարել` տրանսպորտ նստելու եւ շուկա հասնելու համար: 88-ի աղետից հետո էլ նոր թաղամասեր են ստեղծվել, ժամանակին ավելի բանուկ թաղամասերը առավել թերբեռնված են դարձել: Դա է պատճառը, որ որոշվեց փոփոխել երթուղային ցանցը: Բողոքում են նաեւ վարորդները, ասում են, թե ուղեւորների քանակն է քիչ: Գյումրու ճանապարհներն էլ ավտոմեքենաների շարքից դուրս գալու պատճառ են դառնում: Ժամը 20.00-ից սկսած էլ Գյումրիում որեւէ միկրոավտոբուս կամ ավտոբուս այլեւս չես գտնի: 11, 14 եւ 28 համարների երթուղիներն էլ արդեն հրաժարվել են աշխատել` պատճառաբանելով ոչ շահավետությունը: Նշված երթուղիների համար նոր մրցույթ կհայտարարվի արդեն նոր երթուղային ցանցով: Նոր երթուղային ցանցի սպասարկումը կիրականացվի մեկ պատուհանի սկզբունքով: Կընտրվի այն ընկերությունը, որը առավել լավ առաջարկով հանդես կգա: Կփոխվեն երթուղիները, տրանսպորտի համարներն ու ժամաքանակը: Տրանսպորտը կաշխատի ժամը 07.30-ից մինչեւ 21.30:
Իհարկե, եթե ծրագիրն իրականացվի, Գյումրու համար զգալի առաջընթաց կարձանագրվի: Նախատեսվում է նաեւ 20-ից ավելի ավտոբուսների ներկրում: 2003, 2004, 2005 թթ. արտադրության միկրոավտոբուսներն էլ ստիպված կլինեն մրցույթներին չմասնակցել: Միկրոավտոբուսների նման քանակի անհրաժեշտությունն էլ չի լինի: Դա է պատճառը, որ Գյումրիում նոր սկանդալ է հասունանում: Միկրոավտոբուսների վարորդները հարմար ժամանակի են սպասում, որ բարձրացնեն իրենց խնդիրը: Միկրոավտոբուսների մեծ մասը մինչեւ 2005 թվականի արտադրության են, եւ եթե որոշումը կայացվի, իրենք աշխատանքից կզրկվեն: «Ինչպես ենք պահելու մեր ընտանիքները: Ընդամենը մեկ տարի առաջ ենք գնել միկրոավտոբուսներ, գումարն էլ չենք փակել»,-ասաց վարորդներից մեկը:
Միկրոավտոբուսների վարորդներին նաեւ նոր ավտոբուսների ներկրումն է մտահոգում: Այդ դեպքում ուղեւորաորսն ավելի կսրվի: Իսկ Գյումրիում դա առավելագույս արտացոլված է: Միկրոավտոբուսների ու ավտոբուսների միջեւ մշտական պայքար է: «Եթե բերեն այդ ավտոբուսները, մենք ինչ ենք անելու: Առանց այն էլ աշխատածներս մի բան չէ: Ուղեւորներն էլ նախընտրում են ավտոբուսներով երթեւեկել: Մեր գործը կտուժի: Չենք պատրաստվում համակերպվել ու պայքարելու ենք մեր գործը պահելու համար»,- ավելացրեց վարորդը: Մինչ հունիս երթուղային նոր ցանցի նախագիծը պատրաստ կլինի, այդ ժամանակ էլ կհայտարարվեն մրցույթները:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի

 

 

ՄԵՐԺԵՑ ՀՈՂԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
Մարտի 4-ին կայացել է Տավուշի մարզի Այրում համայնքի ավագանու նիստ: Օրակարգի հիմնական հարցը Այրում համայնքի մաս կազմող Բագրատաշեն գյուղի պահուստային հողերը լիբանանյան գործարարին երկարաժամկետ վարձակալությամբ տալու կամ վաճառելու խնդիրն էր: Լիբանանցին քրիստոնյա արաբ է, նա արդեն Բագրատաշեն գյուղի բնակիչներից գնել է շուրջ 70 հեկտար տարածք, ուր մտադիր է ընկուզենու յուրահատուկ տեսակի եւ լիբանանյան շագանակենու այգիներ հիմնել: Նա ցանկանում է ի հաշիվ Բագրատաշեն գյուղի պահուստային, չմշակվող 70 հեկտար հողերի ընդլայնել Բագրատաշենում իր հողատարածքները, այնտեղ եւս այգիներ հիմնել: Այրումի համայնքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա հոգացել է Բագրատաշենի պահուստային, չմշակվող հողերի չափագրման աշխատանքների ծախսերը կայանալիք գործարքի ժամանակ այդ գումարները հաշվարկելու պայմանով: Նա Բագրատաշենի բնակիչներից գնած հողերը ոռոգելի դարձնելու համար որոշակի ծախսեր, աշխատանքներ է կատարել: Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտնեց, որ մարտի 4-ի նիստին համայնքի ավագանու 12 անդամներից 9-ն են մասնակցել, եւ բոլորն էլ դեմ են եղել համայնքի պահուստային հողերը արաբ գործարարին վարձակալությամբ տալուն կամ վաճառելուն: Նրանց այդ դիրքորոշման պատճառաբանությունն այն է, որ Բագրատաշենի բնակիչները համապատասխան ներդրումների դեպքում իրենք կմշակեն այդ հողերը: Լիբանանցի գործարարի ընկերության ներկայացուցիչ, «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ նախագահ Հասմիկ Ազիբեկյանը մասնակցել է Այրումի ավագանու վերոհիշյալ նիստին: Նա ասաց, որ այն հողատարածքները, որոնք ցանկանում է ձեռք բերել արաբ գործարարը, տարիներով չեն մշակվում, դրանցում միայն տատասկ է աճում: Հ. Ազիբեկյանի խոսքերով` այդ հողատարածքների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Բագրատաշենի որոշ բնակիչներ, որոնք տարիներով չեն մշակում իրենց պատկանող հողերը եւ դրանց դիմաց համայնքի բյուջե հարկեր չեն մուծում: Նա հայտնեց, որ արաբ գործարարի ներդրումները Բագրատաշենում տասնյակ աշխատատեղեր կստեղծեն, գործարարը պատրաստ է ընկուզենու եւ լիբանանյան շագանակենու տնկիներ տրամադրել Բագրատաշենի բնակիչներին, հետո միջազգային շուկայում իրացնել նրանց աճեցրած բերքը: Հ. Ազիբեկյանը փետրվարի 21-ին Նոյեմբերյանի քաղաքապետարանի շենքում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի մասնակցությամբ կայացած քննարկման ժամանակ հայտարարեց, որ Այրում համայնքի ավագանու որոշումները, որոնք առնչվում են համայնքի հողերի օտարմանը, որոշ դեպքերում սուբյեկտիվ են, կամայական:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս