Այսօր Հայաստան կժամանեն ԵԽԽՎ-ում «ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների գնահատման» հարցի շուրջ համազեկուցողներ Յուլիա Լովոչկինան եւ Անդրեյ Շիրցելը: Նրանք Հայաստան են գալիս փաստահավաք այցով եւ հանդիպումներ կանցկացնեն մարտի 12-14-ն ընկած ժամանակահատվածում: Տեղեկացանք, որ քննարկումների շրջանակում առանցքային կլինեն վերջին ներքաղաքական զարգացումները եւ նոր ձեւավորված կառավարության գերակայությունները, ինչպես նաեւ ժողովրդավարական եւ սոցիալական բարեփոխումները: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ-ում ԵԽԽՎ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանին:
-Տիկի՛ն Զոհրաբյան, հայտնի է` փաստահավաք այցով համազեկուցողներ են գալու Հայաստան եւ հանդիպելու են նաեւ Ձեզ: Ի՞նչ է օրակարգում, ի՞նչ սպասել այս հանդիպումից:
-Դուք գիտեք, որ պարբերաբար ԵԽ անդամ երկրների, որոնք գտնվում են մոնիթորինգի տակ, իսկ Հայաստանը շարունակում է գտնվել մոնիթորինգի տակ, ԵԽԽՎ-ում ներկայացվում են զեկույցներ այս կամ այն երկրում դեմոկրատական ինստիտուտների գործունեության վերաբերյալ: Պարզապես հերթական աշխատանքային այցն է լինելու համազեկուցողների այդ զեկույցին ընդառաջ, որպեսզի իրենք կարողանան ընտրություններից հետո եւս մեկ անգամ գնահատեն Հայաստանում ինստիտուտների դեմոկրատիզացիայի աստիճանը, խնդիրները եւ պրոբլեմները, որովհետեւ առաջիկայում Ստրասբուրգում կքննարկվի համազեկուցողների զեկույցը: Արտառոց ոչինչ փնտրել պետք չէ, իրենց հերթական աշխատանքային այցն է:
-Քանի որ Հայաստանը շարունակում է գտնվել մոնիթորինգի տակ, ի՞նչ դժվարություններ կարող են լինել:
-Եթե երկիրը գտնվում է մոնիթորինգի տակ, երկրներ էլ կան, որ այլեւս մոնիթորինգի տակ չեն, եւ Եվրոպայի խորհուրդն արձանագրում է, որ ժողովրդավարության առումով այդ երկրներում հիմնական գերակա խնդիրները լուծված են: Իսկ եթե երկիրը մոնիթորինգի տակ է, նշանակում է` դեռեւս կան խնդիրներ, մտահոգություններ, որոնք դիտարկման արժանի են, եւ որոնց վերաբերյալ պետք է անընդհատ անցկացվի մշտադիտարկում:
-Իսկ հետեւանքներ կարո՞ղ են լինել:
-Ես չգիտեմ, թե իրենք ում հետ կհանդիպեն, կհանդիպեն արդյոք արտախորհրդարանական ուժերին, ընդդիմությանը, տարբեր հասարակական կազմակերպությունների: Եվ այս պահին ես կդժվարանամ ասել` որ քաղաքական ուժն ինչպիսի օրակարգ կներկայացնի իրենց, դրանից որքանը կլինի հավաստի եւ, ինչ կներառեն իրենց զեկույցում, որը կարող է լինել մտահոգիչ կամ ոչ մտահոգիչ ՀՀ իշխանությունների համար:
-ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իր վերջնական զեկույցում, որում անդրադարձ է կատարվում դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններին, անդրադարձ է կատարում նաեւ Ձեզ, Արփինե Հովհաննիսյանին եւ Լենա Նազարյանին այն կոնտեքստով, որ Դուք դարձել էիք անհարգալից լեզվի կիրառման թիրախներ:
-Ես, բնականաբար, շատ կարեւորում եմ, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իր վերջնական ամփոփման մեջ, որը վերաբերում է դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությանը, անդրադարձել է նաեւ ատելության եւ այդ կոշտ քարոզին, որոնց ենթարկվել են որոշ քաղաքական գործիչներ եւ հատկապես կին թեկնածուներ: ԵԽԽՎ-ն իր հունվարյան նստաշրջանում անդրադարձել էր այդ խնդրին եւ թեկնածուների հանդեպ սոցիալական ցանցերում տարվող գռեհիկ եւ կոշտ քարոզչությանը: Եվ հիմա Եվրոպայի խորհրդի գիտության, կրթության, մշակույթի եւ մեդիայի հանձնաժողովում քննարկվում է օրենքի նախագիծ, որը, կարծում եմ, կուղարկվի նաեւ ԵԽ անդամ երկրների ազգային խորհրդարաններ, որպեսզի հասկանանք, թե ինչպես է հնարավոր այդ քարոզը եւ կին թեկնածուների հանդեպ օրենքով կարգավորել: Այս պահի դրությամբ մի քիչ դժվար եմ պատկերացնում իրավական եւ օրենսդրական այն մեխանիզմները, որպեսզի դա չդիտվի խոսքի ազատության դեմ պայքար: Պետք է ճիշտ սահմանը գծել: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն առաջարկում է, որ լրատվամիջոցները հստակ նշեն իրենց հասցեատերերին, սեփականատերերին: Սա առաջարկ է` կոնկրետ լրատվամիջոցներին ուղղված, եւ այս առաջարկը պետք է գա հենց նրանց ղեկավարներից:
-Բայց շատ հաճախ այդ ամենը կատարվում է, այսպես կոչված, ֆեյքերի կողմից: Այս տիրույթում պայքարն ինչպե՞ս եք պատկերացնում:
-Դե գիտեք, հենց այդտեղ դժվարություններ կան, որովհետեւ հիմնականում այդ գռեհկաբանությունն ու բառամթերքը տարածվում է ֆեյքերի մակարդակով, այսպես կոչված, ֆեյք կամ պադվալներում բացված կայքերի, որոնց նպատակը ոչ թե օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելն է, այլ լրիվ այլ տեղեկատվություն տրամադրելը: Մենք կնայենք եվրոպական օրենսդրությունը, եւ եթե կլինի առաջարկ լրատվամիջոցների ղեկավարների կողմից, ապա մեր հանձնաժողովը պատրաստ է լինել այդ հարթակը կարգավորումները գտնելու համար:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԺ ՀԱՐՑԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Երեկ Ազգային ժողովի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հանդիպում էր կազմակերպել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Հանդիպումն անցավ բավականին թեժ մթնոլորտում, եւ հետաքրքիր է, որ առողջապահության նախարարի հետ հանդիպմանը եկել էին նաեւ այլ հանձնաժողովներից պատգամավորներ:
Ընդհանուր առմամբ, պատգամավորների հարցերը վերաբերում էին նախարարի նախանշած ծխելու դեմ պայքարին, եւ հանդիպմանը ներկա էին նաեւ նարգիլեի բիզնեսով զբաղվող անձինք: Ամեն դեպքում, հետաքրքիր հարցուպատասխան տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի եւ Արսեն Թորոսյանի միջեւ:
Ներկայացնում ենք պատգամավորի ու նախարարի միջեւ հարցուպատասխանից մի հատված: Թեեւ, եթե անկեղծ, նախարարն իրականում այդպես էլ հստակ պատասխան չտվեց:
-Ես ուզում եմ հետաքրքրվել Հայաստանում գործող դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի մասին, որը Ձեր ենթակայության կառույց է: Հիմնական գործառույթներից են բժշկական առարկաների եւ սարքերի պետական գրանցման նպատակով փորձաքննությունը, դեղերի շուկայի վերահսկողությունը: Տնօրենների խորհրդի կազմում ներգրավվել են դեղարտադրողներ եւ դեղներմուծողներ: Արդյոք սա մարդու իրավունքների խախտում չէ՞: Երկրորդ հարցս՝ Դուք ինչո՞ւ ներկա չէիք առաջին հարցուպատասխանին:
-Այո, մեր ենթակայության բոլոր տեղերում ձեւավորվում են խորհուրդներ եւ դրանցում 7-ից չորսը մեր կազմից են, երեքը՝ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ: Խորհուրդները ձեւավորվում են իմ հրամանով եւ ռոտացիոն կարգով: Այս պահին մեկ տարին մեկ է դրված, եւ այստեղ որեւէ հակամրցակցայնության մասին խոսք լինել չի կարող: Այս հարցն անհարկի շահարկվում է: Ինչ վերաբերում է հարցուպատասխանին, ապա եթե Մարտակերտը Երեւանին շատ մոտ է, ու կարող է գայի, ապա ես չունեի թռչող սարք, որ գայի: Ու ես չեմ բացառում, որ մյուս հարցուպատասխանին եւս հնարավորություն չունենայի մասնակցել: Չեմ կարծում, որ այդտեղ ինչ-որ հատուկ խնդիր կա:
Հավելենք, որ Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետությունում անվտանգ, արդյունավետ, որակյալ դեղերի մատչելիության ապահովմանն ուղղված դեղային ազգային քաղաքականության իրագործումն է: Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը ստեղծվել է 1992 թվականին` Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) երաշխավորությունների համաձայն` որպես վարչական, ֆինանսական եւ տեխնիկական ինքնուրույնություն ունեցող եւ ՀՀ առողջապահության նախարարությանը հաշվետու կազմակերպություն: Կենտրոնի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետությունում անվտանգ, արդյունավետ, որակյալ դեղերի մատչելիության ապահովմանն ուղղված ազգային դեղաքաղաքականության իրագործումն է:
Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ՀԱՍՏԱՏՎԵՑ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկվանից շրջանառության մեջ է դրվել Պետական մրցանակների մասին օրենքի լրամշակված տարբերակը: Այս նախագիծը հանրային քննարկում էր անցել եւ առաջարկների հիման վրա նախագիծը կրկին դրվել է շրջանառության մեջ: Նշենք, որ այսպիսի օրենք նախկինում գոյություն չի ունեցել, եւ պետական մրցանակները հանձնվել են կառավարության որոշման հիման վրա: Այսուհետ առանձին օրենք կլինի եւ, բացի այդ, հստակ կամրագրվի, որ պետական մրցանակները շնորհում է վարչապետը: Կառավարությունում քննարկվելուց հետո այս նախագիծը կգնա խորհրդարան:
ՏՆՕՐԵՆԻ ՈՐԴԻՆ
Փետրվարի 24-ին Արշալույս գյուղի 17-րդ փողոցի 1-ին տնից գողություն էր կատարվել: Պարզվել էր, որ բնակարանը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդուն` Կարեն Գրիգորյանին: Գողությունը կատարելու համար երեք անձ էր բերման ենթարկվել, եւ հայտնաբերվել էր գողացված իրերի մեծ մասը: Այս դեպքից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է` այդ բնակարանից գողացած ապրանքների մեջ եղել են Մանվել Գրիգորյանի դիմանկարով մեդալներ: Թե կոնկրետ ինչ մեդալների մասին է խոսքը, դեռ պարզ չէ: «Ժողովուրդ» օրաթերթին նաեւ տեղեկություններ են հասել, որ գողությունը կատարելու համար նաեւ մեղադրյալի աթոռին է հայտնվել «Հակոբ Մեղապարտ» տպագրատան գլխավոր տնօրեն Բագրատ Քեռյանի որդին` Էդգար Քեռյանը, որին իրավապահները չեն կալանավորել` հաշվի առնելով նրա առողջական խնդիրները:
ՄԵԿՆ ԷԼ ՀԵՌԱՑԱՎ
ՀՀ Արմավիրի մարզի Ապագայի գյուղապետ Արտաշես Բարսեղյանը Հայաստանից մշտական մեկնելու մտադրություն ունի: Ըստ որոշ տեղեկությունների` նա արտագաղթելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Ժողովուրդ» օրաթերթը Արմավիրի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արսեն Ղուկասյանից տեղեկացավ, որ գյուղապետը օրեր առաջ գործունեությունը վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմում է գրել: «Դիմել է ավագանուն գյուղապետի իր լիազորությունները դադարեցնելու համար: Մարզպետն է որոշում պաշտոնակատարի հարցը»,- լրացրեց վարչության պետը: Ի դեպ, Արտաշես Բարսեղյանի հրաժարականի դիմումն անակնկալ է եղել ոչ միայն մարզպետարանի աշխատակիցների, այլեւ գյուղացիների համար, որոնք դրական են արտահայտվում նրա մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արտաշես Բարսեղյանը թեեւ նվիրված է եղել, բայց չի կարողացել բավարարվել ստացած աշխատավարձով: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել նրա հետ, սակայն նրա հեռախոսահամարն անջատված էր, հավանաբար արդեն մեկնել է: