10 ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունից հետո լայն թափով սկսված «Մարտի 1-ի» քրեական գործով քննությունը շարունակվում է, եւ, ինչպես հայտնի է, քրեական գործից մաս է առանձնացվել եւ ուղարկվել կողմերին ծանոթանալու համար:

Մասնավորապես, 2019 թվականի փետրվարի 15-ին ՀՔԾ-ն հայտնեց. «2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը, համարելով, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գեւորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու եւ գործը դատարան ուղարկելու համար, վերը նշված անձանց մասով քրեական գործի նախաքննությունն ավարտել է»: Ենթադրվում է, որ այս օրերին Հատուկ քննչական ծառայությունում քննություն է տարվում 10 սպանությունների մասով: Բայց, արի ու տես, որ այս կապակցությամբ նախաքննական մարմինն այլեւս նոր տեղեկատվություն չի հաղորդում, ու կարծես նոր մեղադրյալներ այս գործով չկան:

10 սպանությունների առեղծվածը
Ու մինչ ՀՔԾ-ն քննություն է իրականացնում, Մարտի 1-ի իրադարձությունների մասով նախկին պաշտոնատար անձինք տարբեր հարցազրույցներ են տալիս, որը մտահոգիչ «մեսիջներ» է պարունակում: Մասնավորապես, նախկին պաշտոնյաները, ընդդիմադիրները՝ ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, փաստաբան Վահե Գրիգորյանը, նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը, որոնք ակտիվորեն իրենց հրապարակային հարցազրույցներով օժանդակել են նախաքննությանը, հաջորդաբար հրապարակավ հայտարարում են, թե սպանությունների բացահայտումն այդքան էլ կարեւոր չէ:
Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է. «Քննչական ծառայությունը շատ ծանր կացության առաջ է հայտնվել. նախորդ 10 տարվա քննությունը, փաստորեն, ոչ թե եղել է իրական դեպքերի, իրադարձությունների, իրական հանգամանքների պարզելու ուղղությամբ քննություն, այլ այդ ամեն ինչը կոծկելու… Այսօր քննչական խումբը, իմ կարծիքով, հանդիպել է լուրջ խոչընդոտի, քանի որ նախկին քննությունը կեղծիք է: Ցավում եմ, ես հիմա քրեական գործի նյութերին չեմ տիրապետում ամբողջ ծավալով, բայց ես վստահ եմ, որ իրենք լուրջ խնդիրներ ունեն սպանությունները բացահայտելու հարցում, որովհետեւ ամեն ինչ կոծկվել է. օպերատիվ ծառայությունները, դատախազությունը, քննչական մարմինները` գլխավոր դատախազի գլխավորությամբ, զբաղված են եղել այդ գործով բոլոր ապացույցները կեղծելով, փչացնելով»:
Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդ Վահե Գրիգորյանը Հանրայինի եթերում հայտարարել է. «Կյանքի իրավունքի խախտման մասին այստեղ խոսքը միայն ձգանը քաշողները չեն, ձգանը սեղմողը չի միայն, եւ դեռ կան իրավիճակներ, որ կարող է պարզվել, որ ձգանը սեղմողը կյանքի իրավունքի խախտման համար պատասխանատվություն չպետք է կրի առհասարակ, քրեաիրավական իմաստով, մեղքը իր այդտեղ առկա չէ: Պետությունը առաջին հերթին ունի պարտականություն օրենսդրական մակարդակով ապահովել կյանքի իրավունքի միջամտության կանխումը, կյանքից ապօրինի զրկելու իրավիճակները»:
Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանն էլ հայտարարել է, թե «Մարտի 1-ի» գործն, այո, բացահայտված է, երեւի առաջին անգամ մեր երկրի պատմության մեջ, կազմակերպչի /պատվիրատուի/ եւ օժանդակողների մակարդակով: Իսկ զոհերի համար կոնկրետ պատասխանատուներ՝ կատարողներ փնտրել պետք չէ, առավել եւս, եթե հնարավոր չէ /չլինի/, եթե դրանք «դասական», կանխամտածված, դիտավորյալ սպանություններ չեն եղել, այլ հետեւանք են սահմանադրական կարգը տապալելու»:
Այսպիսով, տպավորություն կարող է ստեղծվել, թե սահմանադրական կարգը տապալելու մեջ նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրելուց հետո երկրորդ պլան է մղվում սպանությունների բացահայտման հարցը: Արդյոք մարտի 1-ին սպանված 10 զոհերի հարցը այլեւս չի՞ հետաքրքրում նաեւ նախաքննական մարմնին, որին վերը նշված գործիչներն այդքան ժրաջան սատարում են: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ դիմեց ՀՔԾ` փորձելով պարզել 2 հարց.
Հարց. Ի՞նչ փուլում է գտնվում Մարտի 1-ի գործով 10 սպանությունների բացահայտման մասով քննությունը: Արդյոք կա՞ն նոր հանգամանքներ, թե ով ինչ հանգամանքներում է սպանվել:
Պատասխան. «Գործով նախաքննությունը շարունակվում է»:
Հարց. Ինչպես նկատում ենք, Գագիկ Ջհանգիրյանը, Վահե Գրիգորյանը, նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը մշտապես իրենց հրապարակային հայտարարություններով եւ հարցազրույցներով ՀՔԾ-ին օգնող մտքեր են արտահայտել, մասնավորապես հարցազրույցներ են տվել եւ ասել են, որ մարտի 1-ի գործով 10 սպանությունների բացահայտումը կարեւոր չէ, գլխավորն այն է, որ բացահայտվել է սահմանադրական կարգի տապալումը: Արդյոք ՀՔԾ-ում այս հայտարարությունների՞ տրամաբանությունն է իշխում, որ 10-ը սպանությունների բացահայտումը «Մարտի 1-ի» գործով կարեւոր չէ:
Պատասխան. Ինչպե՞ս կարող է ՀՔԾ-ի համար կարեւոր չլինել սպանությունների բացահայտումը:
Իհարկե, հարց պարունակող այս պատասխանը տարակերպ կարելի է մեկնաբանել, բայց լավ է, որ գոնե հրապարակավ ՀՔԾ-ն հավաստիացնում է, թե հետաքրքրված է սպանությունների մասով: Եւ նկատենք, եթե փաստարկվում է, թե սպանությունները հնարավոր չէ բացահայտել, քանի որ պարկուճները փոխվել են, այս դեպքում պատրավոր ենք հիշել, որ զոհերից մեկը սպանվել է երկաթե ձողով, գոնե նրա մասով պետք է արդեն ինչ-որ նորություն եղած լինի:
Ինչեւէ, հուսանք, որ իրականում կբացահայտվեն 10 սպանությունները եւ խոսքերը, թե` «կարող է պարզվել, որ ձգանը սեղմողը կյանքի իրավունքի խախտման համար պատասխանատվություն չպետք է կրի» կամ « զոհերի համար կոնկրետ պատասխանատուներ՝ կատարողներ փնտրել պետք չէ» ձեւակերպումները կմերժվեն: Ու եթե նախկին ընդդիմադիր գործիչները բավարարված են միայն Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին մեղադրյալի աթոռին կամ ճաղերի հետեւում տեսնելով, ապա հասարակության համար անչափ կարեւոր է գործի իրական եւ լրիվ բացահայտումը, որի գլխավոր հատվածը սպանությունների բացահայտումն է: Եւ մարտի 1-ի կրկնության բացառման գլխավոր նախապայմաններից մեկը իրականում հենց սպանությունների բացահայտումն է, որքան էլ որ նախկին ընդդիմադիրները այլեւս չկարեւորեն այն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՓԵՍԱՆ՝ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ ԿԻԶԱԿԵՏՈ՞ՒՄ
Մարտի 9-ին դանակահարություն է եղել Գյումրի քաղաքում: Եւ, ըստ Գյումրիում տարածված տեղեկությունների, դանակահարության գործով անցնում է ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի փեսան: 2019թ. մարտի 9-ին` ժամը 00:30-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել` «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն բուժօգնության է տեղափոխվել Գյումրի քաղաքի` 1972 թվականին ծնված բնակիչը` «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակված թափանցող թորակսաբդոմինալ վնասվածքներ, ձախ թոքի, ստոծանու ձախ գմբեթի, փայծաղի վնասումով, ձախակողմյան հեմոպնեւմոթորաքս, հեմոպերիտոնեում» ախտորոշմամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նկատենք, որ նախաքննական մարմինը չի հայտնել, թե ով է դանակահարվել եւ ով է դանակահարողը: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ, Գյումրիում պտտվող լուրերի համաձայն, դանակահարող անձը եղել է ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի փեսան` Հովհաննեսը, որին իրավապահները փնտրում են: Նախ` տեղեկությունը փորձեցինք պարզել ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանից, սակայն վերջինս, լսելով դանակահարության մասին, սկսեց մեղադրանքներ հնչեցնել. «Իյա, դուք լրատվությո՞ւն եք, թե՞ ազգային անվտանգություն, թե՞ ներքին գործերի նախարարություն: Ի՞նչ կառույց եք»:
Մեր այն դիտարկմանը, որ բացառապես լրագրությամբ ենք զբաղվում եւ փորձում ենք տեղեկությունը պարզել իրենից, թե արդյոք իր փեսան կապ ունի տեղի ունեցած դանակահարության հետ, Վարդան Ղուկասյանն ասաց, թե իրենից չպետք է հարցնեն. «Ուրիշ տեղերից հարցրեք, ես այդ կառույցներից հեռու եմ»,- ասաց նա` անջատելով հեռախոսը: Այլ կերպ ասած` Ղուկասյանը չի հերքել այդ լուրերը:
Ինչեւէ, մեզ հայտնի է դարձել, որ դանակահարված անձը Գեւորգ Պետրոսյանն է: Իսկ իրավապահ մարմիները հիմա քննություն են իրականացնում պարզելու համար, թե արդյոք Վարդան Ղուկասյանի փեսան կապ ունի այս դանակահարության հետ: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց նաեւ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հետ: «Այս պահին օպերատիվ մարմինը ունի իր տեսադաշտում անձինք, որոնց առնչության վերաբերյալ կատարվում են անհրաժեշտ գործողություններ: Դեռեւս քրեական գործով որեւէ ապացույցներ ձեռք չեն բերվել կոնկրետ անձի կողմից ենթադրյալ հանցագործությունը կատարելու համար: Այսօր ինձ մոտ եղել է նաեւ խորհրդակցություն, առաջ են քաշվել տարբեր վարկածներ տարբեր անձանց կողմից հանցագործությունը կատարելու վերաբերյալ, այս պահին անուններ չենք կարող տալ, քանի որ այդպես կվնասենք ե՛ւ օպերատիվ աշխատանքին, ե՛ւ նախաքննության աշխատանքին: Այս պահին կատարվում են անհաժեշտ գործողությունները նշված հանցագործությունը կատարող անձի ինքնությունը պարզելու համար»,- ասաց նա:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԱՍՈՒՄ Է՝ «ԳՈՐԾ ՏՎՈՂ» ՉԷ
ArmLur.am-ի թղթակիցը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարցրել է, թե նախարարը քանի գրություն է ուղարկել իրավապահ մարմիններին` կապված տարբեր ոլորտների չարաշահումների հետ, վերջինս պատասխանել է. «Ես իմ ուղարկած գրությունների քանակը չեմ հիշում, որովհետեւ դա իմ հիմնական նպատակը չէ, ինչպես բազմիցս նշվել է: Կոնկրետ էդ դեպքում մանրամասերը ճշտե՛ք քննչական կոմիտեից, քանի որ մենք քննչական գործողություններ չենք իրականացնում. մենք զբաղվում ենք մեր հիմնարկների արդյունավետ աշխատանքով»: Թղթակցի դիտարկմանը, թե բժիշկները այն գրությունները, որոնք նախարարը իրավապահ մարմիններին ուղարկել է, համարում են որպես «գործ տալու» գործոն, նախարարն այսպես է մեկնաբանել. «Ես չեմ մեկնաբանում այդ տեսակետը, ես իմ պարտքն եմ համարում ցանկացած իրավախախտման մասին հայտնել իրավապահ մարմիններին: Եվ եթե կա որեւէ պաշտոնյա, որը չի հայտնում իրավախախտումների մասին իրավապահ մարմիններին, ապա նա թաքցնում է այդ իրավախախտումը»,-ասել է Ա. Թորոսյանը: Հիշեցնենք, որ վերջին շրջանում առողջապահության ոլորտում բացահայտվում են իրավախախտումներ, որոնց մասին գրություններն իրավապահներին է փոխանցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:




Լրահոս