Երեկ կառավարության շենքի մոտ մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում` կապված այն բանի հետ, որ գազավորված ըմպելիքները հարկվելու են ակցիզային հարկի բարձրացման հետ:
Օրինակ, «Հայ Կոլա» ընկերության ներկայացուցիչը նշել էր, որ Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունը կյանքի կոչելու դեպքում իրենց արտադրանքը թանկանալու է, ինչը հանգեցնելու է սպառման նվազման, իսկ սպառման նվազելու դեպքում ԱԱՀ չեն կարողանալու վճարել, եկամտահարկը նվազելու է, շահութահարկ չեն ունենա, որովհետեւ եկամուտ չեն ունենալու, ինչն էլ հանգեցնելու է ընկերության սնանկացմանը: «Ժողովուրդ» օրաթերթը սրա հետ կապված մի շարք հարցերի մասին զրուցել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանի հետ:
-Պարո՛ն Աղազարյան, օրենսդրական այս փոփոխությունների նախաձեռնությունն ինչո՞վ է պայմանավորված:
-Առաջին հերթին դա տնտեսագիտական գործոն է, որն ազդում է գնագոյացման ճիշտ քաղաքականության վրա: Գնագոյացումը ՀՀ-ում ճիշտ հարթության վրա չի դրված, որի արդյունքում շատ տնտեսավարող սյուբեկտներ, իրենց բիզնեսը վարելով, առաջնորդվում են ոչ թե նրանով, որ հավելյալ արժեք ստեղծեն, հավելյալ բարիք ստեղծեն, ավել եկամուտ ունենան, այլ ավելի շատ օգտագործել են իրենց կապերը այս կամ այն համակարգերում, որոնց անմիջական ազդեցությունը գնագոյացման վրա երեւացել է, այսինքն` առաջնային է եղել իրենց շահը: Հիմա նոր քաղաքականություն պետք է մշակվի, փորձ պետք է արվի, որ գնագոյացման համակարգը Հայաստանում ճիշտ հիմքերի վրա դրվի, որի պատճառով էլ, բնականաբար, որոշակի թանկացումներ կլինեն:
-Սա ինչ-որ առումով չի՞ սպառնում փոքր եւ միջին բիզնեսին:
-Իհարկե, չի սպառնում: Ուղղակի տնտեսվարող սյուբեկտները, որոնք հետապնդում են այս կամ այն շահութաբերությունը, միգուցե վերանայեն իրենց շահույթ հետապնդելու մասնաբաժինը, թե որքանով է դա հիմնավորված: Կարող են քչացնել, կամ եթե տեսնում են քչացնելու տեղ չունեն եւ շարունակելու են հետապնդել այն շահույթը, որը մինչեւ հիմա հետապնդել են, ապա այդ դեպքում գները պետք է բարձրանան: Այս գործընթացը, որը իր մեջ ժամանակավոր ներվ է պարունակում, պետք է հաղթահարենք այս փուլում:
-Մտավախություն չկա՞, որ շատ ընկերություններ կփակվեն: Դրա հետեւանքով, բնականաբար, գործազրկության թիվ կարող է ավելանալ:
-Իհարկե, հնարավոր է նման բան: Կարող են մի շարք խնդիրներ առաջանալ, տնտեսվարող սյուբեկտը կարող է չկարողանա հարմարվել այդ նոր իրողություններին, որոնք կհանգեցնեն փակման գործընթացին: Պետք է ասել, որ սա շատ ցավալի է, բայց նաեւ անխուսափելի այս պարագայում:
-Այսինքն` Ձեր խոսքից կարո՞ղ են ենթադրել, որ կառավարությունը սրա մասով չի վերանայի իր մոտացումը:
-Կարծում եմ` չի վերանայի, որովհետեւ այն խնդիրները, որոնք այսօր դրված են այս փոփոխությունների նախագծի մեջ, բոլորը իրար հետ շաղկապված են: Շաղկապված են մասնավորապես մինչեւ 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սյուբեկտների հարկային բեռից ազատվելու հարցերը, այլ ուրիշ հարցեր: Նորից եմ ասում` նպատակը այն է, որ գնագոյացման խնդիր լուծվի: Ինձ համար փոփոխությունները օրենսդրության մեջ կարեւորագույն նպատակ են հետապնդում, որ ե՛ւ ծառայության ոլորտներում, ե՛ւ արտադրության մեջ գնագոյացման համակարգը ճիշտ հիմքերի վրա դրվի: Դա շատ էական է: Եւ, բնականաբար, դրա արդյունքում գների բարձրացում տեղի կունենա: Բայց եթե մի կողմ թողնենք որոշ դեպքերում աշխատատեղերի կրճատումը, որը, իհարկե, ցավալի է, փոփոխությունները կազդեն կենսամակարդակի վրա, պետական եկամուտները կավելանան, եւ պետությունը հնարավորություն կունենա այդ ավելացած եկամուտը ուղղել շատ կարեւորագույն խնդիրների լուծման վրա, որից հետո էլ աշխատատեղերի հարց կլուծվի:
-ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը պատրաստվո՞ւմ է գործադիր իշխանությանը ինչ-որ առաջարկություններ ներկայացնել այս մասով:
-Մենք պատրաստ ենք քննարկել փոփոխությունները` բնականաբար հաշվի առնելով մեր հայրենակիցների դժգոհությունը: Պետք է փորձենք հանձնաժողովում միասնական տեսակետով հանդես գալ, ներկայացնել առաջարկներ: Որտեղ համապատասխան ճշգրտումների կարիք կլինի, կփորձենք պարզել եւ լուծել խնդիրը:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՅՈՒՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«Տավուշ ջրօգտագործողների ընկերության» (ՋՕԸ) նախկին գլխավոր ինժեներ, Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Սերգեյ Ղարախանյանը նամակ է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ուր անդրադարձել է այդ ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Յուրա Որսկանյանի գործունեությանը: Նա վարչապետին հայտնել է, որ 2017թ. նախկին կառավարության կողմից օպտիմալացման-խոշորացման ծրագիրն իրականացնելու նպատակով կազմավորվեց «Տավուշ» ՋՕԸ-ն, «եւ քանի որ Յուրա Որսկանյանը քավոր-խնամիական եւ հարազատական կապեր ուներ նախկին կառավարության որոշ ներկայացուցիչների հետ, նշանակվեց «Տավուշ» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն:
Այս տարիների ընթացքում Յուրա Որսկանյանի կողմից կատարվել են բազմաթիվ անօրինականություններ, պաշտոնեական դիրքի չարաշահում: 2018թ. օգոստոսի 31-ին, իմ կողմից տրված հաղորդման համաձայն, Յու. Որսկանյանի նկատմամբ հարուցվել է թիվ 47157218 քրեական գործը` 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, որը վարույթ է ընդունվել 2018թ.-ի սեպտեմբերի 18-ին. խոսքը գնում է 5 300 000 դրամ գումար յուրացնելու-հավելագրելու մասին»: Ս. Ղարախանյանը նշում է, որ ՀՀ օրենսդրությամբ ջրօգտագործողների ընկերության բարձրագույն մարմինը ջրօգտագործողների ընկերության բարձրագույն ժողովն է, իսկ ընկերության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է վարչական խորհուրդը: Սակայն այդ վարչական խորհուրդները ձեւական բնույթ են կրում եւ ոչ մի հարց չեն կարող լուծել: Նա տեղեկացնում է, որ 2018թ. նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել «Տավուշ» ՋՕԸ-ի ընդհանուր ժողովը, որտեղ միաձայն որոշվել է նորից տարանջատել Նոյեմբերյանի, Իջեւանի եւ Բերդի ՋՕԸ-երը` դրանք դարձնելով ինքնուրույն միավորներ, սակայն մինչ հիմա հարցը չի լուծվել. Յուրա Որսկանյանը շարունակում է լինել «Տավուշ» ՋՕԸ-ի գործադիր տնօրենը: Ս. Ղարախանյանը հայտնեց, որ «Սպայկա» ընկերությունը ոռոգման ջուր է խնդրել Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղի տարածքում գտնվող իր ցանքերը մինչեւ մարտի 10-ը ոռոգելու համար, դեռեւս փետրվարի 4-ին «Տավուշ» ՋՕԸ-ի Նոյեմբերյանի տեղամասի ղեկավար Գագիկ Վերանյանն այդ առթիվ դիմել է Յուրա Որսկանյանին, փետրվարի 21-ին այդ առթիվ նրան գրավոր է դիմել, սակայն Որսկանյանը հարցին ընթացք չի տվել. մինչ այժմ ոռոգման ջուր չի տրվել: Ներկայումս «Տավուշ» ՋՕԸ-ի Նոյեմբերյանի տեղամասի ոռոգման ջրագծերին կից տարածքների մաքրում է կատարվում: Ս. Ղարախանյանի վկայությամբ` Յու. Որսկանյանը այդ գործը կատարող բանվորներին օրավարձով է վարձատրում, սակայն կազմում է փաստացի կատարած աշխատանքի կատարողականներ, ինչը չարաշահումների տեղիք կարող է տալ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ԹԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ
Երեւանի բազմաբնակարան շենքերի բնակարանների գները վերջին ամիսներին թռիչքային ձեւով բարձրանում են: Միայն Երեւանի փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն պաշտոնապես սկսում է 1170 դոլարից: Օրինակ` Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան շենքի բնակարանի մեկ քմ-ն անցած տարվա դեկտեմբերին կազմել է 569 հազար դրամ, իսկ այս տարվա հունվարին այն վաճառվել է 572 հազար դրամով: Մեկ ամսվա ընթացքում այն բարձրացել է 3000 դրամով:
Երեւանի մյուս` Արաբկիր վարչական շրջանում, որը համարվում է բանուկ թաղամասերից մեկը, բնակարանների մեկ քմ-ն թանկացել է 2000 դրամով: Այս վարչական շրջանում եթե անցած տարվա դեկտեմբերին բնակարանի մեկ քմ-ն առաջարկվել է 388 հազար դրամով, ապա այս հունվարին այն արդեն 390 հազար դրամ է եղել: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում եւս մեկ ամսվա ընթացքում թանկացումներ են արձանագրվել` 2300 դրամի չափով. այստեղ անցած տարվա դեկտեմբերին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 286 հազար 200 դրամով, իսկ մեկ ամիս անց` հունվարին` 288 հազար 500 դրամ: Փոխարենը բնակարանների գները նվազել են Նոր Նորքում` 2000 դրամով. 2018-ի դեկտեմբերին` 250 հազար դրամ, իսկ 2018-ի հունվարին` 248 հազար դրամ: Բնակարանների էժանացում նկատվել է նաեւ Էրեբունիում: Իսկ Ավանում բնակարանների մեկ քմ-ն թանկացել է 500 դրամով, Շենգավիթում եւ Աջափնյակում` 1600 դրամով, Մալաթիա-Սեբաստիայում` 950-ով: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` Նուբարաշենում բնակարանի մեկ քմ-ն էժանացել է 1600 դրամով, իսկ Դավիթաշենում բնակարանների գները պահպանել են նախորդ ամսվա գների մակարդակը:
Բայց, մյուս կողմից, նկատենք, որ մարզերում միանգամայն ուրիշ պատկեր է. օրինակ` Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին քաղաքներում բնակարանների մեկ քմ-ն էժանացել է: Նույն պատկերն է նաեւ Արտաշատում, Մասիսում, Վեդիում:
Իսկ, ահա, Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքում` Էջմիածնում, բնակարանի մեկ քմ-ն անցած տարվա դեկտեմբերին կազմել է 128 հազար 100 դրամ, հունվարին` 130 հազար 100 դրամ: Գեղարքունիքի Սեւանում եւս բնակարանները թանկացել են, Վանաձորում, Ստեփանավանում էժանացել են, Ալավերդիում անփոփոխ են մնացել:
Ըստ մասնագետների` բնակարանների գների բարձրացումը պայմանավորված է գնորդների թվի աճով: Արտերկրում բնակվող քաղաքացիները կարողանում են իրենց թույլ տալ Փոքր կենտրոնում բնակարաններ գնել: Կան նաեւ մարդիկ, որոնք մտածում են, որ բնակարանները դեռ կթանկանան, հիմա են այն գնում:
Բացի այս, թանկացման վրա ազդեցություն է թողել նաեւ բնակարանների թանկացման վերաբերյալ «արհեստական տեղեկությունները», ինչի պատճառով շատերը իրենց բնակարանները հանել են վաճառքի: Բայց իրավիճակն այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ շուկայում առաջարկի մեծացմանը զուգահեռ նվազեն գները:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ