ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԵՐԸ` ՊԱՏՈՒՀԱՍ ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար եւ Մերձավան գյուղերի բնակիչները տարիներ շարունակ լուռ պայքարում են հարակից տարածքներում շահագործվող գիպսի, ավազի եւ բազալտի հանքերի դեմ: Գյուղացիների պատմելով` դրանք բնապահպանական եւ առողջական մի շարք խնդիրներ են առաջացնում: Այս խնդրի մասին ահազանգում է նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության` Արմավիրի մարզից ընտրված պատգամավոր Նարեկ Մկրտչյանը:

Բանն այն է, որ թեթեւ քամու հետեւանքով մարդկանց տներն ու բակերը լցվում են հանքավայրերի փոշով: Մարդիկ, բնականաբար, շնչում են այդ փոշին, նրանցից շատերի մոտ անգամ ալերգիկ շնչառական հիվանդություններ են առաջացել: Փարաքարցիները մեզ հետ զրույցում պատմեցին, թե ինչպես է բնակիչներից մեկն իր քիթը վիրահատել փոշուց առաջացած ալերգիկ հիվանդության պատճառով: Իսկ գարնան եւ ամռան ամիսներին փոշին ծածկում է ոչ միայն տան սպասքը, այլեւ բակի ծառերի, ծաղիկների տերեւները. անգամ այս մասին փաստող տեսանյութ կա: Էլ չենք խոսում երեխաների մասին, որոնք ստիպված են լինում կուլ տալ այդ փոշին: Իսկ տնային տնտեսուհիները դժգոհում են, որ ստիպված են լինում հագուստը մի քանի անգամ լվանալ, քանի որ դրսում չորացման կախելու ժամանակ դրանք կրկին փոշոտվում են: Նշենք` պատգամավորի ահազանգի հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը գնաց գիպսի, ավազի եւ բազալտի հանքեր եւ զարհուրելի պատկերի ականտեսը եղավ:
Պարզվում է` ավազահանքերի շահագործումից հետո հողատարածքները անապատացած են: Այդ անապատացած հողատարածքներն այլեւս չեն կարող օգտագործվել գյուղատնտեսական նշանակությամբ, քանի որ այլեւս հնարավոր չէ վերականգնել, կամ էլ վերականգնումը մի քանի տասնյակ տարի կպահանջի: Մինչդեռ «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հանքավայրերի շահագործումից հետո շահագործողը պետք է կատարի բուսական շերտի վերականգնում` ռեկուլտիվացիա:
«Ժողովուրդ» օրաթերթը Մերձավանի գյուղապետ Լեւոն Գրիգորյանից տեղեկացավ, որ «Օստ շին» ընկերությունը շահագործում է ե՛ւ ավազի, ե՛ւ բազալտի հանքերը, «Գետն գրուպ»-ը` բազալտի հանքավայր, իսկ «Շեն հոլդինգ»-ը շահագործում է գիպսի հանքավայրը: Մերձավանի գյուղապետ Լեւոն Գրիգորյանի խոսքերով` «Սահակյան շին» ընկերությունը հետախուզական հորատման աշխատանքներ է իրականացրել: Գյուղապետից տեղեկացանք նաեւ, որ ընկերությունները գյուղապետարանի բյուջե տարեկան սիմվոլիկ գումար են վճարում: Օրինակ` «Օստ շին» ընկերությունը հողի տարեկան վարձակալության դիմաց վճարում է 400 հազար դրամ, «Շեն հոլդինգ»-ը` 1 մլն 346 հազար 500 դրամ, «Գետն գրուպ»-ը` 1 մլն 179 հազար 273 դրամ: Բացի այս, «Օստ շին»-ը անցած տարի գյուղապետարանին որպես դրամաշնորհ հատկացրել է 800 հազար դրամ, «Գետն գրուպ»-ը` 1 մլն 200 հազար դրամի չափով: Իսկ, ահա, «Շինանյութեր» ընկերությունը, որը այժմ գործունեությունը դադարեցրել է, անցած տարի որպես դրամաշնորհ հատկացրել է 350 հազար դրամ: Նշենք, որ հանքավայրի շահագործման համար ընկերությունը դիմում է Բնապահպանության նախարարություն, ապա իր համաձայնությունն է տալիս տվյալ համայնքապետարանը: Այս խնդրի մասին նշված գյուղերի բնակիչները բարձրաձայնում են դեռեւս 2012 թվականից, երբ բնապահպանության նախարարը Արամ Հարությունյանն էր, որը հիմա հայտնի քրեական գործով հետախուզման մեջ է գտնվում:
Եւ ամենակարեւորը, որ արձանագրեցինք. ոչ մի ընդերքօգտագործման տեղամասում, այդ թվում` փակված հանքավայրերում, չեն իրականացվել բնապահպանական ռեկուլտիվացիոն միջոցառումներ: Ի դեպ, գիպսի հանքավայր տեղափոխվելու ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, թե ինչպես են մեքենայի համար նախատեսված ճանապարհները գիպսանյութով փակված: Հավանաբար, ընկերության աշխատակիցները չէին ցանկացել, որպեսզի մեր նկարահանող խումբը ավելի առաջ գնար` տեսնելու հսկայական փոսերը: Նկատենք նաեւ, որ մեր այցելությունից հետո այդ ճանապարհները փակած գիպսանյութը հավաքվել է: Բայց «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը, բնականաբար, հասցրել է ֆիքսել այդ տեսարանը: Իսկ հանքավայրերի տարածքներում թափված աղբի մասին ավելորդ է անգամ խոսել:
«Փարաքար եւ Մերձավան համայնքների հատման տարածքում տարիներ շարունակ ավազի, գիպսի եւ բազալտի հանքավայրեր են շահագործվում: Օրինակ` ավազի հանքավայրն արդեն հասել է բնակելի տներին: Մտահոգիչ է փոշու խնդիրը, որը ակնհայտ կդառնա մեկ-երկու ամիս անց, երբ քամիները կսկսվեն: Իսկ լանդշաֆտը բավականին ավերված վիճակում է գտնվում: Անտանելի է լինում ապրելը, շնչելը այդ փոշու հաստ շերտի ներքո, շնչառական խնդիրներ են առաջանում մարդկանց մոտ: Մարդկանց բնակելի տների մյուս կողմում գիպսի հանքավայրն է շահագործվում, որի հետեւանքով անտանելի փոշու ամպ է գոյանում Փարաքար, Թաիրով եւ Մերձավան համայնքներում»,- իրավիճակը ներկայացրեց Նարեկ Մկրտչյանը:
Բայց պատգամավորը մեծ ափսոսանքով նկատեց, որ հանքավայրի փոխարեն այդ տարածքում կարելի էր անտառ տնկել: «Այդ տարածքները շատ մեծ պոտենցիալ ունեն դառնալ անտառածածկ եւ թթվածնով ապահովել ոչ միայն Փարաքար, այլեւ շրջակա գյուղերին: Կան մասնավոր ընկերություններ, որոնք պատրաստ են այս հատվածներում ծառեր տնկել: Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք»,- ցավով նկատեց Մկրտչյանը: Զրույցի ընթացքում պարզվեց նաեւ, որ պատգամավորը այս խնդրի շուրջ դիմել է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին: Դեռ արձագանք չկա: Իսկ պատգամավորը հույսով սպասում է: Ըստ պատգամավորի` ավազի եւ գիպսի բաց հանքերի շահագործման արդյունքում ջրով մշակման աշխատանքներ չեն իրականացվում, ավելին` հարակից տարածքներում չկան ծառածածկ հատվածներ, որոնք հնարավորություն կունենային այդ փոշին կլանել:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` կապ հաստատել է արդյոք հանքավայրերը շահագործող ընկերությունների հետ, պատգամավորն արձագանքեց, որ «Սահակյան շին» ընկերության հետ փորձել է, բայց զանգերին չեն պատասխանել, այդ պատճառով դիմել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին: Գիպսի հանքավայրում պատգամավորը ներկայացրեց, թե ինչպես են տարիներ շարունակ հանքանյութի ձեռքբերման աշխատանքների շնորհիվ փորելով իջել եւ հասել ստորգետնյա ջրերին, ինչի հետեւանքով լճակներ են գոյացել. «Հանքանյութը հանվում է եւ կուտակվում է բարձրադիր հատվածում, որը գտնվում է Փարաքար համայնքի վերեւի հատվածում, իսկ թեթեւ քամու դեպքում համայնքը միանգամից պատվում է գիպսի հանքանյութի փոշով»:
Ահա թե ինչպես է թալանվում մեր երկրի բնական ընդերքը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս