«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱԿԱՍԵՑՆՈՒՄ ԵՆ, ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ` ԱՎԵԼԱՑՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Երեւանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Ռուբեն Բաբայանն է: Մենք զրուցել ենք մեր երկրում տարվող մշակութային քաղաքականության բացերի մասին:

-Պարո՛ն Բաբայան, ներկայիս կառավարությունից ունեցած Ձեր ակնկալիքներն արդյոք իրականացման ճանապարհի՞ն են:
-Դժվար է միանշանակ ասել: Կան ոլորտներ, որոնց դեպքում առաջընթացը ցայտուն երեւում է: Ինձ վրա, օրինակ, շատ լավ տպավորություն է թողնում Առողջապահության նախարարության գործունեությունը: Բոլորիս աչքի առաջ որոշակի պայքար է տարվում կոռուպցիայի դեմ: Գիտեմ, որ այդ առումով շատ մեծ աշխատանք է տարվում պաշտպանության ոլորտում: Անձամբ շփվում եմ զինվորականների, սպայական կազմի հետ, լինում եմ Ղարաբաղում: Ամենակարեւորը բարեփոխումների ճանապարհը բռնելն է: Չեմ կարծում, որ անձերի փոփոխությամբ կարող է ինչ-որ լուրջ հարց լուծվել: Հուսով եմ, որ բարեփոխումները վերջիվերջո կհասնեն նաեւ մշակույթի ոլորտին` անկախ այն հանգամանքից, թե ինչ ձեւաչափով կգործի նախարարությունը: Ավելի կարեւոր է, թե ինչ է այն անելու: Բայց մշակութային ՊՈԱԿ-ների օպտիմիզացումը բարեփոխում չի կարող համարվել:
-Թատրոնների միացումն, օրինակ, ինչու՞ չի կարող արդյունավետ լինել:
-Նախ` ո՞վ է որոշել, թե երկրում քանի թատրոն պետք է լինի: Ասեմ` միայն հանդիսականը: Ամբողջ աշխարհում ընդունված է թատրոնի գնահատման երեք չափանիշ. քանի ներկայացում են խաղում, որքան հանդիսատես են ապահովում եւ ինչ որակ են ապահովում: Եթե բոլոր ասպեկտներով ապահովվում է դրական արդյունք, ուրեմն թատրոնն իրավունք ունի ապրելու: Իհարկե, «պետական թատրոնը» ճիշտ բնորոշում չէ: Պետական կարող է համարվել միայն այն թատրոնը, որի ֆինանսավորումը պետությունը 100 տոկոսով վերցնում է իր վրա: Նման թատրոններն աշխարհում շատ քիչ են: Ֆրանսիայում, օրինակ, դրանք 3-4-ն են: Կա այլ հասկացություն` պետական աջակցություն ստացող թատրոն: Այս դեպքում պետությունը որոշակիորեն աջակցում է կամ տարվա կտրվածքով տրվող դրամաշնորհների, կամ, օրինակ, կոնկրետ բեմադրության, տեխնիկայի, փառատոնի մասնակցելու համար գումար հատկացնելու միջոցով:
-Ինչու՞ պետք է պետությունն, առհասարակ, աջակցի թատրոնին:
-Ամբողջ աշխարհում այդպես է. թատրոններն ինքնաֆինանսավորմամբ չեն կարող ապրել: Բայց կա մի շատ կարեւոր հարց. պետությունը պետք է ընդունի մեկենասության եւ հովանավորչության մասին օրենքներ: Օրինակ` Մեծ Բրիտանիայում վիճակախաղը պետական մենաշնորհ է, եւ դրանից առաջացած ողջ գումարն ուղղվում է մշակույթին: Յուրաքանչյուր երկիր մշակութային օջախներին աջակցելու իր մոտեցումն ունի: Եթե մենք ընդունենք նման օրենքներ, կարող է պակասեցվել պետական աջակցությունը, որովհետեւ մեկենասությունն ու հովանավորչությունը նաեւ հանրությանը, մշակույթն ու բիզնեսն իրար հետ կապելու շատ կարեւոր ձեւ է: Եթե չեմ սխալվում, Ավստրիայում պետական շքանշան կա, որը տրվում է տարվա լավագույն մեկենասին: Եվրոպայում դա կոչվում է պետության կողմից մեկնած ձեռքի քաղաքականություն: Սա նշանակում է, որ պետությունը մասնակցում է աջակցությանը, բայց չի կառավարում թատրոնը: Հայաստանում, ցավոք սրտի, հակառակն է. պետությունը պակասեցնում է իր մասնակցությունը աջակցությանն ու ավելացնում է կառավարումը, իսկ դա արվեստի ասպարեզում վտանգավոր միտում է: Դա թելադրանք է, որը սահմանափակում է ազատ ստեղծագործությունը: Մեկենասության ու հովանավորչության մասին օրենքներ ընդունելուց հետո միայն կարելի է մտածել որեւէ թատրոնի առավելություն տալու, ստեղծագործական անձնակազմում կրճատումներ անելու կամ այլ բաների մասին: Թատրոնը կենդանի օրգանիզմ է. երեկ կարող է վիճակը վատ լինի, այսօր լավ: Երբ ես ընդունվեցի տիկնիկային թատրոն, այն փակման եզրին էր: Այնպես որ, մշակութային ամեն մի օջախի նկատմամբ հարկավոր է անհատական մոտեցում ցուցաբերել:
-Որքանով տեղյակ եմ, «Գնումների մասին» օրենքը բարդություններ է առաջացնում թատրոնների համար: Կբացատրե՞ք` ինչու:
-Ասեմ, օրինակ, հունվարի մեկից պլանավորված են թատրոնի բոլոր գնումները տարվա կտրվածքով: Նախատեսվում է, թե յուրաքանչյուր եռամսյակում ինչ պետք է գնվի եւ ինչ քանակությամբ: Բայց սա ստեղծագործական պրոցես է, եւ ներկայացման բեմադրության ընթացքում կարող են փոփոխություններ լինել: Այս պարագայում ինչպե՞ս բացատրել, որ 10 մետրի փոխարեն 11 մետր պարան է հարկավոր: Թատրոնից նախապես նման ցուցակ պահանջելը նույնն է, թե նկարչից պահանջես ներկայացնել մեկ տարում որքան յուղաներկ է օգտագործվելու եւ ինչ գույնի: Աբսուրդ է, չէ՞: Ի դեպ, նման օրենք գործում էր միայն Ռուսաստանի Դաշնությունում, բայց այս երկիրը հիմա հրաժարվում է դրանից: Մշակույթի նախարարությունը դիմել է Պետդումային եւ նշել, որ օրենքը հակասում է թատրոնի էությանը: Իսկ թե ինչու է Հայաստանը հպարտ քայլերով կիրառում այդ օրենքը, ես բացատրություն չունեմ:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

ՀԵԳՆԱՆՔՈՎ
Երեկ արդեն պաշտոնապես հաստատվեց այն լուրը, ըստ որի` Զինեդին Զիդանը վերադարձավ Մադրիդի «Ռեալ»: Այս ամենից հետո Մադրիդում բուռն կերպով սկսել են քննարկել նաեւ թիմի պատմության լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձի մասին: Ի պատասխան իրեն տրվող հարցերի` «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ասել է. «Ի՞նչ եք կարծում, Զիդանը իր հետ պետք է բերեր նաեւ Ռոնալդուի՞ն. նա այնտեղ է, որտեղ հիմա գտնվում է: Նրա մոտ ամեն բան հրաշալի է, այդ դեպքում ո՞րն է պատճառը վերադարձի»:

 

 

ԿՐԿԻՆ ՊԱՐՏՎԵՑ
Հայաստանի կանանց հավաքականը կրկին անհաջող ելույթ ունեցավ՝ կրելով 5-րդ անընդմեջ պարտությունը: Հայ շախմատիստուհիներն այս անգամ 1,5-2,5 հաշվով զիջեցին Ուկրաինայի հավաքականին: Հատկանշական է շեշտել, որ մրցախաղի ելքը վճռվեց երկրորդ խաղատախտակի վրա կայացած պարտիայում, որում Լիլիթ Մկրտչյանը պարտվեց Աննա Մուզիչուկին:

 

 

ՎԱՃԱՌՔԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
Մարտի 26-ին՝ ժամը 21:00-ին, Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կկայանա ԵՎՐՈ-2020-ի նախընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն պաշտոնական հայտարարություն է տարածել` կապված այդ խաղի տոմսերի վաճառքի եւ գների հետ: Ըստ մարզադաշտի տարբեր տրիբունաների՝ սահմանվել են տոմսերի հետեւյալ գները.
հյուսիսային եւ հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ,
արեւելյան տրիբունա՝ 3000-5000 դրամ,
արեւմտյան տրիբունա` 7000-9000 դրամ:

Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս