Երեւանի կենտրոնում՝ Օպերային հարող տարածքում, երեկ իրավիճակը բավականին թեժ էր: Երեւանի քաղաքապետարանը անցել է Օպերային հարակից տարածքի սրճարանները ապամոնտաժելուն, փոխարենը այնտեղ կանաչապատման աշխատանքներ են իրականացվելու: Այս գործընթացի մասին քաղաքապետարանը հատարարել էր ավելի վաղ` սրճարանատերերին տարածքն ինքնակամ լքելու ժամանակ տալով: Սակայն այս ընթացքում ընդամենը սրճարաններից մեկի սեփականատերն է ինքնակամ կատարել պահանջը, իսկ մյուսներն, ընդհակառակը, երեկ ամեն կերպ դիմադրում էին: Անգամ, որպես բողոքի նշան, երեկ միացրել էին հեղափոխության օրերի երգերը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ դեռեւս դերասան ժամանակ հնչեցրած երգերը: Պարբերաբար երեկ վիճաբանություններ էին լինում սրճարանատերերի, սրճարանների աշխատակիցների ու տարածքում գտվնող քաղաքապետարանի աշխատակիցների միջեւ: Բանը հասավ անգամ կարմիր բերետավորների միջամտությանը:
Մինչ այդ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արամ Մարտիրոսյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ արդյոք քննարկվում է սրճարանատերերին փոխհատուցման տարբերակը։ «Ինքնակամ կառույցները փոխհատուցելու որեւէ իրավական հիմք առկա չէ։ Իսկ սրանք ինքնակամ կառույցներ են եղել` առանց օրենքով սահմանված ընթացակարգերի կառուցված, հետեւաբար փոխհատուցում չի ենթադրում»,- ասաց նա։ Ավելին, ըստ Մարտիրոսյանի` օրենքը հնարավորություն է տալիս քաղաքապետարանին ապամոնտաժման աշխատանքների ծախսերը պահանջել հենց սրճարանատերերից՝ համապատասխան հայց ներկայացնելով դատարան: Սակայն Մարտիրոսյանն ասաց, թե առայժմ նման քայլի դիմելու մտադրություն չունեն. «Ես չեմ կարող դրանք նշել, այս պահին ընթանում են աշխատանքները, հետագայում համապատասխան քննարկումներ կիրականացվեն, եւ որոշում կկայացվի»։
Իսկ մինչ այդ նկատենք, որ Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է կանաչապատման ծրագրեր իրականացնել նաեւ Օղակաձեւ զբոսայգում` այնտեղից եւս հանելով կառուցված, բայց եւ չգործող սրճարանները: Երեւանի քաղաքապետարանից հաստատեցին «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունները:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթ, որով ցանկանում է արգելել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը խաղամոլության դեմ պայքարի շրջանակներում: Նկատենք՝ նախագիծն իրականում չի լուծում առաջադրված խնդիրը. բուքմեյքերական գրասենյակների փակման դեպքում ցանկացողները խաղադրույքներ կկատարեն օնլայն: Դրանց փակման հետեւանքով տնտեսական խնդիրներ կարող են ստեղծվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մասնագետները հաշվարկել են՝ ընկերություններից յուրաքանչյուրն ունի մոտ 400-ից ավելի աշխատակից, եւ գրասենյակների փակման դեպքում մեծ թվով մարդիկ կդառնան գործազուրկ: Բացի այդ, բուքմեյքերական գրասենյակները տարածքներ են վարձակալել, ու եթե դրանք փակվեն, խնդիրներ կարող են առաջանալ անշարժ գույքի շուկայում, նաեւ գույքահարկի հավաքագրման հետ կապված: Ըստ ՊԵԿ-ի` 2017թ. 5 կազմակերպություններ ՀՀ պետբյուջե փոխանցել են 4 մլրդ 212 մլն դրամ, արդեն 2018թ. 4 ընկերությունների կողմից՝ 4 մլրդ 119 մլն դրամ:
ՀՀ պետական պարտքը կրկին սկսել է ավելանալ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը այս տարվա փետրվարի 28-ի դրությամբ կազմել է 6 միլիարդ 943.6 միլիոն դոլար: Տարեսկզբին ՀՀ պետական պարտքը 6 միլիարդ 922,9 միլիոն դոլար էր, այսինքն` երկու ամսվա ընթացքում այն ավելացել է 20,7 միլիոնով: Այս գումարի մեծ մասը կառավարության պարտքն է՝ 6 մլրդ 393.6 մլն դոլար, որից 4 մլրդ 977.2 մլն դոլարն արտաքին պարտքն է: Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ի սկզբանե որդեգրեց ՀՀ պետական պարտքը նվազեցնելու քաղաքականություն` հրաժարվելով նոր վարկային միջոցներ ներգրավելուց: Սակայն հիմա կառավարությունը հայտնվել է նոր պարտք վերցնելու պարտադրանքի առաջ, միայն թե, ի տարբերություն նախորդ իշխանությունների, կառավարության վերցրած պարտքերն ավելի համեստ չափերի են, եւ, բացի այդ, գումարները ծախսվում են` ըստ անհրաժեշտության, այլ ոչ թե մսխվում կամ գրպանվում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մարտի 1-ի գործով հարցաքննվել է ՀՀ ՍԴ անդամներից Ֆելիքս Թոխյանը. հենց նա էլ ՍԴ-ում եղել է 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքների բողոքարկման գործով զեկուցող դատավորներից մեկը: Իսկ, ահա, ՍԴ այն ժամանակ նախագահ Գագիկ Հարությունյանը, որ հիմա ԲԴԽ նախագահն է, այս գործով չի հարցաքննվել: «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ հայտնի դարձան Թոխյանի հարցաքննությունից. հիմնական հարցերը վերաբերել են ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանի նկատմամբ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանի կողմից միջնորդավորված ճնշումներին: Այդ մասին Վ. Պողոսյանը պատմել էր ամերիկացի դիվանագետների, եւ որը բացահայտվել էր Վիքիլիքսյան հրապարակումների արդյունքում, երբ գաղտնազերծվեց ամերիկացի դիվանագետների նամակագրությունը: Այս դրվագով քրեական գործը հարուցված է արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքով, մեղադրյալն էլ Արմեն Գեւորգյանն է: Ի դեպ, ՍԴ անդամ Թոխյանը էական ցուցմունքներ չի տվել` հիմնականում ասելով, որ տեղյակ չէ, չի հիշում:
ՆՐԲՈՐԵՆ ՄՐՑՈՒՄ Է
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման թեմային: Վրաստանի նախագահն անցյալ ամիս Բաքվում հայտարարել էր, թե Ադրբեջանի հետ միեւնույն խնդիրների միջով են անցել. «Այսօր մենք գիտենք, թե ինչ է նշանակում օկուպացիան երկրի համար, երբ քո տարածքային ամբողջականությունը դեռեւս վերականգնված չէ»: Եւ, ահա, երեկ Արմեն Սարգսյանը շեշտել է, որ, Սալոմե Զուրաբիշվիլիի հետ քննարկելով տարածաշրջանային հակամարտությունները, համակարծիք են եղել՝ հիմնահարցերը եւ հակամարտությունները նույնական չեն, հետեւաբար նույնական չեն դրանց կարգավորման հիմքերը: «Իմ անձնական համոզմամբ` լուծումները պետք է փնտրել բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի եւ նորմերի, իսկ Արցախի դեպքում՝ ինքնորոշման իրավունքի հարգանքի հիման վրա»,- պնդել է նա:
Ընդհանրապես, Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացն այս օրերին դարձել է երկրի քաղաքական օրակարգի առանցքային թեմաներից մեկը, եթե չասենք՝ ամենահիմնականը: Երեկ Երեւանում ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել է Արցախյան հիմնախնդրի բանակցային ձեւաչափի թեմային` շեշտելով. «Որեւէ փոփոխություն ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցությունների ձեւաչափում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար»: Ու այս առումով Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը Արմեն Սարգսյանի՝ ԼՂ խնդրին անդրադառնալը կարող է դիտվել միանգամայն բնական: Սակայն Արմեն Սարգսյանի այդ քայլն իր մեջ որոշակի քաղաքական ենթատեքստ էր պարունակում՝ ուղղված վարչապետ Փաշինյանին:
Ինչպես հայտնի է, նախագահը նախօրեին չէր մասնակցել Արցախում ՀՀ եւ ԼՂՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստին: Պատճառը եղել էր այն, որ վարչապետի աշխատակազմն իրեն բավական ուշ էր հրավիրել՝ ԱԱԽ նիստից մեկ օր առաջ՝ երեկոյան: Նախագահականի պարզաբանման մեջ եւս շեշտված էր այդ փաստը` այդպես անուղղակի ի ցույց դնելով վիրավորվածություն: Ու հիմա Արմեն Սարգսյանը, որ արտաքին քաղաքականության բնագավառում, հատկապես` բանակցային գորընթացի հետ կապված, չունի առանցքային լիազորություններ, խոսում է ԼՂ խնդրի մասին, ընդ որում, խոստովանենք, բավական ճիշտ շեշտադրումներով: Եւ այսպես Արմեն Սարգսյանը փորձում է ի ցույց դնել իր իրազեկվածությունը, ԼՂ խնդրում հարկ եղած դեպքում համապատասխան տեսակետ հայտնելու կարողությունը: