4 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ՝ ՄԵԿ ՆԱԽԱԳԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթ: Ու թեեւ պատգամավորն իր հիմնավորմամբ փորձում է բուքմեյքերական գրասենյակների փակմանը հասնել Հայաստանում խաղամոլությունն արմատախիլ անելու համար, սակայն, մասնագետների պնդմամբ, իրականում այդպես որեւէ հարց չի լուծվում. միեւնույն է, խաղամոլները խաղադրույքներ կկատարեն համացանցի միջոցով:

Ալեն Սիմոնյանի նախագծերի փաթեթը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում, եւ մատնանշվել են բազմաթիվ խնդրահարույց թերություններ:
Նախ` նշենք հիմնական փոփոխությունները, որոնք ցանկանում է իրականացնել ԱԺ փոխնախագահը. «Վիճակախաղերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանվում է, որ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր եւ ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի վարչական սահմաններում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում: Նախագծում նշվում է, որ այժմ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ տոտալիզատորի եւ ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում, եւ այս փաստը բացասական ազդեցություն է թողնում հասարակության վրա` վիճակախաղերով հրապուրվելու վտանգ ստեղծելով:
Բացի այդ, նախագծով առաջարկվում է արգելել տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել եւ ելքագրել կանխիկ եղանակով` բացառությամբ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման դեպքի կամ բուքմեյքերային գրասենյակի միջոցով: Եվ, որպես հիմնավորում, նշվում է, թե նախագիծը նպատակ է հետապնդում սահմանափակել քաղաքացիների՝ վիճակախաղերով (տոտալիզատորով) տարվելու անմիջական հնարավորությունը:
Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով էլ սահմանվում է. «Արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված վիճակախաղերին մասնակցությանը հնարավորության ստեղծումը, ինչպես նաեւ այդ խաղերի գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում եւ «ԱՄ», «ՀԱՅ» դոմենային տիրույթներում»: Վարչությունը գտել է, որ այս դրույթները բացասաբար կարող են ազդել նշված համայնքների զբոսաշրջային գրավչության մակարդակի վրա, քանի որ արտասահմանցի զբոսաշրջիկը, որը պարբերաբար խաղադրույքներ է կատարում ամբողջ աշխարհում գործող տոտալիզատորների միջոցով, ՀՀ-ում գտնվելու ժամանակահատվածում զրկված է լինելու նման հնարավորությունից, իսկ հայկական տոտալիզատորների միջոցով խաղադրույքների կատարումն էլ քիչ հավանական կլինի` կապված լեզվական եւ այլ դժվարությունների հետ: Վարչությունը մի շարք խնդիրներ է արձանագրել նաեւ մի քանի այլ հոդվածներում եւ հատկապես այն դրույթը, որը կազմակերպիչը պետք է ապահովի 500 մլն դրամի չափով ֆինանսական երաշխիքի առկայություն: Վարչությունը սա համարում է ավելորդ բեռ, որը կհանգեցնի այդ ոլորտում գործունեություն ծավալողների հեռացման:
Նշենք, որ այս նախագծի ամբողջ հիմնավորման մեջ հղում է արվում այն մտքին, որ այսպես մարդիկ խաղամոլ չեն դառնա եւ գումարները չեն վատնի: Սակայն դրանից զատ մի քանի ասպեկտներ անտեսված են: Օրինակ, այս նախագծի ընդունման հետեւանքով մեծ թվով մարդիկ կդառնան գործազուրկ: Մոտավոր հաշվարկներով` ընկերություններից յուրաքանչյուրն ունի 400-ից ավել աշխատակից, իսկ տարածքի տերերը, որտեղ գտնվում են այդ կենտրոնները, կզրկվեն վարձակալության գումարներից: Դա էլ մեծ թվով տարածքների մասին է:
Ըստ ՊԵԿ-ի տվյալների` 2017 թվականին 5 կազմակերպությունների կողմից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 4 մլրդ 212 մլն դրամ՝ առանց տեղական հարկերի եւ տուրքերի, իսկ շահույթը կազմել է 3 մլրդ 110 մլն դրամ: Արդեն 2018 թվականին 4 ընկերությունների կողմից ՀՀ պետական բյուջե է փոխանցել 4 մլրդ 119 մլն դրամ: Սրանք փաստական տվյալներ են, որոնք չեն լինելու նախագծի ընդունումից հետո, իսկ, օրինակ, նախագծի հիմնավորման մեջ ոչ մի փաստացի տվյալ առկա չէ եւ միայն հուզական մեկնաբանություններ են: Մասնավորապես, երբ ասվում է՝ մոլախաղերով զբաղվելու հետեւանքով ընտանիքները հայտնվել են ծանր դրության մեջ, կամ անչափահասների մասնակցության դեպք է գրանցվել, ապա ոչ մի տվյալ առկա չէ, եւ միայն ենթադրությունների դաշտից են:
Ի դեպ, բուքմեյքերական գրասենյակների փակման մասին մի քանի անգամ խոսել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն նա նշել է, թե այդ քայլին պետք է գնալ աստիճանաբար, այլապես կարող է տնտեսության մեջ, հատկապես անշարժ գույքի շուկայում լուրջ ցնցումներ լինեն: «Աղքատության այսպիսի շեմ ունեցող երկրում շատ են խաղադրույքներ անողները։ Կարծում եմ՝ դա նաեւ հուսահատությունից է։ Այս ուղղությամբ մենք հետեւյալ քայլերը պետք է անենք՝ խիստ սահմանափակել գովազդները, էականորեն փոխել հարկային ռեժիմն ու քայլ-քայլ գնալ բուքմեյքերական գրասենյակների սահմանափակմանը ու փակմանը»,-նախորդ տարվա հոկտեմբերին ասել էր Փաշինյանը՝ հավելելով, որ ինքը կողմ է՝ օր սահմանվի, ու բուքմեյքերական գրասենյակները փակվեն, սակայն մասնագետներն ասում են՝ դա վտանգավոր է. «Մասնագետները նշում են, որ անշարժ գույքի շուկայում կարող են ցնցումներ լինել»։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱԿՏԻՎՆԵՐԸ
Տարեսկզբից կառավարության անդամները բազմաթիվ գործուղումների են մեկնել: Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր գործուղումից հետո պաշտոնյաները պարտավոր են հաշվետվություն ներկայացնել, որոնք էլ տեղադրվում են ՀՀ կառավարության կայքում: Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ներկայացրած տվյալները, տեղեկացավ, որ առաջինը գործուղման մեկնել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Առհասարակ, հունվար ամսին գործուղումների առումով հետաքրքիր միտում է եղել, եւ շատ պաշտոնյաներ են մեկնել Գերմանիա: Նրանց թվում են Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը, գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը: Ակտիվ են եղել նաեւ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյաները. մասնավորապես, նախարար Արսեն Թորոսյանն ու փոխնախարար Լենա Նանուշյանը երկուական գործուղումներ են ունեցել: Հետաքրքիր է, որ մարզպետներից միայն Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն է գործուղման մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ` «Ռոյալ Ֆռոնտ» ՍՊԸ-ի հրավերով:

 

 

ՇԵՆՔԻ ՓՈԽԱՐԵՆ
Ինչպես հայտնի է, կառավարությունը որոշել է փակել «Նուբարաշեն», «Գորիս» եւ «Երեւան-Կենտրոն» (հայտնի է որպես «ԿԳԲ-ի պադվալ») քրեակատարողական հիմնարկները։ Ըստ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի՝ դրանց շենքային պայմանները չեն գոհացնում Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Նա ասել է, թե այս պահին որոշված է միայն մեկ նոր շենք կառուցել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի համար, մինչդեռ «Գորիսն» ու «Նուբարաշենն» առայժմ կշարունակեն գործել իրենց հին շենքերում։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արդարադատության նախարարի այս հայտարարություններից հետո բավականին լուրջ քննարկումներ են սկսվել նոր ՔԿՀ շենք կառուցելու շուրջ: Մասնավորապես, տեսակետ է եղել, որ նոր շենքի կառուցումը այս պայմաններում պարզապես ավելորդություն է: Այս հարցը կարելի է այլ կերպ լուծել. քրեակատարողական հիմնարկները հիմա թերբեռնված են: Ու ավելի արդյունավետ կլինի, որ այդ շենքի կառուցման համար հատկացվող գումարը ուղղվի արդեն եղած ՔԿՀ-ներում դատապարտյալների զբաղվածությունը ավելի լավ կազմակերպելուն:

 

 

 

ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ՄԵՂԱԴՐՅԱԼԸ
ՊՆ փոխգնդապետ Մհեր Ղավալյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մհեր Ղավալյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանդիսանալով հրետանային դիվիզիոնի հրամանատար, պատշաճ չի հետեւել անվտանգության կանոնների պահպանմանը. այրել է Մ. Ալավերդյանին պատկանող գարու 9 հա մշակված դաշտը: Հարուցված քրեական գործով պարզվել է, որ Ալավերդյանին անզգուշությամբ պատճառվել է խոշոր չափերի` 1 միլիոն 600 հազար դրամ գումարի գույքային վնաս: Փոխգնդապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

 

 

 

ՉԻ ԽՈՒՍԱՓԵԼ
Նիկոլ Փաշինյանը Արցախ կատարած իր այցի ընթացքում չի խուսափել հանդիպել նաեւ արցախյան մի շարք գործիչների: ArmLur.am-ի տեղեկություններով` նախօրեին կեսգիշերին տեղի է ունեցել հանդիպում Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, առաջիկա նախագահական ընտրությունների հավանական թեկնածու Վիտալի Բալասանյանի միջեւ: Հայտնի չէ, թե ինչ թեմաների շուրջ է տեղի ունեցել զրույցը, բայց, ըստ մեր աղբյուրի, երկու կողմերն էլ գոհ են եղել հանդիպումից եւ միմյանցից առանձնացել ջերմ ձեռքսեղմամբ:

 

 

 

ՎԱՎԵՐԱՑՄԱՆՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Շվեդիայի կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Եվրամիության անդամ 28 երկրից Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Ռումինիան, Մալթան եւ Դանիան արդեն վավերացրել են Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործունեության համաձայնագիրը: Այն ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին: Հայաստանի Ազգային ժողովը համաձայնագիրը վավերացրել է 2018թ. ապրիլի 11-ին:

 

 

 

ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿ
Մեր երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պատմական հնարավորություն ունենք. հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ առանձնազրույցի ընթացքում։ Ըստ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության՝ Փաշինյանը մասնավորապես նշել է. «Ես կարծում եմ, որ ներկայում մեր երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պատմական հնարավորություն ունենք: Որպես վարչապետ՝ իմ առաջին պաշտոնական այցը կատարել եմ Վրաստան, եւ դա ընդգծում է մեր կառավարության եւ անձամբ իմ առանձնահատուկ ուշադրությունը եւ կարեւորության զգացումը հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ: Ընդգծել եմ, որ մենք պետք է մեր հարաբերություններում հենվենք ռազմավարական ընդհանուր շահերի վրա, եւ ուրախ եմ, որ Վրաստանի կառավարության կողմից համարժեք արձագանքի եմ արժանացել: Հիմա ժամանակն է այդ փոխադարձ ըմբռնումը կյանքի կոչել»:

 

 

 

ՉԻ ԱԶԴԻ
ՌԴ-ից ՀՀ մատակարարվող բնական գազի` Վրաստանի տարածքով տարանցման արժեքի ավելացումը չի կարող ազդեցություն ունենալ ՀՀ առաքվող բնական գազի գնի վրա. այս մասին, Tert.am-ի հարցմանն ի պատասխան, հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից: Ըստ պայմանագրի՝ Վրաստանի սահմանից Հայաստանի սահման բնական գազի փոխադրման հետ կապված բոլոր ծախսերն իրականացնում է բնական գազ վաճառող կողմը:




Լրահոս