ՓԻՐՈՒԶԵ, ԱՐԾԱԹԵ ԽԱՉԿԻՐՆ ՈՒ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ-2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

(սկիզբը` նախորդ համարում)

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի կարիերան սկսվել է դեռեւս Հրանտ Բագրատյանի վարչապետության օրոք՝ 1995-ին. որպես առաջատար մասնագետ` նա աշխատանքի է անցել Էկոնոմիկայի նախարարությունում եւ այս բազմաչարչար գերատեսչությունում տարբեր պաշտոններ զբաղեցրել ՀՀ նախկին գրեթե բոլոր կառավարությունների օրոք: Ինչպես կատակում են ֆիննախում, Խաչատրյանի ու հեղափոխական կառավարության մեկ այլ անդամի՝ ֆինանսների նախարար Ջանջուղազյանի, նաեւ նախկին նախարար Կարայանի «պորտը» հենց այս հիմնարկում են կտրել:

Մասնավորապես 2001-2006 թթ. Խաչատրյանը եղել է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ: Իսկ, ահա, 2006-2016 թթ.՝ շուրջ 10 տարի, Խաչատրյանը սոլիդ պաշտոն էր զբաղեցնում հանրությանը քաջ հայտնի «Վալլեքս»-ում. նա հիշյալ ընկերությունների խմբի ֆինանսական տնօրենն էր: Այս բիզնես կայսրության տիրակալը, հիշեցնենք, Սերժ Սարգսյանի երբեմնի հովանավորյալ Վալերի Մեջլումյանն է: Հենց «Վալլեքս»-ը տարիներ առաջ ստանձնեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը, որը, սակայն, դադարեցվել է անցյալ տարվա փետրվարից: Պետական սեփականություն հանդիսացող այս հանքն անցել է ՎՏԲ բանկին, քանի որ խումբը չի կարողացել կատարել բանկի նկատմամբ վարկային պարտավորությունները /շուրջ 308 մլն դոլար/: Այս ամենի հետեւանքով հազարավոր քաղաքացիներ դարձել են գործազուրկ, Լոռու մարզում էլ առաջացել է առողջապահական, սոցիալական եւ տնտեսական ճգնաժամային իրավիճակ: Հիշյալ հանքավայրը վերագործարկելու հարցը, նկատենք, կառավարության օրակարգում է, վարվում են բանակցություններ, եւ այս գործընթացի օգտին լոբբինգ անողների հեղինակներից մեկն էլ, ըստ մեզ հասած տեղեկությունների, նաեւ մեր շարքի հերոսն է: Ուշագրավ է, որ ՏԶՆ նախարարի կարգավիճակում «Վալլեքսի» նախկին երկարամյա ֆինանսական տնօրենը մեկնաբանել էր Թեղուտի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ հանքավայրը բանկին անցնելը համարել էր շուկայական ռիսկերը ոչ ճիշտ հաշվարկելու հետեւանք, այսինքն՝ ընկերությունը մետաղների գների ավելի բարձր սպասումներ է ունեցել, քան արձանագրվել է: «2 տարի շարունակ գները ցածր են եղել, իրենք ավելի քան 150 միլիոն դոլար չեն ստացել այս պատճառով»,-ասել էր նախարարը: Խաչատրյանն, ի դեպ, «Վալլեքսի» կողմից արժանացել է կորպորատիվ պարգեւների՝ 2010-ին` արծաթե խաչի, 2015-ին՝ մեծ փիրուզե խաչի: Ինքը՝ Մեջլումյանն էլ իր հեթին ավելի բարձր ատյանից էր պարգեւատրում ստացել՝ Սերժ Սրագսյանի կողմից՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար: Ծառայություններից մեկն էլ, փաստորեն, Խաչատրյանի խոսքով՝ «ոչ ճիշտ հաշվարկված ռիսկերի» հետեւանքով պետական սեփականությունը մասնավոր բանկի բաժին դարձնելն էր:
Տիգրան Խաչատրյանի գործունեությունը, դատելով նրա կենսագրականից, «Վալլեքսին» զուգահեռ ընթացել է նաեւ մեկ այլ ուղղությամբ. նա 2008-2014 թթ. եղել է «Զարգացման հայկական գործակալության» խորհրդի անդամ, /գործակալությունը լուծարվել է 2014-ին/, իսկ 2016-ին Խաչատրյանը եղել է Համահայկական բանկի խորհրդի անդամ: Այս բանկն էլ, որը մոտ երկու տարի առաջ տրանսֆորմացվել է ներդրումային ֆոնդի, ստեղծվել էր Սերժ Սարգսյանի նախագահության օրոք՝ 2011թ.-ին իբրեւ թե Հայաստանում հավելյալ տնտեսական աճին նպաստելու եւ ապրանքների ու ծառայությունների արտահանումը խթանելու նպատակով: Հընթացս նշենք, որ այս բանկի գործադիր տնօրեն Վահրամ Ներսիսյանցը այդ պաշտոնը ստացավ Սերժ Սարգսյանի խորհրդականի պաշտոնից ազատվելուն պես: Նա ստանում էր Հայաստանի չափանիշներով ահռելի աշխատավարձ. ըստ որոշ տեղեկությունների՝ ամսական մոտ 20 հազար դոլար: Այս բանկի գոյությունը որոշ մասնագետներ «չստացված պրոյեկտ» էին համարում մինչեւ հեղափոխությունը, քանի որ ակնկալվող ներդրումները Սփյուռքից չկատարվեցին, բանկն էլ չկարողացավ իրականացնել իր նպատակները: Ի սկզբանե որոշվել էր, որ բանկը պետք է ունենա առնվազն 100 միլիոն դոլարի կապիտալ՝ ունեցածից 5 անգամ ավելին: Թե ինչպես կդասավորվեն այս կառույցի գործերը հետագայում, եւ ինչ ներդրում կունենա այդ հարցում բանկի խորհրդի անդամի նախարարական կարգավիճակը, ցույց կտա ժամանակը: Նշենք, որ Տիգրան Խաչատրյանը «Բիզնես Արմենիա»-ի` վերաբրենդավորված Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Այս կառույցի գործադիր տնօրենն էլ Կարեն Կարապետյանի խորհրդական Արմեն Ավակ Ավակյանն էր, որը պաշտոնից հրաժարական տվեց անցած աշնանը:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՕՊԵՐԱՅԻ ՍՐՃԱՐԱՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԿԱՆՑՆԵՆ ՕՂԱԿԱՁԵՎ ԱՅԳՈՒՆ

Երեկ Օպերային հարակից տարածքում իրավիճակը բավական թեժ էր. Երեւանի քաղաքապետարանը սկսել է իրագործել սրճարաններն ապամոնտաժելու իր որոշումը: Եւ սրճարանատերերը, բնականաբար, փորձում էին երեկ դիմադրել: Բանը հասավ անգամ կարմիր բերետավորների միջամտությանը:

Սրճարանների սեփականատերերը բողոքում էին՝ իրենք վարկային մեծ պարտավորություններ ունեն եւ քաղաքապետի այս որոշման հետեւանքով իրենք ֆինանսական մեծ վնասներ կկրեն:
Հիշեցնենք, որ Օպերայի մերձակայքում` անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որով առաջարկվում է նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: Տնտեսավարողների հետ կնքած պայմանագրերի համաձայն` Երեւանի քաղաքապետարանը իրավունք ունի ցանկացած պահի 30, օր առաջ ծանուցելու պայմանով, ներկայացնել վարձակալությամբ տրված տարածքն ազատելու պահանջ: Քաղաքապետարանը վաղուց հայտարարել է Օպերային հարող տարածքը սրճարաններից մաքրելու եւ կանաչապատելու իր ծրագրի մասին, նաեւ ծանուցել սրճարանատերերին: Պատահական չէ, որ սրճարաններից մեկն արդեն ենթարկվել էր քաղաքապետարանի կարգադրությանը եւ ինքնակամ ազատել տարածքը: Իսկ մյուսները երեկ դիմադրում էին:
Երեկ այնտեղ էր նաեւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը: Նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այս ընթացքում տասնյակներով ավելացել են սրճարան հիմնելու ցանկություն ունեցողները. «Մենք ընդամենը չենք ցանկանում, որ դա լինի կանաչ հատվածների հաշվին»: Ապա ավելացրեց, որ «Մերի» ընկերությունը թույլտվություն չունի գործունեություն ծավալելու: «Մենք իրենց թույլտվություն չենք տվել, բայց իրենք սառնարան են տեղադրել, սուրճ են տալիս, հյուրեր են ընդունում: «Ատլանտիկ» եւ «Ջազվե» սրճարանները այսօր կապամոնտաժվեն»,- ասաց Վ. Մնացականյանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ «Մագնոլիա» ընկերությունը, որը շահագործում է «Շոկոլադնիցա» սրճարանը, այն եզակին է, որ ստացել է շինության սեփականության իրավունք: «Կա դատական հայց: Ես զարմանում եմ, թե ինչպես կարող է նման բան ստացվել: Դա չլսված հանդգնություն է, ինչպե՞ս են արել, ես չգիտեմ»,- զարմացած նկատեց Կենտրոնի թաղապետը: Նշենք, որ, ըստ որոշ տեղեկությունների, «Շոկոլադնիցա» սրճարանը պատկանում է ՀՅԴ առանցքային գործիչներից մեկին:
«Ատլանտիս Գարդեն» ՍՊԸ-ի իրավաբան Արթուր Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ քաղաքապետարանի գործողությունները անօրինական են, չունեն որեւէ օրինական հիմք իրենց սրճարանում գործողություն կատարելու: «Տասն օր առաջ, եթե չեմ սխալվում, քաղաքապետարանից ստացել ենք մի գրություն, որի մեջ նշված է, որ մեզ ողջամիտ ժամկետ են տրամադրում, որպեսզի մենք ինքներս հավաքենք մեր գույքը: Մեր համար ողջամիտ ժամկետը դա պայմանագրով նախատեսված ժամկետն է, որը մինչեւ 2027 թվականն է»,- լրացրեց իրավաբանը: Իսկ, ահա, «Ջազվե» սրճարանը շահագործող «Համանվագ» ընկերության հիմնադիր Արմեն Պետրոսյանը նշեց, որ քաղաքապետարանի` սրճարանները ապամոնտաժելու վերբերյալ որոշումը իրենց համար շատ հետաքրքիր անակնկալ էր: «Վերջերս մեծ ներդրումներ ենք արել: Ես կարծում եմ, որ մեր քաղաքապետը տղամարդկություն չունի, որ կարողանա հանդիպել եւ խնդիրները լսի, հասկանա՝ այս մարդիկ ներդրում արել են, թե ոչ, ինչ ծրագրեր ունեն»,- նկատեց Արմեն Պետրոսյանը: Նրա խոսքերով` սրճարան շահագործող ընկերությունները վարկեր են վերցրել, որպեսզի ներդրումներ անեն: «Ի՞նչ է արվելու այդ վարկերի հարցը: Ես իմ բնակարանը պետք է վաճառեմ, երեխաներին տնից հանեմ, որ վարկերը փակեմ: Խնդիրները շատ են, մեզ ոչ ոք չի լսել, ուղղակի մի հատ թուղթ ուղարկելով, ծանուցելով` ձեզ ժամանակ ենք տալիս, դո՛ւրս եկեք»,- վրդովվեց սրճարանատերը: Ի դեպ, նշենք, որ «Ջազվե» սրճարանի պայմանագրի ժամկետը մինչեւ 2028 թեականն է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում Երեւանի քաղաքապետարանը Օպերայի մերձակայքում գտնվող սրճարանները ապամոնտաժելուց հետո կանցնի Օղակաձեւ այգուն: Ավելին, այս թեմայի շուրջ արդեն սկսել են մտահոգվել նաեւ Օղակաձեւ այգում գործող սրճարանների սեփականատերերը: Նրանք, ի դեպ, երեկվանից` Օպերայի տարածքում տեղի ունեցած դեպքերից հետո, փորձում են իրենց շարքերում ներգրավել այլ շահագրգիռ կողմերի, որոնք կկարողանան իրենց աջակցել: Նշենք, որ Օղակաձեւ այգում դրանց մեծ մասը բետոնապատ շինություններ են, որոնք քանդելու դեպքում սեփականատերերն ավելի շատ կտուժեն: Միայն թե նկատենք, որ Երեւանի կենտրոնի կանաչապատումն այլընտրանք չունի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս