Լուսանկարն արվել է Երեւանում
Կանանց տոնի առթիվ մայրաքաղաքի խանութներում այնպիսի եռուզեռ է, որ անգամ մանեկեններն են հայտնվել դժվար կացության մեջ:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ`ինչպես է հաշվարկվում բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի ամսական չափը:
Եփրեմ Հայրապետյան (45 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Հայրապետյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի համաձայն` ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի եւ ուղղիչ գործակցի արտադրյալի 2000-պատիկի չափով` դրամական արտահայտությամբ:
Բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար ելակետային տվյալ է համարվում ավտոմեքենայի բեռնատարողությունը` արտահայտված տոննաներով, իսկ ուղղիչ գործակիցները կապված են գոտիականության հետ:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ բեռնատար ավտոմեքենաներով միջմարզային, միջպետական բեռնափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում է այդ վայրերի համար սույն կետով սահմանված գործակիցներից առավելագույնը:
ՀԱՐՑ. Եթե անձը համատեղությամբ աշխատող է, ապա նա իրավունք ունի՞ օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից: Եթե այո, ապա ինչպե՞ս: Նման դեպքերում ինչպե՞ս է հաշվարկվում նրան սոցփաթեթի սահմանաչափը:
Գրիշա Սեդրակյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ համատեղությամբ աշխատանք կատարող անձինք սոցիալական փաթեթից օգտվում են իրենց հիմնական աշխատանքի վայրից, եթե հիմնական գործատուն ընդգրկված է սոցիալական փաթեթի շահառու հաստատությունների ցանկում: Եթե աշխատողի հիմնական եւ համատեղությամբ աշխատանքները կատարվում են այն գործատուների մոտ, որոնք համարվում են սոցիալական փաթեթի շահառու հաստատություններ, ապա աշխատողը համատեղությամբ աշխատանքը հաստատող փաստաթուղթ (տեղեկանք) է ներկայացնում հիմնական աշխատավայրի գործատուին սոցիալական փաթեթի սահմանաչափը որոշելու (հաշվարկելու) համար:
Այս դեպքում սոցիալական փաթեթի սահմանաչափը որոշելու համար համատեղությամբ աշխատաժամանակը (դրույքը) գումարվում է հիմնական աշխատաժամանակին (դրույքին): Եթե աշխատողի հիմնական աշխատանքը կատարվում է այնպիսի գործատուի մոտ, որը սոցիալական փաթեթի շահառու հաստատություն չի հանդիսանում, սակայն համատեղությամբ աշխատանքը կատարվում է սոցիալական փաթեթի շահառու հաստատությունում, ապա այդ աշխատողը սոցիալական փաթեթից օգտվում է համատեղությամբ աշխատանքային պայմանագիր կնքած գործատուի միջոցով` համատեղությամբ աշխատաժամանակին (դրույքին) համապատասխան:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ աշխատանքից ազատվելու դեպքում սոցփաթեթի հաշվում մնացած (կուտակված) գումարի ուղղությունները մնում են նույնը: