ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկում է փոփոխություններ կատարել միանգամից չորս օրենքներում։ Համապատասխան նախագծերն արդեն ընդգծված են Ազգային ժողովի պաշտոնական կայքում։ Մասնավորապես, խոսքը Տնտեսական մրցակցության պաշտպանության եւ Հանրային ծառայություները կարգավորող մարմնի մասին օրենքներին է վերաբերում։
Բացի այդ, նա փոփոխություններ է առաջարկում ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում և այդ կերպ փորձում է ընդլայնել խմբակցությունների լիազորությունները։ Նա առաջարկում է օրենքում ամրագրել, որ խմբակցությունն իրավունք ունի նքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրել։
Այն դեպքում, երբ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությանը վերապահված ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում օրենքով սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը:
Իսկ ահա «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելով, նա ցանկանում է ամրագրել, որ դրանք ինքնավար մարմիններ են։
Ըստ այդմ՝ փոփոխություններն ընդունվելու դեպքում խմբակցությունները կարող են առաջադրել թե ՏՄՊՊՀ նախագահի կամ անդամի թափուր տեղում թեկնածու, թե Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահի կամ անդամի թափուր տեղի թեկնածու, և բոլոր այն մարմիններում, որոնք նախատեսված կարգով համարվում են ինքնավար։