Հայաստանում սպանված կինը փոքրիկի էր սպասում։ Մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդի:
Ինչպես հայտնի է, մայիսի 8-ի երեկոյան Արմավիրի մարզի 26-ամյա բնակիչն Այնթապ գյուղին հարակից դաշտամիջյան տարածքում ռետինե խողովակով, փայտյա մահակով և այլ առարկաներով ծեծի է ենթարկել 30-ամյա կնոջը: Վերջինս, ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր:
Դիահերձման արդյունքներով պարզվել է, որ կինը հղի է եղել:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է:
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երիտասարդի ինքնախոստովանական ցուցմունքից: Մասնավորապես, նա պատմել է, որ իր մտերիմ կինը, ով հղիության 6-րդ ամսում էր, իրեն չի ենթարկվել, հաճախ են վիճել, տարաձայնություններ ունեցել: Դեպքի օրը տանը վիճաբանել են, և իրավիճակն այն աստիճան է սրվել, որ սկսել է մահակով ծեծել կնոջը: Տեսնելով, որ վերջինս ուշագնաց է եղել` շտապ տեղափոխել է հիվանդանոց: Այստեղ հայտնի է դարձել, որ նա մահացած է:
Ի դեպ, իրավապահներն առաջին անգամ չէ, որ քննել են այս զույգին առնչվող դեպքեր: Նախկինում նրանք հայտնվել են նաև առևանգման և այլ գործերի կիզակետում:
Քնար Մանուկյան