Այսօր Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչները փակել էին գյուղի ճանապարհը և պահանջում էին հանդիպում տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի ու Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ։
Բնակիչները պատմել են, որ դիմել են այդպիսի ծայրահեղ քայլի եւ փակել են ճանապարհը, քանի որ նախարարն ու մարզպետն իրենց խնդրին լուծում չեն տալիս, վարվում են նախորդ իշխանությունների պես։ Բանն այն է, որ գյուղը ԽՍՀՄ տարիներից հայտնի է որպես ակտիվ սողանքային գոտի։ Շատ բնակիչներ փոխհատուցում են ստացել, իսկ ովքեր մնացել են գյուղում, տարիներ շարունակ սպասում են, որ կառավարությունը՝ թե նախորդ, թե ներկա, իրենց խոստումը կատարեն, և կլինի համարժեք փոխհատուցում, արդյունքում գյուղացիները կազատվեն գլխացավանքից և վախի մթնոլորտում ապրելուց:
Ճանապարհը փակ լինելու պատճառով 300-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել և բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են վարել ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Արտակ Ղազարյանն ու ոստիկանության Գառնիի բաժանմունքի պետ Կարապետ Կիզիրյանը։
ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին։ Վերջինս նշեց, թե ինքը ևս եղել է Ողջաբերդում, բանակցություններ վարել գյուղացիների հետ, և այս պահին ճանապարհը բաց է։ Այս թեմայի վերաբերյալ այլ մեկնաբանություններ Կոտայքի մարզպետը խոստացավ ներկայացնել ավելի ուշ․ այս պահին բանակցությունները շարունակվում են։