Վերջերս կրկին ակտիվացել են «Խտրականության մասին» օրենքի նախագծի շուրջ խոսակցությունները, քննարկումները։ Ինչպես հայտնի է, դեռեւս 2015 թվականին ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել էր «Խտրականության մասին» օրենքի նախագիծը, սակայն հասարակական ճնշման տակ այն մի որոշ ժամանակ մի կողմ էր դրվել։ Սակայն հատկապես ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրից հետո ակնհայտ էր, որ այն երկար ժամանակ չի կարող դարակներում մնալ եւ Եվրոպայի ճնշմամբ այս օրենքի նախագիծը վաղ թե ուշ պետք է ընդունվի։
Վերջերս այս օրենքի մասին խոսվեց արդեն ապրիլի 5-ին, երբ խորհրդարանում ընթանում էր «Մարդու իրավունքների ազգային օրակարգ․ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումներ, ելույթ ունեցավ Եվրասիա համագործակցության հիմնադրամից Իզաբելա Սարգսյանը եւ խոսեց հենց այդ օրենքի մասին։ Նա իր ելույթում մասնավորապես նշել էր․«Մեր ընդդիմադիրները հաճախ ասում են, որ այս օրենքը սեռական փոքրամասնությունների համար է: Ուզում եմ ասել` այո, այս օրենքը բոլորիս համար է՝ ցանկացած մարդու», – նշել էր նա՝ կարեւորելով այդպիսի օրենքի ընդունումը։
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ խորհրդարանում պետք է քննարկում տեղի ունենար հենց այս նախագծի շուրջ, որին, ըստ տեղեկությունների, պետք է մասնակցեր նաեւ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Սակայն նախատեսված ժամին քննարկումը տեղի չունեցավ, եւ պատգամավորները հեռացան։ Ընդ որում, ուշագրավ է, որ պատգամավորներից շատերն անգամ տեղյակ չէին, թե ինչ նախագիծ է քննարկվելու կամ ինչու չքննարկվեց։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը նշեց․«Նման քննարկման մասին տեղեկության չենք տիրապետում․նախարարը այդ թեմայով քննարկման հրավիրված չի եղել»։
Հարցին՝ այժմ արդյոք օրակարգային է «Խտրականության մասին» օրենքի նախագծի ընդունումը, թե ոչ, նա նշեց․«Մեր ներկայիս օրակարգում չունենք տվյալ նազագծի շուրջ քննարկում կազմակերպելու հարց»։
Հիշեցնենք, որ այս օրինագիծն ընկալվում է որպես ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին պաշտպանող նախագիծ, ինչն էլ բացասաբար է ընկալվում հասարակության մոտ: Ընդ որում, այս նախագիծը նոր իշխանությունները «ժառանգություն» են ստացել ՀՀԿ-ից: Դեռեւս 2015թ. Սերժ Սարգսյանի նախագահության օրոք ԵՄ-ն ՀՀ կառավարության հետ ստորագրված համաձայնագրով նախատեսել է հատկանցել 12 մլն եվրո՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարգավորումներ իրականացնելու համար: Այդ գումարի շրջանակներում Հայաստանում պետք է ընդունվի նաեւ «Խտրականության մասին» օրենքը, որով կարգավորվելու են նաեւ սեռական փոքրամասնությունների իրավունքները: Բացի այդ՝ ԵՄ համաձայնագրում նաեւ կոնկրետ պահանջ կա ստեղծելու սեռական փոքրամասնությունների հարցով զբաղվող հատուկ մարմին կամ հանձնաժողով:
Իսկ այդ արդեն ծրագրի երկրորդ փուլում պետք է անցկացվի իրազեկում, այսինքն՝ սեռական փոքրամասնությունների նկատմամբ պետք է քարոզվի հանդուրժողականություն: Նկատենք, որ վերջինիս շուրջ աշխատանքներ վաղուց արդեն եղել են, եւ հաճախ կարող ենք Երեւանի փողոցներում կամ սոցիալական կայքերում այդպիսի թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ տեսնել։
Եթե հաշվի առնենք Հայաստանում սեռական փոքրամասնությունների նկատմամբ մերժողական վերաբերմունքը, միանգամայն պարզ է, թե կառավարության առաջարկով հանուն այդ 12 մլն եվրոյի ինչ բեռ պետք է կրի կառավարությունը եւ, այս դեպքում, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Դժվար չէ ենթադրել, թե այս նախագիծն ինչ աղմուկ կբարձրացնի, եթե ԱԺ նիստում այն քննարկվի. հավանաբար որեւէ մեկը չի մոռացել վերջերս խորհրդարանի ամբիոնից տրանսգենդերի ելույթին հաջորդած դիմադրությունը, բողոքի ցույցերը: Այսինքն՝ ուզենք, թե չուզենք, հայ հասարակությունն այս պահին պատրաստ չէ այս հարցում գնալու զիջումների:
2015 թվականին կառավարությունը կարողացավ խուսափել այդ օրենքի ընդունումից, սակայն այսքան տարի անց նույն սցենարի կրկնությունը բարդ կլինի։ Բարդ, բայց եւ միանգամայն հնարավոր: Պարզապես, այդ ամենի համար հարկավոր է քաղաքական կամք առաջին հերթին ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի մոտ, քաղաքական կամք հակադրվելու եվրոպացիներին, եթե ստիպեն այդ օրենքը ներկայացնել խորհրդարան: Նաեւ հարկավոր է քաղաքական կամք ցուցաբերի խորհրդարանական մեծամասնությունը, եթե ոչ բացահայտ մերժելու, ապա առնվազն այս նախագիծը քննարկելու, լրամշակելու նպատակով ետ ուղարկելու, ասել է, թե՝ կրկին դարակում պահելու համար:
Նաիրա Հովհաննիսյան