Սերժ Սարգսյանի եղբայրը` Լյովա Սարգսյանը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեմ դատական հայց է ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս գործը քննելու է Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջ` Գրիշա Հարությունյանի դուստրը` ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարութունյանը:
Լյովա Սարգսյանը, մայիսի 8-ին դիմելով դատարան, պահանջել է ստիպել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին անվավեր ճանաչել 2019 թվականի ապրիլի 9-ի որոշումը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը «նախազգուշացում» վարչական տույժ է նշանակել հանրապետության երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Լյովա Սարգսյանի նկատմամբ: Հայտարարագրերի էլեկտրոնային ռեեստրի տվյալների ուսումնասիրության արդյունքներով հանձնաժողովը պարզել է, որ Լյովա Սարգսյանի 2018թ. պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, փոխկապակցված անձանց հայտարարագրերը հանձնված եւ հրապարակված հայտարարագրերի ցանկում չկան, ուստի պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության:
Բայց այս գործում մեկ այլ հետաքրքիր հանգամանք կա. բանն այն է, որ Լ. Սարգսյանի հայցը քննելու է ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը: Այս դատավորը սովորական անձ չէ: Անի Հարությունյանի եւ Սերժ Սարգսյանի ընտանիքները բարեկամական կապի մեջ են: Դատավոր Անի Հարությունյանի հայրը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանն է: Գ. Հարությունյանը Հայաստանի պետական մարմիններում սկսել է աշխատել 1990-ական թվականների սկզբներին, երբ նշանակվել է հատուկ ծրագրերի վարչության ղեկավար: Սակայն շատ կարճ ժամանակ անց նրա ղեկավարած վարչությունում չարաշահումներ են հայտնաբերվել, որոշ կասկածներ կային, որ դրանց առնչվել էր նաեւ Գրիշա Հարությունյանը, ինչի պատճառով էլ նրան հեռացրել են աշխատանքից:
Դրանից հետո Գրիշա Հարությունյանը երկար ժամանակ անհետացել է հորիզոնից եւ ընդհատակում մնացել մինչեւ 1994 թվականը, երբ Սերժ Սարգսյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար: Հենց Սարգսյանի օրոք Գրիշա Հարությունյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության փոխնախարար: Գրիշա Հարությունյանը համակարգում էր բանակի տնտեսական հարցերը, սակայն ավելի ուշ այդ պաշտոնից եւս ազատեցին` չաարահումների հետ կապված: Տարիներ հետո, դարձյալ Սերժ Սարգսյանի միջնորդությամբ, վերադարձել է ու հայտնվել ոչ ավել ոչ պակաս ազգային անվտանգության փոխնախարարի պաշտոնում: Ավելին` բոլորին հայտնի է, որ Գրիշա եւ Միքայել Հարությունյանները ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռիներն են, իսկ Անի Հարությունյանը` նրա քեռու դուստրը:
Քնար Մանուկյան