Օրերս ԱԱԾ-ն բացահայտեց կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են եղել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության` Լոռու մարզի աշխատակիցները:
Ըստ ԱԱԾ-ի ձեռք բերած նախնական տվյալների` ՀՀ ԲՍՓ գործակալության Լոռու մարզի թիվ 1 հանձնաժողովի նախագահ Մ.Մ-ն եւ նույն հանձնաժողովի անդամները, քաղաքացիների օգտին այլ նախընտրելի որոշումներ կայացնելու դիմաց, 2018թ. դեկտեմբերից մինչեւ 2019 թվականի ապրիլը տասնյակ անձանցից պահանջել եւ ստացել են ընդհանուր առմամբ 645 հազար դրամ գումար` յուրաքանչյուրից 20-55 հազարական դրամ` որպես խոշոր չափերով կաշառք: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Մեղադրանք է առաջադրվել 1 անձի, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: «Ժողովուրդ» օրաթերթին վերոնշյալ գործից մանրամասներ էին հայտնի դարձել:
Մասնավորապես, մեղադրյալներից մեկը Լոռու մարզի թիվ 1 հանձնաժողովի նախագահ Մարզպետունի Մնացականյանն է, որը այդ պաշտոնը զբաղեցրել է ժամանակավոր: Այս գործով անցնում է եւս երկու հոգի՝ երկու կին:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` Մարզպետունի Մնացականյանը նախաքննական մարմնին ցուցմունք է տվել եւ հայտնել, որ ինքը նման բան արել է եւ զղջում է իր արածի համար: Ասել է թե` նա խոստովանել է իր մեղքը:
ArmLur.am-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Զարուհի Բաթոյանի հետ հասկանալու համար, թե ինչու են մշտապես մեղադրյալի աթոռին կանգնում «մանր ձները», իսկ «խոշոր ձկները» պատասխանատվության չեն ենթարկվում, եւ առհասարակ նախարարը պարզե՞լ է` միգուցե ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության աշխատակիցները, որ կաշառք են վերցնում, «տանիքներ» ունեն, որ համարձակ գնում են այդ քայլին:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան