Կյանքի 87-րդ տարում իր մահկանացուն է կնքել Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանը: Ինչպես ArmLur.am-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունից, Գյանջումյանը մահացել է մայիսի 14-ի առավոտյան:
Սուրեն Գյանջումյանը ծնվել է 1932 թվականի հունիսի 19-ին Թուրքմենստանում: Սովորել է Երևանի թիվ 2 արհեստագործական ուսումնարանում, հետագայում` Սանկտ Պետերբուրգի արհմիութենական բարձրագույն դպրոցում: Աշխատել է էլեկտրաճշգրիտ սարքերի գործարանում` որպես խառատ:
1957-ին կազմակերպել և ստեղծել է էլեկտրաճշգրիտ սարքերի գործարանի պարի համույթը, ստեղծել և ղեկավարել է առևտրի տան երգի և պարի մանկապատանեկան անսամբլները: Գյանջումյանը դասավանդել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում` որպես ռիթմիկայի, պլաստիկայի պարարվեստի դասախոս:
Նա 1967-1971 թվականներին ստեղծել և ղեկավարել է Երևանի Երկաթուղայինների մշակույթի կենտրոնի ժողովրդական պարի անսամբլը, 1965-ին` համաշխարհային և միջազգային փառատոների բազմակի դափնեկիր «Կանազ» ժողովրդական պարի համույթը: 1973 թվականին ստեղծել ղեկավարել է հանրապետական և միջազգային փառատոների դափնեկիր «Գարուն» մանկապատանեկան պարային համույթը:
Դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժության ամբիոնում:
Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության անդամ է: Բեմադրել է մի շարք պարային ստեղծագործություններ` «Բերդ», «Զմրուխտի», «Շորոր», «Ձախորդ որսորդներ», «Հայ քաջեր», «Շալախո», «Շատախի խաղ-պար», «Եղեգնաձորցիներ», «Օսեթական», «Մոլդովական», «Գնչուական», «Զուռնի-տրնգի», «Վրացական զույգ պար», «Նաիրյան աղջիկներ», «Էրեբունի» և այլն:
1984 թվականին Սուրեն Գյանջումյանն արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2004-ին` Երևանի պատվավոր քաղաքացու, 2007-ին` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:
ArmLur.am-ի և «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը ցավակցում է Գյանջումյանի հարազատներին և մերձավորներին: