Բրյուսելում Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված հանդիսավոր հավաքը երեկ շեղվել է նախատեսված ընթացքից՝ Ադրբեջանի պատճառով: Գագաթնաժողովի ավարտին Եվրամիության ու ծրագրի անդամ վեց երկրների արտգործնախարարներին այդպես էլ չի հաջողվել միասնական փաստաթուղթ ընդունել․ Բաքուն հրաժարվել է ստորագրել հռչակագիրը, քանի որ տեքստում որևէ հիշատակում չի եղել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին:
Ադրբեջանի արտգործնախարարն այսօր արդեն հաստատել է, որ Բրյուսելի առաջարկած ձևակերպումներն անընդունելի են եղել Բաքվի համար: Քիչ առաջ՝ Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովում, պատասխանելով հարցին, թե ինչու է հրաժարվել ստորագրումից, Էլմար Մամեդյարովն ասել է՝ հարցը պետք է ուղղել ոչ թե իրեն, այլ՝ Եվրամիությունում այժմ նախագահող երկրի՝ Ռումինիայի ներկայացուցիչներին:
«Մեզ՝ Ադրբեջանի պատվիրակությանն այդ փաստաթուղթը չէր բավարարում, քանի որ չէր ներառում այն սկզբունքները, որոնք ամրագրված են Հելսինկյան եզրափակիչ ակտում և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: Այդ իսկ պատճառով որոշում կայացվեց, որ հռչակագիրը կտարածվի միայն Եվրամիության արտաքին քաղաքականության գծով բարձրագույն հանձնակատարի անունից՝ առանց հղում անելու հավաքի մասնակիցներին», – հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, իր հերթին, այսօր ծավալուն հոդված է հրապարակել EUobserver պարբերականում` ընդգծելով՝ Երևանը բազմաթիվ ձեռքբերումներ ունի Եվրամիության հետ այս գործընկերային ծրագրից և շարունակելու է խորացնել հարաբերություններն ու կապերը եվրոպական ընտանիքի հետ:
Ընդ որում, Հայաստանի արտգործնախարարըն ընդգծել է, որ Երևանը ավելի մեծ աջակցություն է ակնկալում Բրյուսելից Հարավային Կովկասում խաղաղություն ու անվտանգություն հաստատելու հարցում:
«Օրինակ՝ տևական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման կենսական իրավունքին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման համար, քննություն է, թե որքանով են մեր դաշնակիցները հետևողական մեր տարածաշրջանում իրական խաղաղությանը աջակցելու և մեր ժողովուրդների՝ անվտանգության վերաբերյալ մտահոգությունները փարատելու հարցում», – գրել է Մնացականյանը՝ ընդգծելով, որ այս սկզբունքներն ու դիրքորոշումներն ամրագրված են Հայաստանի և Եվրամիության միջև 2017 թվականին ստորագրված համաձայնագրում: