Քոչարյանի գործով դատախազին ուղարկված միջնորդությունը Ռուբեն Մելիքյանն է «գրել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մայիսի 14-16-ը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կլինի Երեւանում: Նախատեսված է, որ տեղի կունենա Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահների հանդիպումը եւ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը:

Այս հանդիպումները այնքանով են հետաքրքիր, որ այս փուլում, կարելի է ասել, լարվել են ՀՀ եւ Արցախի իշխանությունների փոխհարաբերությունները, քանի որԼՂՀ ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը հեքնանքով է խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների մասին, իսկ,մյուսկողմից էլ, ԼՂՀ նախկին եւ ներկա նախագահը միջնորդում են, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը լինի ազատության մեջ:

Երեկ էլ Լեռնային Ղարաբաղի ներկա եւ նախկին ղեկավարներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորագիր են ներկայացրել դատարան` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ: Երաշխավորագիրը դատարան են ներկայացրել Քոչարյանի պաշտպանները: Ի դեպ, մեր տեղեկություններով Արկադի Ղուկասյանը, հնարավոր է, այսօր ներկայանա դատարան` պնդելով իրենց միջնորդությունը` Քոչարյանին ազատ արձակելու հետ կապված:

Հավելենք, որ ավելի վաղ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել էին Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով, որըմերժվել էր:

Ի դեպ, Արցախում տեղեկություններ են շրջանառվում, որ ԼՂՀ նախկին ՄԻ պաշտպան Ռուբեն Մելիքյանն է դատախազին ուղարկված միջնորդությունը «գրել»: Սակայն վերջինս մեզ հետ զրույցում հայտարարեց, որ այդ տեղեկությունները բացարձակ իրականությանը չեն համապատասխանում: Առաջիկայում Քոչարյանի հարցով դատարան է գալու եւ երաշխավորությունը ներկայացնելու Արկադի Ղուկասյանը: Ինչ վերաբերում է Բակո Սահակյանին, նրա խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, թե դեռ չի կարող որեւէ բան հայտնել:

Իսկ ինչ վերաբերում է Արցախի ԱԺ պատվիրակության այցին, ապա առաջիկա օրերին պարզ կլինի, թե ինչ կքննարկեն երկու խորհրդարանների ներկայացուցիչները,ուինչ արդյունք կտան նրանց հանդիպումները:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս